HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երբ չկա կամք եւ վստահություն, նշանակում են հանրաքվե

Իգոր Մուրադյան

Ռուսաստանյան ղեկավարությունն իր «ղարաբաղյան նախագծի» կապակցությամբ բախվեց անսպասելի խոչընդոտի եւ որոշեց Ղարաբաղը որպես էթնիկ հայկական տարածք ոչնչացնելու իր ձգտմանը դադար տալ: «Կերոսինշչիկներն» ու «գազավիկները», ովքեր կառավարում են Ռուսաստանը, հասկացան, որ այդ խնդիրը գրոհով չեն լուծի: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ղեկավարները հայտնվեցին ավելի տհաճ ու անհեթեթ իրավիճակում, քան իրենց մոսկովյան գործընկերները: Այս իրավիճակը բացահայտեց, որ հայկական ղեկավարությունը լիովին չի տիրապետում իրավիճակին: Այդ պատճառով էլ թիվ մեկ խնդիր դարձավ բոլորին եւ իրենք իրենց ապացուցելը, որ տիրապետում են իրավիճակին. ընդունեցին անհասկանալի օրենք հեշտացված կարգով հանրաքվե անցկացնելու մասին:

Գլխավոր հանրաքվեն աշխարհում տեղի ունեցավ 2000 տարի առաջ, երբ Պոնտացի Պիղատոսը «լվաց ձեռքերը» եւ ամբոխին հանձնեց խղճի ու բարոյականության հարցերի լուծումը: Ամբոխն ընտրեց հանցագործին, որովհետեւ հանցագործն արտահայտում էր նրա շահերը եւ նման էր իրեն: Դա սարսափելի զգուշացում էր մարդկանց եւ ժողովուրդներին: Իսլամում կան կոլեգիալության սկզբունքներ` ռիդան եւ իջմ, որ նշանակում են ոչ թե որոշումներ ընդունելու ժողովրդի իրավունք, այլ` ընտրյալների իրավունք: Ճակատագրական խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելը սրբազան գործողություն է, եւ այն լեգիտիմ է լինում, եթե հասարակությունն ընդունակ է ընդունել մարտահրավերները: Ծայրահեղ սրբապղծության ճահճում խեղդվող մեր հասարակությանը որեւէ քաղաքական խնդիրներ լուծելու իրավունք տալը կանխահայտ հանցագործություն է: Հայկական հասարակությունը քիչ թե շատ ընդունակ է ընկալել գաղափարներ, եթե դրանք ստամոքս լցնելու եւ հանգիստ ապրելու հույս են տալիս: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որն ընդունակ չէ որոշում կայացնել ղարաբաղյան խնդրով, փորձում է ապահովել կապիտուլյացիայի «լեգիտիմությունն» այսպես կոչված հանրաքվեի միջոցով: Հայաստանում բնակչության մեծ մասը գտնվում է տնտեսական, ծառայողական եւ խմբակային կախվածության պայմաններում, եւ ի վիճակի չէ ընտրությունների ժամանակ արտահայտել սեփական կարծիքը: Երկրում մեծ քանակ է կազմում բացարձակ անգրագետ կամ կիսագրագետ մարդկանց թիվը, որոնք նույնիսկ ի վիճակի չեն հասկանալ, թե ինչի համար պետք է տան իրենց ձայնը: Նույնիսկ քիչ թե շատ կրթված մարդիկ իրենց չեն պահում այնպես, ինչպես հարիր է երկրի քաղաքացիներին, այլ նախընտրում են ենթարկվել նրանց, ումից կախված են: Հայաստանում տարածված է քծնանքի պրակտիկան, երբ բոլոր մակարդակների վարչակազմերի աշխատակիցներն իրենց պահում են որպես անլեզու կենդանիներ` պատրաստ կատարելու ղեկավարության ցանկացած ցանկություն: Բնակչության զգալի մասը ենթակա է բացահայտ քրեական հոգեբանության, բացարձակապես դա չգիտակցելով, արդեն չխոսելով պրոֆեսիոնալ քրեական շրջանակների մասին, որոնք ինչ որ չափով «կիսում» են իշխանությունը պաշտոնական իշխանությունների հետ: Հայաստանում, ըստ էության, բացակայում է քաղաքական դասը, իսկ քաղաքական կուսակցություններն առանց բացառության վերածվել են հակահասարակական խմբավորումների կամ էլ հետապնդում են զուտ էգոիստական նպատակներ: Քաղաքական կուսակցություններն այն աստիճան անգործունակ են, որ նույնիսկ ի վիճակի չեն կատարել իրենց վրա դրված հիմնական գործառույթները` իրականացնել իշխանության եւ առավել հարուստ մարդկանց ու խմբերի սերվիսը: Ընդդիմադիր կուսակցություններն ու շրջանակները, որ նախընտրում են բողոքական վարքը, հենց միայն այն բանին են սպասում, որ իշխանությունները ստորագրեն կապիտուլյացիան: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուսալի սոցիալական բազա է ստեղծված Հայաստանի իշխանության ցանկացած պահանջ կատարելու համար: Այս սոցիալ-պատմական իրավիճակում հանրաքվե անցկացնելը ոչ այլ ինչ է, քան քաղաքական հանցագործություն: Պետք չէ մոռանալ, որ բավական երկար ժամանակ Հայաստանում իշխում էին հակաղարաբաղյան տրամադրություններ, ատելություն հենց այդ անվան հանդեպ: Իսկ խորհրդարանի վերջին ընտրությանը 628 հազար «քաղաքացի» քվեարկեց Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելու օգտին: Այս պաշտոնական թվին պետք է ավելացնել եւս նվազագույնը մեկ միլիոն: Իրականում այդպիսիները Հայաստանում ավելի քան մեկեւկես միլիոն են: Որ իրավունքով վերջնականապես բարոյալքված մարդիկ, որ բացարձակապես չունեն հայրենասիրության, պատասխանատվության զգացում, որ ամեն օր հանցանք են գործում, իրենցից քաղաքական դասալիքներ ներկայացնողները պետք է լուծեն մեր հայրենիքի ճակատագիրը: Արդյոք ժողովրդավարության իրավունքով: Բոլոր յուրայիններին շնորհավորում ենք Նոր տարվա կապակցությամբ: Կճեղքենք: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter