«Արցախի ՀՆԱ-ն պետք է հավասարեցնել Հայաստանի մակարդակին»
ԼՂՀ խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ այսօր հավանություն է տվել ԼՂՀ 2009 թ. պետական բյուջեի նախագծին։ Իր ամփոփիչ ելույթում վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ գոհ է ԱԺ-ում կայացած բյուջեական քննարկումների արդյունքներից։ Այս մասին հայտնում է Արցախի կառավարության մամլո գրասենյակը:
«Թեպետ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2008թ. երկրորդ կեսին որոշ չափով աննպաստ իրավիճակ է ստեղծվել, առանց գլխավոր հարկատու «Բեյզ Մեթըլսի», մյուս սուբյեկտների մասով սեփական հարկային մուտքերն ավելացել են 50%-ով։ Հանրապետությունում ընդհանուր տնտեսական աճը կազմել է ավելի քան 14%: Այդ ցուցանիշը պետք է պահպանվի նաեւ 2009 թվականին»,- հայտարարել է վարչապետը։
Միաժամանակ ընդգծվել է, որ գալիք տարում պետք է էապես բարձրացնել ՀՆԱ-ն եւ այն հավասարեցնել Հայաստանի մակարդակին։ Ա.Հարությունյանը հայտնել է, որ վարչապետի գլխավորությամբ կստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի հակաճգնաժամային խնդիրներով։
Կառավարության ղեկավարի ներկայացմամբ՝ արդեն իսկ կատարվել են որոշակի քայլեր ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետեւանքները կանխելու եւ մեղմելու համար։ Այդ նպատակով, մասնավորապես, փոփոխություններ են կատարվել հարկային օրենսդրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել