Առաջին գծում դիրքային պատերազմ է գնում
ԼՂՀ Պաշտպանության բանակում դժբախտ պատահարների աճի մասին օրերս խոսվել է նաեւ երկրի ղեկավարների շրջանում: «Ինչով է պայմանավորված այդ պատահարների աճը» հարցին երեկ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Նրա փոխանցմամբ, աճը տեղի է ունեցել սպայական, ենթասպայական, պայմանագրային զինծառայողների մահերի հաշվին, իսկ դրանց պատճառը հիմնականում սրտային հիվանդություններն են: «Իսկ մյուս պատճառներից մեկը ձախ թեւում կատարված ռազմական գործողությունների արդյունքն է, որտեղ դիրքերը առաջ ենք տվել եւ որոշակի խնդիրներ ենք ունեցել, եւ առաջին գծում լարված իրավիճակը: Հակառակորդն այս տարի մոտ երկու անգամ ավելի շատ է կրակ բացել մեր դիրքերի ուղղությամբ, քան անցած տարի: Բայց ընդհանուր առմամբ բանակի բարոյահոգեբանական վիճակն առողջ է: Կրիմինալ արտակարգ պատահար առանձնապես չկա, որը բացահայտված չլիներ եւ մեղավորները տույժի ենթարկված չլինեին: Այս տարի ավելի քիչ զինծառայող ենք դատել, քան անցած տարի: Քիչ ենք նաեւ զորացրել հիվանդության կամ այլ պատճառներով»,-նշել է Մովսես Հակոբյանը:
Շփման գծում տիրող իրավիճակի մասին հարցին ի պատասխան նախարարը շեշտել է. «Առաջին գծում դիրքային պատերազմ է գնում, որեւէ հարաբերություններ եւ շփումներ չկան, եւ չեն էլ լինի: Այն զինծառայողները, որոնք մարտական հերթապահության են գնում, ունենում են մարտական խնդիր` պաշտպանել հատվածը եւ հակառակորդի հարձակում թույլ չտալ»:
Զինտեխնիկայի հագեցվածությանն անդրադառնալով, նա հավաստեց, որ պետության եւ բանակի ղեկավարությունը ջանք ու եռանդ չի խնայում` ՊԲ-ն նոր տեխնիկայով եւ սպառազինություններով ապահովելու համար: «Այդ ուղղությամբ մեծածավալ աշխատանք է տարվել այս տարի :Ռազմական տեխնիկայի եւ սպառազինության վիճակը եւ քանակը բավարարում են բանակի առջեւ դրված խնդիրը կատարելու համար` թե հակաօդային պաշտպանության, եւ թե զրահատեխնիկայի եւ հրաձգության ուղղությամբ»-ասաց նախարարը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել