Ամանորին տղան սպանեց մորը
Շիրակի մարզի ոստիկանության հաղորդման համաձայն` հունվարի 3-ին, ժամը 24.00-ի սահմաններում, Գյումրիի Թբիլիսյան խճուղի 159 ա շենքի 47 բնակարանի բնակիչ Սամվել Էլոյանը հատակ մաքրող փայտով սպանել է 70-ամյա մորը: Պատճառը եղել է այն, որ նա ցանկացել է հոգեբուժարանից իրենց բնակարան տեղափոխել հարսնացուին` Մելանյա Ավետիսյանին, որին էլ դեմ է եղել մայրը` Էմմա Էլոյանը:
Վիճաբանության ընթացքում որդին հատակը մաքրող փայտով այնքան է հարվածել մոր գլխին, որ փշրվել է նրա գանգը: Այնուհետ մոր դիակը տեղափոխել է մուտք` վրան փայտե խաչ դնելով ու տան գույքով ծածկելով: Ըստ ոստիկանության տվյալների` Սամվել Էլոյանը նախկինում կալանավորվել է տարբեր հանցագործությունների` բռնաբարության, դանակահարության համար, սակայն որպես հիվանդ երեք անգամ անմեղսունակ է ճանաչվել ու տեղափոխվել հոգեբուժարան, որտեղ էլ ծանոթանալով Մելանյայի հետ` որոշել է համատեղ կյանքը շարունակել նրա հետ: Ի դեպ, Մելանյա Ավետիսյանը, ով Շիրակի մարզի հանգուցյալ դատախազ Սևակ Ավետիսյանի դուստրն է, ևս կալանավորված է եղել Մայիսյան գյուղի բնակիչներից մեկի աչքը հանելու համար, սակայն դարձյալ անմեղսունակ է ճանաչվել` տեղափոխվելով հոգեբուժարան: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 142 հոդվածի 1-ին մասով: Մենք Շիրակի մարզի հոգեբուժարանից հետաքրքրվեցինք, թե ինչու են ազատ արձակել նման հիվանդին: Մեզ տեղեկացրեցին, որ Սամվել Էլոյանի գլխավոր պրոբլեմը եղել է հարբեցողությունը, իսկ հոգեբուժարանից դուրս է գրվել, քանի որ գտնվել է հոգեպես նորմալ, գիտակից վիճակում, նույնիսկ շնորհակալություն է հայտնել հոգեբուժարանի բուժանձնակազմին` խոստանալով այլևս չխմել ու նորմալ կյանքի անցնել: "Միգուցե դեղերը տանը չի խմել, այդ պատճառով էլ անկանխատեսելի վիճակում է հայտնվել, բավական է երեք-չորս օր դեղերը չօգտագործի, ու այդպիսի վիճակ կստեղծվի, թեև այս անգամ մենք մորից որևէ ահազանգ չենք ստացել, սովորաբար երբ որ նա տուն էր գնում ու դեղերը չէր խմում, մայրն անմիջապես մեզ զանգում էր",- հայտնեցին հոգբուժարանից: Մենք տեղեկացանք, որ հոգեբուժարանից դատաբժշկական փորձաքննության արդյունքում դուրս է գրվել նաև Մելանյա Ավետիսյանը, ով յոթ ամիս հոգբուժարանում գտնվելով` հավասարակշռված հիվանդ է եղել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել