HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Սուրեն Աբրահամյան. «Անամոթությունը դարձել է իշխանությունների հիմնական այցեքարտը»

Այսօր Հայելի ակումբում մարտի 1-ի իրադարձությունների հանրային հանձնաժողովի համակարգող, Հանրապետություն կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը անդրադարձավ մարտի 1-ի հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությանը, թե Հայաստանում բանտարկված ընդդիմության լիդերներն ու ակտիվիստները ընդդիմության ձեռքին են քաղաքական պատանդ, այլ ոչ թե իշխանության: Այս հայտարարությունը լցրեց Ս. Աբրահամյանի համբերության բաժակը. «Անամոթությունը դարձել է իշխանությունների հիմնական այցեքարտը, իսկ սուտը եւ կեղծիքը բոլոր որոշումների եւ դատավճիռների հիմական հիմքը»:

Քաղաքական գործիչների այն պնդումները, թե մարտի 1-ի դատավարություններից հետո կտան իրենց գնահատականը` կա արդյոք Հայաստանում քաղբանտարկյալ, թե ոչ, Ս. Աբրահամյանը որակում է որպես վախկոտություն եւ սրիկայություն. «Որովհետեւ այսքան դատավարություններից հետո կարող ենք ասել, որ բոլորն էլ քաղաքական ենթատեքստ ունեն, իսկ 7-ի գործի դատավարությունը դրա տրամաբանական շարունակությունն է` իշխանությունների կողմից կազմված սցենարով»: Որպես քաղաքացի, դատավարություններին հետեւելով, Ս. Աբրահամյանը հետեւյալ տպավորությունը ունի. «Գագիկ Ջհանգիրյանը իր եղբոր հետ միասին անհավասար պայքարի մեջ է մտել 30-40 զինված հատուկ գրոհայինների հետ, նրանց բերման ենթարկել 6-րդ գլխավոր վարչություն, եւ այդքանից հետո համարձակություն է ունեցել 2 հոգու հրել»: Ըստ Ս. Աբրահամյանի` իշխանությունները մեկ մարդու նպատակային դատելու համար ամբողջ ոստիկանական համակարգը զրոյական արժեքի են դարձնում. «Այս աբսուրդի թատրոնին այսօր ոչ մեկը չի հավատում»:

Սուրեն Աբրահամյանը լրագրողներին խնդրել է անպայման նշել, որ ինքը շնորհավորում է բոլոր քաղբանտարկյալների Նոր տարին: Ս. Աբրահամյանը գտնում է, որ մարտի 1-ի հետեւանքներն այդքան ողբերգական չէին լինի, եթե չգումարվեր ուժային կառույցների պրոֆեսիոնալ անգրագիտությունը: Պաստառի միջոցով բանախոսը ներկայացրեց ձեռքի բեկորային նռնակները` Ֆ1, ՌԳ 42 եւ ՌԳԴ 5, որոնք նշվում են ընդդիմության դեմ հարուցված քրեական գործում: Ս. Աբրահամյանը վստահեցրեց, որ իրենց ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու են մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրության փաստահավաք խմբին: Ֆ1 նռնակն ունի սպանիչ 200 մետր շառավիղ, ՌԳ 42 նռնակի նետման հեռավորությունը 30 մետր է, իսկ ցուցարարները չէին կարող այդ հեռավորությունից նռնակը նետել, քանի որ, ըստ ներկայացված տեսանյութի, ցուցարարները պայթյունի վայրից գտնվել են 150 մետր հեռավորության վրա, ՌԳԴ 5 նռնակն էլ ունի 40 մետր շառավիղ,որը եւս բացառում է ցուցարարների կողմից դրա օգտագործումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter