Սյունիքի մարզկենտրոնի եկեղեցին առանց կնքահոր
Կապանի Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հունվարի 6-ին` Սուրբ Ծննդի օրը կնքահայր չունեցավ: Ինչպես Հետքի թղթակցին տեղեկացրեց Կապանի ու Քաջարանի հոգեւոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը, կնքահայր գտնելու իր բոլոր փորձերն ապարդյուն անցան: «Անուններ չեմ ուզում տալ, բայց համարյա բոլոր գործարարներին դիմել եմ, մերժել եմ: Սիրուն բան չէ, տեսաք, որ խաչը ջրի մեջ ընկղմող չեղավ, ինչ արած, մարդիկ պիտի ուզենան, իսկ չեն ըմբռնում, որ քավոր կանգնել ինքնին երջանկություն է, Աստված բացում է բոլոր դռները քավորի առաջ»,-ասում է վարդապետը` գտնելով, որ «կապանցիներն այդպես էլ մոտ չկանգնեցին հավատքին»:
Պարսկաստանից ներգաղթած 75-ամյա Ավետիս Ծատրյանը մի տարի եղել է Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու քավոր ու ափսոսում է, որ այս տարի «Կապանի հավատքի տունը խաչ-քավոր չունեցավ»: «Գիտեք Պարսկաստանում հայերը ամիսներ առաջ մոտենում էին հոգեւոր հովվին, հերթագրվում` խաչ-քավոր դառնալու համար: Նույնիսկ եկեղեցուն նվիրատվություն էին տալիս»,-հիշում է պ-ն Ավետիսը: «Հիսուսին մկրտեց Հովհաննես Մկրտիչը, ուրեմն խաչ-քավորի պաշտոնը պատվաբեր է: Ես կարծում եմ, որ Գալուստ վարդապետ Դարբինյանը այստեղ իր մեղքի բաժինն ունի: Նա վանեց կապանցիներին եկեղեցուց, թող ներեն ինձ, բայց ճշմարտությունը դա է: Նախկին հոգեւոր հովվի` Տեր Սահակի օրոք այսպես չէր (Տեր Սահակը այժմ Նորավանքի հոգեւոր հովիվն է-խմբ.կողմից)»,-ասում է մեր զրուցակիցը` ավելացնելով, որ եթե իրեն ասեին, անպայման կստանձներ քավորի պարտականությունը: Սակայն ըստ Գալուստ վարդապետի, նպատակահարմար չէ որ մեկ հոգի երկրորդ անգամ քավոր լինի: Նշենք, նաեւ, որ անցած տարվա քավորը Կապանի ներկայիս քաղաքապետ Արտուր Աթայանն էր, ով ներկա չէր տոնական պատարագին: Նկատենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, ոչ մի պաշտոնյա չմասնակցեց արարողությանը: Չնայած պաշտոնատար անձանց բացակայությանը, Սրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին հունվարի 6-ին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Ավելացնենք, որ Կապանի տարածաշրջանի գործող այլ եկեղեցիները ունեցան իրենց կնքահայրերը. Գեղանուշի Սրբ Հռիփսիմե եկեղեցին` իրավապաշտպան Արշավիր Խալափյանը, Ճակատենինը` գործարար Գագիկ Ղահրամանյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել