Իրարանցում Գյումրիի ծննդատանը
Գյումրիի մեր թղթակցի տեղեկացմամբ` օրերս պաշտոնակռիվ է սկսվել ծննդատան նորանշանակ տնօրեն Արմեն Իսահակյանի և նրա տեղակալ` նախկին տնօրեն Վարդան Սարգսյանի միջև: Նորանշանակ տնօրենը դժգոհում է, որ թեև Վարդան Սարգսյանը չի կարողացել հանձնել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը, ավելին` համաձայնել է մարզպետ Լիդա Նանյանի` ծննդատան փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջարկին, սակայն շարունակում է կոլեկտիվից թաքուն դատի տալ մարզպետին` պահանջելով իրեն նորից վերականգնել հին պաշտոնում:
Տեղեկացնենք, որ Լիդա Նանյանը նրան աշխատանքից ազատել էր ապրիլ ամսին` անօրինական համարելով նրա և նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի միջև կնքած պայմանագիրը: Ըստ կառավարության որոշման` տնօրենի պաշտոնի համար պետք է մրցույթ հայտարարվեր, սակայն Ռոմիկ Մանուկյանը անտեսել էր այս պահանջը` պաշտոնները բաշխելով ըստ իր հայեցողության:
Լիդա Նանյանն էլ ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանին մայրաքաղաք վերապատրաստման ուղարկելով` գաղտնի ազատել է նրան աշխատանքից: Վարդան Սարգսյանը, բնականաբար, դիմել է դատարան, սակայն վարչական դատարանը գործը երեք ամիս լսելուց հետո հայտնել է, որ այն պետք է քննվի ընդհանուր իրավասության դատարանում: Ընդհանուր իրավասության դատարանն էլ մերժել է նրա հայցը` պատճառաբանելով, որ ուշացած է:
Վարդան Սարգսյանը այս պահին ժամկետի հետ կապված մերժումը բողոքարկում է վերաքննիչ դատարանում, ինչն էլ զայրացնում է ինչպես նորանշանակ տնօրեն Արմեն Իսահակյանին, այնպես էլ կոլեկտիվին: Նրանց ասելով` ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, լինելով Վարդան Սարգսյանի բարեկամը, ինչպես նաև` վատ հարաբերությունների մեջ գտնվելով Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի հետ, ամեն ինչ անում է` դատարանի վրա ճնշումներ գործադրելու ու նախկին տնօրենին պաշտոնում վերականգնելու համար: Երեկ կոլեկտիվը ժողով էր հրավիրել եւ Վարդան Սարգսյանին հորդորել հրաժարվել հայցից, քանի որ ծննդատան հեղինակավոր գինեկելոգներն այլևս չեն պատրաստվում իր հետ աշխատել :
"Առաջ պիտի նայել, ոչ թե հետ, Արմենը հսկա նորամուծություններ է արել ծննդատանը, յոթ ամսվա մեջ ամբողջ ծննդատունը վերանորոգել է, բժիշկների աշխատավարձը բարձրացրել է` բացառելով կաշառքի գործոնը, իսկ ամենակարևորը` շատացրել է պացիենտների քանակը` լուրջ մրցակցության մեջ մտնելով Ախուրյանի անվանի ծննդատան հետ: Մենք չենք ուզում, որ ինչ-որ պատգամավոր մեր փոխարեն որոշի, թե ում հետ ենք աշխատում, պատգամավորը գոնե գաղափար ունի, որ եթե նախկին տնօրենը վերականգնվի, հեղինակավոր բժիշկները կլքեն ծննդատունը, եւ այն կփակվի; Թող պատգամավորն ամոթ անի, չմոռանա, որ վաղը մյուս օր նորից ծննդատուն է գալու ու մեզանից ձայն է հայցելու",- զայրացան կոլեկտիվի անդամները` տարբեր գերատեսչություններ Հովհաննես Մարգարյանի դեմ բողոք-նամակ ուղարկելով:
Արմեն Իսահակյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. "Եթե Վարդան Սարգսյանը ընդունել է մրցույթի արդյունքները, ընդունել է իրեն առաջարկված պաշտոնը, հենց էս պահին աշխատում է որպես տեղակալ, էն էլ ասեմ, որ էդ պատասխանատու պաշտոնի համար շատ քիչ մասնագիտական կարողություններ ունի, ապա ինչպես հասկանանք նորից բողոքելու ու դատ ու դատարաններն ընկնելու իմաստը: Ինչու է լարված պահում կոլեկտիվին, ինչու է փորձում քաղաքականացնել էս պաշտոնը, վերջը բժշկի մասնագիտությունն այնպիսին է, որ նյարդերդ պետք է հանգիստ լինեն: Նա անընդհատ ներկայացնում է, որ իր թիկունքին Հովհաննես Մարգարյանն է, միշտ տեսնում ենք, որ մեքենան կանգնում է "Օրինաց երկրի" գրասենյակում, ժամերով նստում է այնտեղ ու միշտ գալիս ասում է, որ կտեսնեք, մենք կհաղթենք, Հովհաննես Մարգարյանը ինձ խոսք է տվել, մարզպետին էլ կհանենք, բայց ես կվերականգնվեմ: Պատկերացրեք, ես երկու տարով եմ պայմանագիր կնքել մարզպետի հետ, բայց յոթ ամիսն անցավ, ես դեռ Վարդան Սարգսյանի սարքած ինտրիգների մեջ եմ, նա իր պաշտոնավարման տարիներին բազմաթիվ խախտումներ է թույլ տվել, բայց կոլեկտիվը ձայն չհանեց` մտածելով մարդ է, պաշտոնից հեռացրել են` իրա մուրը իրա գլուխը, բայց նա դրանից ավելի ոգևորվեց, մտածում է`ինքը էնքան անմեղ է, որ իրավունք ունի նորից պաշտոնում վերականգնվել, ինքը փակուղի էր տարել ծննդատունը` չկարողանալով Ախուրյանի ծննդատան հետ մրցակցել":
Մենք այս հարցի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք նաև նախկին տնօրեն Վարդան Սարգսյանից: Վերջինս նախևառաջ հայտնեց, որ ինքը ոչ թե պաշտոնակռիվ է տալիս, այլ իր ոտնահարված իրավունքներն է վերականգնում:
"Ինչ հանցանք եմ գործել, ում եմ վիրավորել, ես պաշտպանում եմ իմ իրավունքը, կամ ինչով եմ խանգարել ծննդօգնությանը, և հետո` էս պահին ես ոչ թե վիճարկում եմ ինձ աշխատանքից ազատելու փաստը, այլ իմ հայցը չընդունելու, ընդհանուր իրավասության դատարանը գտավ, որ ես ճիշտ ժամանակին չեմ դիմել դատարան, ուշացել եմ, ես էլ ժամկետի հետ կապված բողոքարկել եմ վերաքննիչ: Ես պաշտոնի կռիվ չեմ տալիս, այլ սա զուտ մարդկային արժանապատվության հարց է,վերջը ինձ դատարանը պիտի պատասխանի` ես ճիշտ, եմ, թե` չէ: Եթե ես անգամ վերականգնվեմ իմ պաշտոնում, մարզպետի հետ չեմ աշխատի, հասկանում եմ, որ նա ավելորդ քաշքշուկներ կստեղծի: Վերջը մի հոգի պիտի կռիվ տա անօրինականությունների դեմ, թե` ոչ: Ես չեմ ուզում լինել անմեղ զոհի կարգավիճակով, եթե ես էլ վճարունակ լինեի, իմ պաշտոնում կմնայի:
Հինգ տնօրենների գլխին սև-մութ ամպեր էին կուտակված, բայց չգիտես ինչու մյուս չորսի`Ռոմիկ Մանուկյանի հետ կնքած պայմանագրերը օրինական համարվեցին, միայն իմը անօրինական ճանաչվեց: Եթե ես էնքան լծակ ունենայի, որ կարողանայի ազդել դատարանի վրա, էնպես կանեի, որ հայցս չմերժվեր: Ինչու են շահարկում Հովհաննես Մարգարյանի անունը, ես նաև Աշոտ Աղաբաբյանին եմ դիմել, Գալուստ Սահակյանին, նրանք իմ կուսակից ընկերներն են: Իսկ ինձ տված պաշտոնը ձևական է, իրավական հիմք չունի, դուք արդեն տեսաք, որ ես նստում եմ բժիշկների սենյակում, որևէ լծակ չունեմ: Սրանով փորձեցին իմ բերանը փակել: Եվ հետո ինչու են հիմա մտքներն ընկել մարզպետարանի հանձնաժողովի կողմից իմ մոտ կատարված ստուգումների արդյուքները, ինչու են այս ամենը շահարկում",- ասաց Վարդան Սարգսյանը:
Իսկ մարզպետարանի ստուգումների արդյունքում տասնվեց խախտումներ են հայտնաբերվել Վարդան Սարգսյանի ղեկավարած հիմնարկում, ավելին` հենց դա էլ պատճառ է դարձել նրան աշխատանքից ազատելու համար: Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ Վարդան Սարգսյանը հարևան Վրաստանի` Ախալքալաքից եկած ծննդկանների իրական հասցեն փոխելով` ծննդաբերական անկետաներում ձևակերպել է որպես Հայաստանի քաղաքացիներ`այսպիսով բյուջե չմուտքագրելով արտերկյա քաղաքացիներից օրենքով պահանջվող պարտադիր գումարը: Ծննդատան ընդունարանում ապրօինաբար երեք հազարական դրամ է գանձվել հղիներից, բաժանմունքների հաշվետվություններում ծախսը չի երևացել և այլն:
Այս փաստերը այս պահին ուսումնասիրվում են Շիրակի մարզի դատախազությունում: Տեղեկացնենք, որ մենք ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանից ևս հետաքրքվեցինք, թե ինչ կապ ունի ինքը այս գործի հետ: "Իմ անունը շահարկվում է, ես որևէ կապ չունեմ այս գործի հետ, սա ակնհայտ զրպարտանք է իմ հասցեին, և նա, ով ինձ կզրպարտի, ես պատրաստ եմ պատիվ պահանջել",-փոխանցեց պատգամավորը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել