«7 գործ»-ով մեղադրյալները կոչ են անում չմասնակցել վաղվա դատական նիստին
«7»-ի գործով մեղադրյալներ Ալեքսանդր Արզումանյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը կոչ են արել իրենց հարազատներին, համախոհներին` հունվարի 9-ի դատավարության օրը լինել դատարանի շենքի մոտ, սակայն չմտնել դահլիճ:
«Վարչախումբը կանգնած է այն իրողության առջեւ, որ համաժողովրդական բողոք առաջացրած ու միջազգային հնչեղություն ստացած մեր դատավարությունը վերածվելու է դատավարության հենց իր դեմ` բացահայտելով իշխող ավազակախմբի ու նրա պարագլուխների գործած ապօրինությունների ու հանցանքների ողջ համապատկերը: Այդ հեռանկարից խուսափելու համար է, որ դեկտեմբերի 27-ին նշանակված դատավարության ընթացքում դատարանի դահլիճում ծրագրվել էր նենգ սադրանք` դահլիճում խառնաշփոթ ստեղծելով, փակ դատավարության անցկացման որոշում կայացնել: Միայն նախօրյակին Հայ ազգային կոնգրեսի տարածած կոչի եւ ձեր` դատարանի դահլիճ չմտնելու շնորհիվ խափանվեց պլանավորած սադրանքը»,- ասված է հայտարարության մեջ: Քաղբանտարկյալները կոչ են անում նույնն անել նաև դատավարության հաջորդ նիստերին, «այնքան ժամանակ, քանի դեռ վարչախումբը կշարունակի սափրագլուխների խմբեր ու իշխանական կուսակցություններին իջեցված քվոտաներով ու ցուցակներով սադրիչներ ուղարկել դատարան»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել