Պետական կառույցները կտեղափոխվեն Շուշի
2009-ին կսկսվեն անցած տարվա ընթացքում կայացրած մի շարք որոշումների կատարման գործնական քայլերը, որոնք ուղղված են Ղարաբաղի մի շարք պետական կառույցներ Շուշի քաղաք տեղափոխելուն:
Գործընթացն իրականացնելու համար պետք է ստեղծել համապատասխան պայմաններ, որոնք, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի խոսքերով, նախատեսված են 2009թ. պետական կապիտալ շինարարության ծրագրով: Նախնական որոշմամբ, Շուշի կտեղափոխվեն Գերագույն, Վերաքննիչ դատարանները, Կադաստրի պետական կոմիտեն, Հայաստանի ագրարային համալսարանի մասնաճյուղը, որն ունենալու է նաեւ հանրակացարան: Վարչապետը հույս ունի, որ մայր բուհի հետ սերտ համագործակցության արդյունքում Ղարաբաղում առկա կադրային վակուումը կլրացվի այդ բարձրագույն հաստատության շրջանավարտների հաշվին:
Շուշի է նախատեսվում տեղափոխել նաեւ ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Այն շենքը, որտեղ նախատեսվել է տեղակայել նախարարությունը, պետք է վերանորոգեր «Շուշիի վերածնունդ» հիմնադրամը, սակայն, ինչպես տեղեկացրեց վարչապետը, «տանիքը քանդել են ու թողել այդպես»: «Ստիպված պետք է լինենք այդ աշխատանքները նույնպես մենք իրականացնել: Պետական բյուջեի շրջանակներում առաջիկա 1-2 տարվա ընթացքում կատարվելիք վերանորոգումներից եւ համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո մենք կանցնենք տեղափոխելուն»,-ավելացրել է նա:
Արա Հարությունյանը միաժամանակ տեղեկացրել է, որ «բավականին հետաքրքիր գաղափար կա Շուշիի ռեալական դպրոցի հետ կապված», որը վերանորոգելուց հետո նախատեսվում է դարձնել ժամանակակից թանգարան, պատկերասրահ` ցուցահանդեսների կազմակերպման համար համապատասխան պայմաններով: 2009-ին կպատվիրվեն նախագծանախահաշվային փաստաթղթերը, այնուհետեւ կսկսվեն աշխատանքները, որոնց իրականացման համար վարչապետն ակնկալում է սփյուռքահայ բարերաների եւ մեր հանրության աջակցությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել