Բարեփոխումներ ավիացիայի ոլորտում
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել «Փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգին»: Նշվել է, թե այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Այս մասին հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` փոքր ավիացիայի զարգացումը հնարավորություն կտա արդյունավետ եւ ժամանակի մեծ խնայողությամբ կազմակերպել անհրաժեշտ բազմաբնույթ օդային փոխադրումներ, գյուղատնտեսական, վթարափրկարարական, օդային պարեկի եւ դիտարկումների, հետազոտական, քարտեզագրման եւ այլ աշխատանքներ, կազմակերպել անձնական օգտագործման օդանավերի շահագործում։ «Արդյունքում կապահովվի նաեւ մարզերի դինամիկ կապվածությունն ու տնտեսական ինտեգրումը։ Փոքր ավիացիայի զարգացումը մեծապես կարող է խթանել նաեւ զբոսաշրջության ոլորտի արդյունավետ եւ շահութաբեր գործունեությունը եւս»,- նշված է կառավարության կայքէջում։ Գործադիրը հավանություն է տվել նաեւ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որը պետք է ներկայացվի ԱԺ։ Իսկ մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրինագծին։ Դրանով առաջարկվում է կարգավորել ավիացիոն պատահարների եւ միջադեպերի դեպքում ուղեւորների, ուղեբեռների, օդանավի անձնակազմերի եւ երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման սահմանաչափերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել