HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Բազմաչարչար ջրագիծը կառուցվել է, սակայն հողերը չեն ջրվում

2006 թ. ԻՖԱԴ կազմակերպության 2.9 միլիոն դոլար ֆինանսավորմամբ սկսվեց Կարմիր գյուղ-Ոսկեպար-Բաղանիս-Ոսկեվան-Կոթի 27 կմ ինքնահոս ջրագծի կառուցումը: Նոյեմբերյանի սարերից Ոսկեպար գետի վերին հոսանքից սկիզբ առնող ջրագիծը պետք է ոռոգի սահմանամերձ Կոթի, Ոսկեպար, Բաղանիս եւ Ոսկեվան գյուղերի հողերը: Ի սկզբանե ջրատարը  նախատեսված էր գործարկվել 2008 թ. հուլիսին:  Դրա շահագործումը հետաձգվեց 3 տարի:

Շինարարությունը սկզբում իրականացնում են  էին  3 կազմակերպություններ` «Գրիար» ընկերությունը` Գրիգորի Հարությունյանի ղեկավարությամբ, «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ն (ղեկավար՝ Սուրիկ Պողոսյան) եւ Հակոբ Հակոբյանի (ով հանրությանն առավել հայտնի է «Ճոյտ» մականունով) կողմից ղեկավարվող շինարարական կազմակերպությունը: Կազմակերպության կողմից  շինարարության մրցույթը շահելուց հետո Հակոբ Հակոբյանը  բավական ուշ սկսեց զբաղվել սույն ջրատարով: Մեր տվյալներով` նա  պայմանավորվածություն էր ձեռք բերել «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի  հետ, որպեսզի վերջինս կառուցի նաեւ իրենց տրված հատվածը: Ջրագծի շինարարության ժամանակ հարկ եղավ փոխել  նախագիծը:

Շինարարութան ընթացքում հարուցվեց քրեական գործ` առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու, խարդախություն, յուրացում կատարելու և պաշտոնեական անփութության դեպքի առթիվ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, ուսումնասիրելով գյուղատնտեսության նախարարությունից ստացված «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի գրության հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել է, որ «Անելիք բանկ» ՍՊԸ «Կենտրոնական» մասնաճյուղի կառավարիչ Հ. Աղաբաբյանը 2006 թ. հունիսի 12-ին կազմել և  «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ  պատասխանատու աշխատակիցներին է հանձնել 171.209 ԱՄՆ դոլարի կանխավճարի և 68.484 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ: Նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոհիշյալ բանկային երաշխիքների հիման վրա վերջիններս, գյուղատնտեսության նախարարության «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի վերլուծության և կառավարման գրասենյակ» պետական հիմնարկի և «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ  միջև 2006 թ. հունիսի 14-ին կնքված «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքների հողերի ոռոգում» RAEDP/LCB/ CW-2006/005/3 Can (3-րդ փուլ) կապալի պայմանագրով նախատեսված ոռոգման ջրագծի կառուցման 684.828 ԱՄՆ դոլարի աշխատանքներն իրականացնելու համար «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկից ստանալով 649.831 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումար, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2007 թ. փետրվարի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել են փաստացի չկատարված 15.006 ԱՄՆ դոլարի աշխատանքներ և հափշտակել են պետության առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցները։ Միևնույն ժամանակ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ աշխատակիցները, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել են իրենց վստահված գումարներից 37.759 ԱՄՆ դոլարին համարժեք 16.300.603 դրամ:

Բացի այդ, «Հայխնայբանկ» ՓԲԸ «Մասիսի» մասնաճյուղի կառավարիչ Ա. Հայրապետյանը 2006 թ. օգոստոսի 23-ին կազմել և «Էջմիածնի ջրշին» ՍՊԸ տնօրեն Ջ. Գրիգորյանին է հանձնել 191.668 ԱՄՆ դոլարի կանխավճարի և 95.834 ԱՄՆ դոլարի կատարման բանկային երաշխիքներ, իսկ 2007 թ. փետրվարի 6-ին` 60.000.000 դրամի կատարման երաշխիք: Դրանց հիման վրա վերջինս «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկի և «Էջմիածնի ջրշին» ՍՊԸ  միջև 2006 թ. սեպտեմբերի 12-ին կնքված «Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան և Կոթի համայնքների հողերի ոռոգում» RAEDP/LCB/ CW-2006/005/2 Can (2-րդ փուլ) կապալի պայմանագրով նախատեսված 958.310 ԱՄՆ դոլարի ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» պետական հիմնարկից ստանալով 934.346 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, կատարել և ներկայացրել է 593.493 ԱՄՆ դոլարի կատարողական ակտ: Ջ. Գրիգորյանը, պայմանագրով նախատեսված աշխատանքներն ավարտին չհասցնելով, յուրացրել է իրեն վստահված գումարներից 340.853 ԱՄՆ դոլարին համարժեք 121.522.717 դրամ:

Դեպքի առթիվ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ընթացքում ինքնահոս ոռոգման ջրագծի շինարարությունում ներգրավեցին նոր կազմակերպոթյուններ, ջրագիծը թեեւ ուշացումով, սակայն արդեն կառուցված է: Ծրագրով սահմանամերձ Ոսկեպարում, Ոսկեվանում, Բաղանիսում, Կոթիում նախատեսված է ընդհանուր առմամբ 1100 հա-ի ոռոգում: Ոսկեպարի գյուղապետ Հրուշ Աղբալյանն ասաց, որ ծրագրով նախատեսված էր գյուղի դիմացի  300 հա հողերի ոռոգում, սակայն ներկայումս ընդհանրապես ոռոգում չի կատարվում: Ջրագծի խողովակաշարի երկայնքով, դաշտերում 6 տեղ ջրթող փականներ են տեղադրվել, սակայն ոչ մի տեղ  ոռոգման ներքին ցանց գոյություն չունի: Գյուղապետի խոսքերով` ջրագծի կառուցման  ժամանակ խոսվել է գյուղի տնամերձ հողերի մի մասի` 10 հա-ի ոռոգման մասին: Սակայն ջրատարից պետք է դեպի տնամերձեր ճյուղավորում կառուցվի, ինչը հնարավոր է իրականացնել նոր ծրագրի միջոցով: 

Ոսկեվանի գյուղապետ  Սերյոժա Ալեքսանյանի խոսքերով` նորակառույց ջրագծով ներկայումս Ոսկեվանի դաշտերում  ոռոգվում է միայն 10 հա ծխախոտի ցանքատարածություն: Ջուրը գյուղի մի հատված է հասել, սակայն Ոսկեվանում ներքին ցանց կառուցելու խնդիր կա: Բաղանիսի գյուղապետ Ստեփան Սահակյանը վկայեց, որ  ինքնահոս ջրագծով նախատեսված էր  ոռոգվել գյուղի «Մեծ հողեր», «Թրահողեր», «Սնձնկուտ» տեղամասերի շուրջ 100 հա տարածք: Սակայն այդ տարածքները գտնվում են ադրբեջանական կրակակետերի դեմ-դիմաց: Բաղանիսցիները չեն համարձակվի իրենց կյանքը վտանգելով` այդ հողերը ոռոգել:  Ս. Սահակյանի խոսքերով` ճիշտ կլիներ, որ նորակառույց ջրատարից մոտ 1 կմ ճյուղավորում կառուցվեր, եւ ոռոգելի դառնար գյուղի 11 հա խաղողի այգիները:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի վկայությամբ` նախատեսված է, որ այս ջրագծով գյուղի տնամերձ 200 հա-ը պետք է ոռոգվի: Սակայն դրա համար դեռ հարկ է ջրագիծը հասցնել գյուղ: Առայժմ այն ձգվում է  Կոթիի  դաշտերով, որտեղ  ոռոգման ներքին ցանց գոյություն ունի հատվածաբար: Գյուղի ներսում  ներքին ցանց կա, սակայն այն  հին է, մաշված:

Միով բանիվ` ոռոգման ինքնահոս ջրագիծը կառուցված է, առաջիկայում կկատարվի դրա հանդիսավոր բացումը: Սակայն  ներքին ցանցի բացակայության պատճառով ջուրը գյուղացու համար շարունակում է անհույս երազ մնալ, ինչպես անցած 20 տարում: Ոռոգման ինքնահոս  ջրագծի   ծրագրի հեղինակները  ի՞նչ վերջնարդյունք  են նախատեսել եւ ջրագծի գործարկման առիթով ի՞նչ են զեկուցելու: Մինչդեռ այս ջրատարը ռազմավարական նշանակություն ունի Նոյեմբերյանի սահմանագոտու համար:                         

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter