Բարեմաղթանքներ և կանխատեսումներ
Այսօր Հայելի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ մի շարք մտավորական ու քաղաքական գործիչներ հակիրճ ամփոփեցին 2008թ-ը և կանխատեսումներ արեցին, թե ինչպիսին կլինի և ինպիսին կուզեին, որ լինի 2009թ-ը:
Լևոն Անանյան, Գրողների միության նախագահ
Ես կարծում եմ, որ 2009թ-ը պիտի լինի մեր երկրի համար դասեր քաղելու տարի. և ընդդիմությունը պիտի իր դասը քաղի ժողովրդի զգացումները ավելի շատ չշահարկելու առումով և իշխանությունը պիտի իր դասերը քաղի բուն ժողովրդի վրա հենվելով և հանրությունը պիտի հաղթահարի ներքին պառակտվածությունը: Բացի այդ մենք 2 ճգնաժամ ունենք հաղթահարելու` առաջինը տնտեսական ճգնաժամը և պետության խնդիրն է շատ ճիշտ ռազմավարություն մշակելով ավելի քիչ կորուստներով դուրս գալ այդ ճգնաժամից և երկրորդ ժգնաժամը մեր ժողովրդի բարոյահոգեբանական ժգնաժամն է: Մենք պետք է հասկանանք, որ ժողովորդը հոգնել է բացասական ճգնաժամից և միասնական լինելով համախմբվենք պետականության շուրջ ու մեր օջախների շուրջ ու նոր տարին դարձնենք նոր բարոյականության և նոր կենսակերպի տարի:
Կարինե Խոդիկյան, գրող
Ես 2008-ի հաղթանակը համարում են այն, որ կամաց- կամաց ժողովուրդ բառը զիջում է հասարակություն բառին, ժողովուրդն այն բառն է, որը, ցավոք, դառնում է կեղծ հայրենասերների ապաստարանը, հեշտ է խոսել ժողովրդի անունից, դժվար է տեսնել այն հասարակությունը, որ ձևավորվեց 2008թ-ին: Քանի-որ 21-րդ դարը քաղաքացիական հասարակության ժամանակաշրջանն է, ես շատ կցանկանայի, որ հասարակություն բառը դառնա բոլորի, այդ թվում իշխանությունների բառապաշարի բաղկացուցիչ մասը և 2009-ը լինի քաղաքացիական հասարակության տարի: Ես կուզենամ, որ մեր երկիր չունենա քաղբանտարկյալներ, որտեղ ձայնի իրավունք ունենա յուրաքանչյուր մարդ, որտեղ լիեն ազատ ընտրություններ և որպեսզի ամեն մարդ ապրի քաղաքացու արժանավայել զգացումով:
Սիլվա Յուզբաշյան
Չնայած մեկ տարով էլ ծերացավ մեր հողը, բայց ես կուզեի մեր ժողովրդի երիտասարդացումը, իսկ ժողովրդի երիտասարդացման գաղտնիքը խաղաղ կյանքի մեջ է: Ես կուզեի, որ հատկապես իմ հողում երբեք անմեղ մարդկային արյուն չհեղվեր ու Սարոյանի կենսափիլիսոփայությունը պատգամ լիներ մեզ համար՝ փնտրիր բարին ամենուրեք և թող նա լինի ազատ ու աներկյուղ, արթնացրու առաքինությունդ, քանի դեռ ապրում ես աշխարհի վրա չարիքներ մի ավելացրու, այլ ժպտա մարդկային կեցության և խնդության գաղտնիքի վրա:
Ռուզան Առաքելյան, ԱԺ պատգամավոր
Ես կուզեի, որ բոլորս մեր անձնական, կուսակցական նկրտումներից վերև կանգնեինք և մտածեինք պետականորեն: Եւ պետության ղեկավարները և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ամենից առաջ մտածել պետության մասին, եթե մենք մեզնով պայմանավորենք մեր հաջողությունները, դրանից նախ կտուժի մեր երկիրը, մենք նախ պետք է կարողանանք հայրենիքից երկիր ստեղծենք: Նոր տարվա կենացներում ինչ-որ ասում ենք, ըստ դրանց ապրենք. խոսում ենք բարոյականության մասին, բարոյական ապրենք, խոսում են արդարության մասին, արդար ապրենք, բարեմաղթում ենք երջանկություն, չխանգարենք մարդկանց երջանիկ լինել
Հովհաննես Իգիթյան, ՀՀՇ վարչության անդամ
Անարդար տարի էր և ավելորդ տարի էր: Ընդհանրապես իշխանավորն իրեն արքա է զգում, բայց այս տարին տարբերվում էր, այս տարի նա իր վրա Աստծո դերն էր վերցրել: Պատվիրանները` մի սպանիր, մի դատիր, վերցնում էր իր վրա ու դատում, զրկում էր կյանքից և ազատությունից: Ես ուզում եմ 2009 թ իշխանավորը մարդ լինի, մտավորականությունը մտավորականություն դառնա, խոպանչին իր ընտանիքի կողքին աշխատող դառնա: Այս երկու օրվա ընթացքում մեր իշխանավորները կշնորհավորեն մեր ժողովրդին, ես չունեմ այդ իրավունքը շնորհավորելու բոլորին: Ես ուզում եմ շնորհավորել այն մարդկանց, որոնք դուրս կմնան այդ շնորհավորհանքներից, որոնց պաշտոնյանները չեն շնորհավորի, քանի որ չեն համարում իրենց քաղաքացին, քանի որ իրենց ձայն չեն տվել:
Մենուա Հարությունյան, քաղաքական մեկնաբան
Ես ցանկանում եմ, որ ընդդիմությունը 2009թ շարունակի ակտիվ քննադատել իշխանություներին և հանրահավաքներ անի, իսկ իշխանությունները լսեն այդ քննադատությունները, քանի որ եթե չի լինում ընդդիմություն և չի լինում քննադատություն, կյանքը ցույց է տալիս, որ իշխանությունները շատ արագ լկտիանում են: 2009թ ուզում եմ, որ լինի ոչ թե հանդուրժողականության այլ քաղաքական հասունության տարի, որ իշխանությունը ոչ թե քննադատության համար կպատժի ընդդիմությանը, այլ կփորձի դրական բան վերցնել:
Արմեն Մարտիրոսյան, ԱԺ պատգամավոր
2008թ-ը շատ բացասական երանգներ ուներ, բայց դրական երանգ կար, որ մենք ունեցանք վերջապես քաղաքացու ձևավորման պրոցես, որ անկախ մարտի մեկի առավոտյան իրականացված ծեծուջարդից, երեկոյան 10 անմեղ զոհերի առկայությունից, շարունակեց պայքարը ու մինչ այսօր էլ շարունակում է, իսկ բացթողումն արդեն իսկ բանաձևեց Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովում: Ես ուզում եմ, որ ընդդիմությունը ոչ միայն քննադատող լինի, այլ կարողանա ընտրությունների միջոցով դառնա իշխանություն, դա ևս նրա ֆունկցիան է, նաև մխիթարություն եմ ցանկանում 10 զոհերի հարազատներին, համբերություն՝ քաղբանտարկյալներին և նրանց ընտանիքներին ու ցանկությամբ լի եմ, որ նրանք շատ շուտ իրար տեսնեն, ողջախոհություն ու պետական մտածողություն մեր իշխանավորներին, առանց որի մենք մեր հայրենիքը պետություն չենք կարող դարձնել: Թող այս տարին լինի բաց երկխոսության և իրական լուծումների առաջարկման տարի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել