Տիգրան Սարգսյան. «Հիասթափեցնելու իրավունք չունենք»
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Շնորհավորելով նիստի մասնակիցներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` վարչապետ Սարգսյանն անդրադարձել է ընթացիկ տարվա անելիքներին.
«2009 թ. մեզ համար կարեւոր տարի է լինելու, եւ չափազանց կարեւոր է, որ հենց առաջին կառավարության նիստից աշխատանքային տրամադրությունը գերիշխի, ու մենք անմիջապես անցնենք 2009 թ. մեր ծրագրերի իրականացմանը։ Առաջին հերթին պետք է լսենք 2008 թ. հաշվետվությունները։ Գիտեք` այդպիսի ավանդույթ կա կառավարությունում։ Բոլոր գերատեսչությունները ըստ հաստատված ձեւի պետք է պատրաստեն իրենց 2008 թ. գործունեության հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունները նաեւ պետք է հրապարակվեն։ Դրանցում պետք է արձանագրվեն այն ձեռքբերումները, որոնք եղել են եւ այն բացթողումնեը, որոնք առկա են ձեր ոլորտներում, ինչպես նաեւ` դրանց պատճառները։ Կառավարության հաջորդ նիստին մենք, ձեզ հետ միասին, պետք է հաստատենք կառավարության 2009 թ. միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները։ Հաստատված ձեւով պետք է նաեւ գերատեսչությունների, նախարարությունների կողմից ներկայացվեն 2009 թվականի ծրագրերը։ Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ ձեզ ասել, որ բազմաթիվ հանդիպումներից իմ ընդհանուր տպավորությունը, որ տեղի ունեցան Նոր տարվա միջոցառումների ընթացքում, այդ թվում եւ առաջին հերթին` գործարարների հետ հանդիպումների ժամանակ, այն է, որ մեր կառավարությունից սպասումները շատ մեծ են։ Մենք, ձեզ հետ միասին, պարտավոր ենք արդարացնել դրանք, ընդ որում` այդ սպասումները մեծ են ոչ միայն ձեռներեցների, ոչ միայն մեր քաղաքացիների մոտ, այլ նաեւ արտերկրում, Սփյուռքում։ Եվ մենք իրավունք չունենք հիասթափեցնելու մեր քաղաքացիներին ու մեր հայրենակիցներին։ Բիզնեսի ոլորտում ամենամեծ անելիքը մենք ունենք` ձեռներեցները պահանջում են հավասար, թափանցիկ պայմանների ապահովում եւ առաջին հերթին մատնանշում են խոշոր բիզնեսը` որ պետությանը չի հաջողվում խոշոր բիզնեսը բերել հարկային դաշտ ու ապահովել հավասար մրցակցային պայմաններ։ Այդ տեսակետից 2009 թ. լինելու է արմատական փոփոխությունների տարի, ինչը մատնանշված է նաեւ մեր հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման միջոցառումների ծրագրով, որն արժանացել է ՀՀ նախագահի հավանությանը։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հարկային եւ մաքսային վարչարարության բարելավման համար մեկ թիրախը` խոշոր բիզնեսն է, եւ խոշոր բիզնեսը պետք է աշխատի թափանցիկ ու վերահսկելի։ Դրա համար մենք ներդնելու ենք նոր խաղի կանոններ, որպեսզի հանրությունը վստահի եւ հավատա մեր կառավարությանը։ Ազգային Ժողովն արդեն հաստատել է միջազգային ստանդարտների մասին մեր կողմից ներկայացված կարեւորագույն օրենսդրական փոփոխությունները, այն է` խոշոր բիզնեսը 2009թ. իր գործունեության արդյունքները պետք է իր աուդիտի հավաստմամբ տպագրի մամուլում։ Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսին նաեւ հասարակությունն է վերահսկելու։ Բնականաբար, դա նաեւ բարենպաստ պայմաններ է ստեղծելու կառավարության գործունեության համար։ Մենք, ձեզ հետ միասին, մոտակա երկու շաբաթների ընթացքում աշխատելով ծրագրերի վրա, պետք է փորձենք հնարավորինս հստակեցնել ակնկալվող արդյունքները, որպեսզի դրանք լինեն չափելի։ Եթե այդպիսիք չլինեն, մենք չենք կարող գնահատել նախարարությունների եւ գերատեսչությունների աշխատանքների արդյունավետությունը։ Եվ երկրորդը` չափազանց կարեւոր է, որ մեր հիմնական ծրագրի շրջանակներում ցույց տանք, թե 2009թ. որքանով է մեզ հասցնելու մեր նախընտրական ծրագրային թիրախներին։ Սա պետք է հստակ հասկանալի լինի, որպեսզի այն խոստումները, որ տվել են ե՛ւ հանրապետության նախագահը, ե՛ւ կոալիցիա կազմող քաղաքական ուժերը, հասանելի լինեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել