Բաց նամակ
Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլահ Գյուլին ուղղված բաց նամակը ստորագրած Հայաստանի հարգելի մտավորականներ.
Քանի որ ձեր «բաց նամակ»-ի բովանդակությունը համազգային է՝ հայ ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության վերաբերյալ, ուստի յուրաքանչյուր գիտակից հայ, կրելով տառապանքի իր բաժինը, ունի նաև իրավունք պահանջատիրության, բողոքի, քննադատության, և նաև հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին մասնակցելու պարտականություն:
Օգտվելով սփյուռքահայի իմ իրավունքներից, ցանկանում եմ իմ տեսակետները հայտնել Թուրքիայի Հանրապետության նախագահին ուղղած «բաց նամակ»-ի կապակցությամբ:
1. Արևմտյան Հայաստանը առաջին հերթին Սփյուռքով մեկ սփռված՝ ցեղասպանության ենթարկված արևմտահայության շառավիղների հայրենիքն է, ուստի հարցի ցանկացած լուծում, քննարկում, առաջարկություն առանց սփյուռքի գիտակից հայության կարծիքը հաշվի առնելու, անընդունելի է:
2. Ըստ իս «Բաց նամակ»-ը պետք է ուղղված լիներ ոչ թե Թուրքիայի Հանրապետության նախագահին (որն այս օրերին զտարյուն թուրք լինելու պրոբլեմ ունի), այլ Թուրքիայի Հանրապետության մտավորականությանը, մարդկանց, ովքեր փորձում են ազատագրվել շովինիզմից ու փանթուրքիզմից և կոչված են կարծիք ստեղծելու ու երկրի պարզ զանգվածների գիտակցությանը հասցնելու հայոց դեմ կատարված ցեղասպանության իրողությունը, դրանով իսկ ժողովրդավարություն ապահովելու իրենց երկրում:
3. Հրանտ Դինքը իր եղերական մահով հայ ժողովրդին ու հայ մտավորականությանը փաստեց, որ մեծ եղեռնի հետ կապված հարցերի հանգուցալուծումը կարող է կատարվել ժողովրդավարական Թուրքիայի պայմաններում: Հ.Դինքը բազմիցս շեշտեց. Թուրքիայի պարզ քաղաքացին մերժում է հայոց դեմ կատարված ցեղասպանության փաստը զուտ այն պատճառով, որ նա այդ մասին անտեղյակ է:
Ելնելով մեծ նահատակի պատգամներից` ձեր նամակի հասցեատերերը պետք է լինեին թուրք ժողովուրդը և ձեր գործընկերները՝ Թուրքիայի մտավորականությունը: Աբդուլահ Գյուլը Թուրքիայի Հանրապետության նախագահն է և իր երկրի շահերի պաշտպանը: Նա անշեղորեն հետևում է փանթուրքիստական ազգայնական գաղափարախոսությանը:
4. «Բաց նամակ»-ի մեջ դուք օգտագործել եք երկու շատ կարևոր բառեր՝ «ճանաչում», «պահանջատիրություն»: Եթե ցեղասպանության ճանաչմանը հետևելու են պահանջները, փոխհատուցումը Արևմտահայության զանգվածային բնաջնջման, Արևմտյան Հայաստանի տարածքի, այո, ամեն ինչ ասված է, իսկ եթե լոկ ցեղասպանության փաստի ճանաչումը նկատի ունեք, ապա մեղմ ասած, վիրավորական է հայ ժողովրդի համար:
Հնարավոր է` Թուրքիան մի հարմար առիթով, մի դիպլոմատիկ հայտարարություն կատարի, օրինակ. հայերը իրավացի են, մենք էլ ցավում ենք կատարվածի համար, բայց հայերը առնելիք չունեն: Այս դեպքում միլիոնավոր հայեր Սփյուռքում, նաև Հայաստանում, ձեզ հետ համաձայն լինել չեն կարող:
5. «Բաց նամակ»- ում հորդորում եք Թուրքիայի Հանրապետության նախագահին և ակնկալիքով գրում եք. «Կարծում ենք՝ սա (ցեղասպանության ճանաչումը)» առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից և բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին…»: Պարզվում է ձեզ խորապես մտահոգում է թուրքերի ոչ բաց ճակատ լինելու հանգամանքը:
Այստեղ ամենայն վճռականությամբ կուզեի խնդրել ձեզ և ձեր «բաց նամակ»-ին միացած Սփյուռքի շուրջ 40 մտավորականներին, որ քաղաքացիական արիություն ցուցաբերեիք և մի նամակ էլ ուղղեիք Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին` պահանջելով, որ վերջ տրվի մարդու իրավունքների ոտնահարումը երկրում, որ հայը ազատ ապրի իր հայրենիքում և օր առաջ ազատ արձակվեն այլախոհներն ու քաղբանտարկյալները, որ Հայաստանն էլ բաց ճակատով կանգնի մյուս պետությունների կողքին:
6. Անհասկանալի է ձեր ցուցաբերած աճապարանքի հանգամանքը («ստորագրահավաքը կազմակերպվել է մեկ շաբաթվա ընթացքում»): Ինչո՞ւ կարևոր չհամարեցիք հարցնելու Սփյուռքի կարծիքը, երբ Հայաստանում ամեն օր հոլովվում է՝ մեկ ժողովուրդ, մեկ պատմություն, մեկ ճակատագիր կարգախոսերը, և ստեղծվում է Սփյուռքի նախարարություն:
Հարգանքներով՝
Մեծ եղեռնի 50-ամյակի Երևանի ցույցի մասնակից, Պոլիտեխնիկական ինստիտուտի սփյուռքահայ շրջանավարտ, Ստոքհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, դոկտոր Արամայիս Միրզախանյան
27. 12. 2008 թ., Ստոքհոլմ, Շվեդիա
Էլ.փոստ. [email protected] , Հեռ. +46 8 761 85 22
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել