ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին ընդառաջ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը այսօր «Հայացք» ակումբում կանխատեսեց, թե ինչպիսի՞ն կարող է լինել ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանը, եւ ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ Հայաստանի համար:
Մինչեւ մոնիտորինգի նիստը, ըստ Ս. Սաֆարյանի, շատերի համար նման կոշտ վերաբերմունքը սպասելի չէր. «Քանի որ եվրոպական կառույցները կարծեք թե մի կողմ էին դրել 1609 եւ 1620 բանաձեւերում ամրագրված բոլոր պարտավարությունների կատարման հարցերը եւ միայն երկու պահանջ ներկայացրել` քաղբանտարկյալների ազատումը, մարտի 1-ին տեղի ունեցած ոճրագործության լիարժեք բացահայտումը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը»: Ստեփան Սաֆարյանը հնարավոր զարգացումների 3 տարբերակ է կանխատեսում: Սակայն տարբերակներից առաջինը ավելի հավանական էր դեկտեմբերին. «Կարծում էի՝ Ամանորի նախաշեմին Հայաստանի իշխանությունները համաներում կհայտարարեն եւ այդ կերպ հնարավոր կլիներ ժամանակավոր խուսափել պատժամիջոցի կիռարումից` ժամանակ շահելով մարտի 1-ի իրադարձության պատկերը վերականգնելու համար: Համաներում տեղի չունեցավ, ինչի մասին իշխանական ներկայացուցիչները բազմիցս հայտարեցին. «Համաներման մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, երբ դատավարությունները ավարտված լինեն»»: Ս. Սաֆարյանի կանխատեսած երկրորդ հնարավոր տարբերակը ենթադրում է, որ իշխանությունները ոչինչ չեն անում, այլ փորձում են տարբեր երկրների խորհրդարանականների հետ «աշխատանք տանել» եւ պատժամիջոցների վտանգը չեզոքացնել. «Այս պարագայում, միեւնույն է, մնալու են Հայաստանի քաղաքական համակարգի համար անբարենպաստ ձեւակերպումները, նույնիսկ հետագայի համար էլ բացասական կլինի, քանի որ եվրոպական հանրությունը գոնե մի բանում անզիջում կգտնվի` քաղբանտարկյալներ եզրի օգտագործումն է Հայաստանի պարագայում»: Ըստ բանախոսի` Հայաստանի իշխանությունները այլեւս իրավունք չեն ունենա խոսել ժողովրդավարության մասին: Պատգամավորը համոզված է, որ Հայաստանին կզրկեն ձայնի իրավունքից եւ հնարավորություն կընձեռեն վերադառնալ եվրոպական ընտանիք, երբ լիովին կատարի բանաձեւերի նախագծերը: Ս. Սաֆարյանի ենթադրյալ երրորդ սցենարը նախատեսում է «աշխատանք» դիվանագետների, ԵԽԽՎ-ի պատգամավորների հետ, որպեսզի պատժամիջոցներ չկիրառվեն: Ըստ պատգամավորի՝ ամենահավանական տարբերակը երկրորդն է, իսկ ամենաանհավանականը` երրորդը: Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկվելը Հայաստանի համար կունենա անդառնալի հետեւանքներ ոչ միայն քաղաքական աջակցության առումով, այլեւ` տնտեսական: Բանախոսը կարծում է նաեւ, որ բացասական ելքի դեպքում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտության ընթացքը ոչ հայանպաստ կլինեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել