HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարվա ամենամեծ ձեռքբերումը բնակարանաշինությունն է

Կարծում է Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը Երեկ 2008 թ.-ի աշխատանքները ամփոփող հաշվետվությամբ լրագրողների առջև հանդես եկավ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը: Ոլորտ առ ոլորտ խոսելով ծախսված գումարների մասին` նա տեղեկացրեց, որ կառավարության` բնակարանների գնման վկայագիր ծրագրի համար տրամադրած մեկ միլիարդ դրամ գումարի շնորհիվ լուծվել է շուրջ 150 ընտանիքների բնակարանային խնդիրը: Իսկ գյուղական բնակավայրերում անօթևանների համար կառուցել են 21 բնակարաններ: Զգալի աշխատանքներ են իրականացվել ճանապարահաշինական ոլորտում, մեկ միլարդ հինգ հարյուր միլիոն դրամի սահմաններում հիմնովին վերանորոգվել են այնպիսի ճանապարհներ, ինչպիսիք են, օրինակ, Կապս-Ամասիա, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Երևան տանող մայրուղու Ձորակապի հատվածը, որոնք երկար տարիներ հիմնահատակ քարուքանդ էին եղել: Վերանորոգվել են նաև 18 դպրոցներ, Աշոցքի շրջանի Մուսայելյան գյուղում էլ սկսել են դպրոց կառուցել: Մարզպետը Շիրակի մարզի համար տարվա ամենամեծ ձեռքբերումը համարեց կառավարության կողմից անօթևանների բնակարանաշինական ծրագրի հաստատումը: Նրա տեղեկացմամբ` 2009-ի համար հինգ միլիարդ չորս հարյուր միլիոն դրամ է նախատեսվել բնակարանաշինության համար: Որպես անավարտ գործեր մարզպետը մատնանշում է դպրոցներում դեռևս առկա դրամահավաքությունը, բժշկական ծառայություններում` կաշառքի գործոնը: "Վերցնենք բուժական հաստատությունները` "Անվճար" գրված է բոլոր տեղերում, բայց փողի գործոնը հո էլի կա",- խոստովանեց Լիդա Նանյանը: Մենք տիկին մարզպետից հետաքրքրվեցինք, թե կան, արդյոք, պաշտոնական դիրքը չարաշահած գյուղապետեր, որոնց գործերը հանձվել են դատախազությանը: Հիշեցնենք, որ նախորդ մարզպետ Ռոմիկ Մանուկյանը հաճախակի էր օգտվում իրավապահների ծառայություններից` գյուղապետերին տեղի-անտեղի հասցնելով դատախազություն: "Ես ասեմ, որ գյուղապետերի հետ շատ սերտ ենք աշխատում, այսինքն` մենք տեղեկացված ենք գյուղապետերի աշխատանքներին, և դատախազություն դիմելու հարց չկա: Եթե մարդկանց հետ համատեղ աշխատեք, ինչ կարիք կա, որ մենք դիմենք դատախազությանը: Յուրաքանչյուր շաբաթ մեր աշխատակիցները կապը պահպանում են համայնքապետերի հետ և' ֆինանսական, և' մյուս հարցերով: Ինչպես գիտեք, երբ ես ընդունեցի մարզպետարանը, հանրապետությունում ամենախոշոր աշխատավարձի պարտքերը մեր մարզում էր` մոտ ութ հարյուր միլիոն դրամ: Ես զարմացած էի, թե ոնց կարելի է այդպիսի ահռելի գումարների պարտք ունենալ, ընդ որում` այնպիսի տարածաշրջաններից, որոնք են Ամասիան, Աշոցքը, Անին: Այսինքն` փոքր տարածաշրջաններ, և այդպիսի խոշոր պարտքեր: Ինձ թվում է, որ թողտվություն է եղել: 2009 թ. բյուջեն ներկայացնելիս մենք ուշադրություն ենք դարձնում համայնքների եկամուտների հավաքա•րմանը, ծախսերի իրակացմանը, դոտացիայի ֆինանսավորմանը, և չարաշահումներ անելու հնարավորությունը, իմ կարծիքով, բացառվում է: Իսկ համայնքապետերի աշխատանքից իմ դժգոհությունն այն է, որ սեփական եկամուտների հավաքագրումը ցածր մակարդակի վրա է: Համեմատած նախկին տարիների` իհարկե բարձրացել է, բայց մենք գտնում ենք, որ եթե օրինակի համար պետական բյուջեն տասը դրամ պետք է ֆինանսավորի համայնքին, ուրեմն նա էլ պարտավոր է պետության համար նախատեսված երկու դրամը հավաքել, նոր պետությունից ակնկալել": Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե տարին ինչպիսին էր մեր երկրի համար, արդյոք մարզպետը համամիտ է միջազգային կառույցների այն գնահատականներին, որ այս տարում Հայաստանը կորցրեց իր միջազգային հեղինակությունը: "Եթե վերցնենք տնտեսության առումով, ուրեմն տարին նպաստավոր էր, նախատեսված բոլոր ծրագրերը իրականացվել են, և ոչ միայն մեր մարզում, այլ նաև ամբողջ հանրապետությունում: Միջազգային կառույցները երևի այլ չափանիշներով են նայում մեր երկրի 2008 թ. կատարած աշխատանքներին, գիտեք ինչ, միգուցե մենք դեռևս չենք հասել այն մակարդակին, այնպես անենք, որ նրանք մեզ ընդունեն որպես եվրոպական, որպես քաղաքակիրթ, որպես զարգացումը ավարտին հասցրած երկիր: Իհարկե, մենք շատ թերություններ, շատ բացթողումներ ունենք, այդ թվում և' ես, և' իմ աշխատակիցները` չնայած բոլոր կատարած աշխատանքներին, և դա կլինի": Ի դեպ, մարզպետը խուսափեց բալային սանդղակով գնահատել իր աշխատանքը` այդ ծանր գործը թողնելով ժողովրդին և լրագրողներին: Եվ քանի որ այն վստահեց մեզ, ասենք, որ մարզպետի այս տարվա ամենամեծ ձեռքբերումը համեմատաբար թափանցիկ աշխատելն ու անկախ լրատվամիջոցների նկատմամբ խտրական վերաբերմունքը վերացնելն էր: Հետքը մարզպետին նաև հարցրեց, թե ինչու են վաճառվել Սպիվակովի` երկրաշարժի 20-ամյակին նվիրված համերգի հրավիրատոմսերը: Թեև մարզպետարանի մշակույթի բաժնի նախկին պետը` մարզպետի ներկայիս խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը հրապարակավ հերքում է հրավիրատոմսերը տարբեր կոլեկտիվների, այդ թվում նաև դպրոցներին վաճառելու փաստը, այդուհանդերձ, ամբողջ Գյումրին է վկայում, որ հենց այդպես էլ եղել է: "Ես ուզում եմ Ձեզ նախապես ասել, որ մարզպետը նման հրավերի հետ բացարձակապես կապ չունի, և ընդհանարպես ո'չ մարզպետն է Սպիվակովին մարզ հրավիրել, ո'չ էլ իմ գիտությամբ է էստեղ համերգ իրականացվել, մենք ընդհանրապես նման միջոցառումները իրականացնում ենք մշակույթի նախարարությունում, մարզպետը կարող է խնդրի երկու տոմս, գնա համերգին մասնակցի, բայց պատկերացրեք, ինձ տոմս չի էլ հասել, տիկին նախարարից եմ երկու տոմս խնդրել, ինչ մնում է խոսակցություններին, շատ բան են խոսում, մարդը պետք է փաստ ունենա, օրինակ` նստածների մեջը եղել է մեկը, որ գնի",- հարցրեց մարզպետը: Ի պատասխան` լրագրողներից ոմանք տեղեկացրեցին, որ թեև իրենք չեն գնել, բայց լուրջ փաստեր ունեն: "Հնարավոր է գնած լինեն, բայց հո մարզպետից ու մարզպետարանից չեն գնել, ես նույնիսկ մշակույթի նախարարությունից խնդրել եմ վերջին պահին դռները բացել ու ամբողջ ժողովրդին թողնել գալու ու ունկնդրելու: Էնպես որ, ուզում եմ իմանաք, որ դա մարզպետարանի հետ բացարձակապես կապ չունի, առավել ևս մարզպետի, գիտեք, որ ես նման հարցերով չեմ զբաղվում, ինձ հարիր էլ չէ, բան ու գործը թողած` ես տոմսերի իրացմամբ պիտի զբաղվեմ: Ոչ մեկը չի կարող ասել, թե տիկին Նանյանից խնդրել է թեկուզ մի տոմս",- իր խորհրդականի փոխարեն արդարացավ Լիդա Նանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter