HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների հայտարարությունը

«7-ի գործը» լուսաբանող մի խումբ լրագրողներ հանդես են եկել հայտարարությամբ. 2008 թվականի դեկտեմբերի 19-ին Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում հատուկ կահավորված նիստերի դահլիճում մեկնարկած "Յոթի գործով" դատավարության առաջին նիստի ընթացքում նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դատավարության բոլոր կողմերի համաձայնությամբ, որոշում ընդունեց որեւէ կերպ չսահմանափակել ԶԼՄ ներկայացուցիչների գործունեությունը` կապված դատական նիստի լուսաբանման հետ եւ գտնվել դատարանի դահլիճում, կատարել ձայնագրություններ, տեսագրություններ ու լուսանկարել:

Սակայն հաջորդած բոլոր երեք դատական նիստերին դատական կարգադրիչները արգելեցին լրագրողներին մտնել դահլիճ` նախ պատճառաբանելով, թե դատարանի դահլիճում տեղ չկա, ապա` մատնացույց արեցին լրագրողների համար դատարանի շենքի երկրորդ հարկում հատկացված աշխատանքային սենյակը, որտեղ տեղադրված մոնիտորների միջոցով լրագրողներին առաջարկվում էր հետեւել դատավարության ընթացքին: Լրագրողների այն պնդումները, թե տեղադրված մոնիտորերից անհնար է լուսանկարել, տեսագրել, եւ բացի այդ հասկանալ դահլիճում տիրող մթնոլորտը, մնում են անպատասխան: Բանն այն է, որ դահլիճից հնչող արձագանքները մոնիտորը չի փոխանցում, իսկ փոխանցվող ձայնն էլ հեռարձակվում է խոտանով, ինչը անպիտան է հատկապես հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների օգտագործման համար: Այս պայմաններում անհնար է դառնում հասարակությանը դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք պատկեր ներկայացնելը: Արդյունքում` դեկտեմբերի 23-ից սկսած, երբ դատական նիստերը ընթանում են անգամ կիսով չափ դատարկ դահլիճում, լրագրողները, միեւնույնն է, փաստացի մուտք չունեն դատական նիստերի դահլիճ եւ զրկված են դատավարությունը բազմակողմանիորեն լուսաբանելու բոլոր հնարավորություններից: Ավելին, անհրաժեշտության դեպքում լրագրողները պատրաստ են դահլիճում գտնվելիս նաեւ ոտքի վրա հետեւել դատական նիստի ընթացքին: Իսկ հունվարի 9-ին որոշ լրագրողների թույլ տրվեց մտնել դատական նիստերի դահլիճ, բայց չաշխատելու պայմանով` առանց ձայանագրիչների եւ ֆոտոխցիկների, որպես ՀՀ շարքային քաղաքացիների: Մեր տարակուսանքն ու վրդովմունքն է առաջացնում հատկապես այն փաստը, որ ԶԼՄ-ների աշխատանքային կարգի վերաբերյալ դատավոր Մարտիրոսյանի վերոհիշյալ եւ միակ որոշումը չեղյալ չի հայտարարվել, ԶԼՄ-ների ներկյացուցիչների համար աշխատանքային նոր կարգ, որպես այդպիսին, չի սահմանվել, սակայն լրագրողները շարունակում են զրկված մնալ դատարանի դահլիճից ռեպորտաժներ պատրաստելու իրենց իրավունքից: Ստեղծված իրավիճակը մենք գնահատում ենք որպես` լրատվամիջոցների ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտելու եւ ուղղորդելու փորձ, որով խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, "Զանգվածային լրատվության մասին" օրենքը: Սույնով դիմում ենք պատկան մարմիններին` ապահովել դատավարությունը լուսաբանող լրագրողների օրենքով սահմանված եւ բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները, նաեւ հասարակության` դատավարության ընթացքի վերաբերյալ լիարժեք եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու իրավունքը: «Յոթի» գործով դատավարությունը լուսաբանող լրագրողներ Թագուհի Թովմասյան` «Չորրորդ իշխանություն» Գոհար Վեզիրյան` «Չորրորդ իշխանություն» Նաիրա Մամիկոնյան` «Առավոտ» Վահագն Հովակիմյան` «Հայկական ժամանակ» Գայանե Առուստամյան` «Տարեգիր» , «Ժամանակ» Վիկտորիա Աբրահամյան` «Ա1+» Սերգեյ Սարվազյան` «Ա1+» Սեւակ Գրիգորյան` «Ա1+» Գագիկ Շամշյան` «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» ֆոտոլրագրող Քրիստինե Աղալարյան` «Հետք» Հայտարարությունը բաց է եւ այն կարող են ստորագրել նաեւ մյուս ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter