HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շուշան Ստեփանյան

Ինչպես է սպանվել ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանը

ՀՀ դատախազության կողմից ներկայացված ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներն այսօր Հայելի ակումբում մարտի 1-ի իրադարձությունների հանրային հանձնաժողովի համակարգող, Հանրապետություն կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը իրական հանգամանքները կոծկելու փորձ որակեց:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին դատախազությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է, որ Համլետ Թադեւոսյանի դիակից եւ կոշիկից հայտնաբերվել են, ըստ փորձաքննության եզրակացության` գործարանային արտադրության մարտական նռնակի համար նախատեսված ՈւԶՌԳՄ տեսակի պայթուցիչի բեկորներ: Դատախազությունը նաեւ պնդել է, որ Հ. Թադեւոսյանը մահացել է ցուցարարների կողմից օգտագործած նռնակի պայթյունի հետեւանքով:

Սուրեն Աբրահմյանը մատնանշում է, որ փորձագետը ընդամենը թեականորեն է նշել ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչի բեկորների առկայության մասին. « Քրեական գործում առկա` ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության 25.04.08 թիվ 735 եզրակացությունում չկա որեւէ պնդում այն մասին , որ Հ. Թադեւոսյանի դիակից եւ կոշիկից հայտնաբերված «ծռմռված, դեֆորմացված, անկանոն ձեւի» բեկորներից երկուսը հանդիսանում են ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչի ականոցի վերին հատվածի մասեր: Նշվում է, որ դրանք հավանաբար ՈՒԶՌԳՄ տեսակի պայթուցիչի բեկորներն են»:

Ըստ մարտի 1-ի իրադարձությունների հանրային հանձնաժողովի` փորձաքննությունը կատարվել է թերի, քանի որ չի պարզվել բեկորների քիմիական բաղադրությունը` թե ինչ մետաղից են դրանք:

Ըստ փորձագետների եզրակացության` մարտական նռնակը պայթել է Հ. Թադեւոյանի ոտքերի առջեւ, ինչը, ըստ Ս.Աբրահամյանի, նոր հարցեր է առաջ քաշում, քանի որ մարտական նռնակի պայթյունից առաջացող շուրջ հազար բեկորները ունեն 25-30 մետր խոցման-ոչնչացման շառավիղի ազդեցություն, ուրեմն պետք է պարզել, թե որքան զինծառայող է ստացել մարմնական վնասվածք եւ ինչ կարգի, որը բացակայում է:

Ըստ քրեական գործի տվյալների` Հ. Թադեւոյանի դիակի վրա առկա մի քանի տասնյակի հասնող վնասվածքներում ոչ մի բեկոր չի հայտնաբերվել: Քրեական գործում բացակայում են բժիշկների հարցաքննությունը:

Նաեւ, ըստ քր. գործի տվյալների, Հ. Թադեւոսյանի հագին եղած ձմեռային բաճկոնի վրա առկա մի քանի տասնյակի հասնող վնասվածքներում նույնպես չկա նշում բեկորների առկայության մասին, բացակայում է ձախ կոշիկի մեջ մխրճված երկրորդ բեկորի փորձաքննությունը, իսկ դեպքի վայրի քրեական գործով կատարված զննությամբ չեն հայտնաբերվել մարտական նռնակի պայթյունին բնորոշ հետքեր, ոչ էլ բեկորներ: Ըստ մարտի 1-ի իրադարձությունների հանրային հանձնաժողովի` փորձաքննություն չի արվել Հ. Թադեւոսյանի ձեռքերի եւ հագուստի վրայի մրի բաղադրությունը պարզելու համար, նաեւ` վնասվածքների շրջանում այրվածքների հետքերը պարզելու համար: Այս փաստերը մարտի 1-ի իրադարձությունների հանրային հանձնաժողովին թույլ են տալիս հետեւյալ եզրակացությունը անել. «Դատախազության պնդումները այն մասին, որ Հ. Թադեւոսյանը մահացել է իբր ցուցարարների կողմից մարտական նռնակ գործադրելու պատճառով, հիմնավորված չեն գործում առկա նյութերում, հերքվում են նաեւ դատախազության պնդումները ցուցարարների կողմից մարտական նռնակների օգտագործման մասին, որոնք իբր բերվել են Վրաստանից: Դատախազության պնդումների անհամապատասխանությունը մարտի 1-ի դեպքերի քննության կապակցությամբ հարուցված քրեական գործի ձեռք բերված ապացույցներին, ինչպես նաեւ Հ. Թադեւոսյանի մարմնում եւ հագուստի վրա եղած վնասվածքների բեկորների առեղծվածային անհետացումը թույլ են տալիս եզրակացնել, որ դատախազության եւ քննչական խմբի կողմից իրականացվել են հանցագործության պարտակմանն ուղղված գործողություններ»:

Իսկ թե ինչպես է սպանվել Հ. Թադեւոսյանը, Ս. Աբրահամյանը միայն կարող է ենթադրել. «Իրենց կողմից հատուկ միջոցների ոչ ճիշտ օգտագործման հետեւանքով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter