HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

“Յոթի” դատավարությունը հետաձգվեց մինչև 2009թ.-ի հունվարի 9-ը

Այսօր Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր «Յոթի գործի» դատավարությունը: Սակայն այն ավարտվեց դեռ չսկսված: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հիմք ընդունելով մեղադրյալների ոտքի չկանգնելը և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, դատավարությունը հետաձգեց մինչև 2009թ.-ի հուվարի 9-ը: Հիշեցնենք, որ «Յոթի գործի» դատավարության շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը: Ի դեպ, այսօր լրագրողներին կրկին թույլ չտրվեց դատավարությանը հետևել դահլիճից: Փոխարենը նրանց համար երկրորդ հարկում հեռուստացույցով առանձին սենյակ էր հատկացված: Դատավորի որոշումը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց մեղադրյալների շրջանակում, և լրագրողներին լսելի դարձավ նրանց բողոքները: Մյասնիկ Մալխասյանը մեղադրյալների աթոռից լրագրողներին հազիվ լսելի ձայնով առաջարկում էր ոչ իրենց, ոչ իրենց հարազատներին, ոչ լրագրողներին, ոչ փաստաբաններին անհարմար դրության մեջ չդնելու համար դիմել նախագահի աթոռը զբաղեցնողին, որպեսզի վերջինս հրամանագիր ստորագրի, թե ի վերջո քանի տարի է իրենց տրվելու ու միանգամից դատապարտի, եւ "ոչ մեր երկիրը դատապարտի միջազգային հանրության, եւ ոչ էլ մեր ժողովրդի առաջ": Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ ինքը ոչ մի դեպքում ոտքի չի կանգնելու, եթե նույնիսկ դատավորը 800 անգամ հետաձգի դատավարությունը, և որ դրանով ինքն արտահայտում է իր դիրքորոշումը: "Քանի որ, ԵԽԽՎ պահանջն է ազատ արձակել քաղբանտարկյալներին, մենք պահանջում ենք անհապաղ կատարել ԵԽԽՎ-ի պահանջները: Մենք անօրինական ենք համարում այս դատավարությունը եւ ոտքի չենք կանգնելու: Դատավորն, այսօր գործը վարույթ ընդունելով, վիրավորում է ոչ միայն մեզ, հասարակությանը, այլեւ զոհվածների հարազատներին եւ արդարադատությանը",-ասում էր Մյասնիկ Մալխասյանը: Լրագրողների դահլիճ չթողնելու փաստը ևս մեղադրյալները շեշտեցին, թե ինչի հիման վրա դատավորը թույլ չի տալիս լրագրողներին ներկա գտնվել դատաքննությանը և լուսաբանել նիստը հենց դահլիճից: Դատավարությունից հետո Մարդու իրավունքների պաշտպանը "Յոթի" փաստաբան Հովիկ Արսենյանից ճշտում էր, թե ինչու են մեղադրյալները նման դիրքորոշում որդեգրել և չեն ուզում արդյոք, որ դատաքննությունը նորմալ ընթանա, ի վերջո պարզվի, թե ովքեր են մեղավորները: Հովիկ Արսենյանը պարզաբանեց, որ իրենց պաշտպանյալները այդպես արտահայտում են իրենց դիրքորոշումը, ըստ որի` այս դատավարությունը անօրինական է, քանի որ մեղադրյալները քաղկալանավորներ են: "Քաղաքացին է, իր իրավունքն է, կանգնի` չկանգնի: Պետք է կանգնել, դե հիմա չի կանգնում, ինչ անենք",-հարցնում է Հովիկ Արսենյանը,- մեր դատական օրենսդրությամբ, եթե դատարանը որոշում է կայացնում` ամբաստանյալներին դատարանի դահլիճից հեռացնել, դատը պետք է հետաձգի: Նախկին օրենսդրությամբ այդպես չէր, կարող էր հեռացնել նրանց և շարունակել դատավարությունը: Նոր օրենքով անպայման ամբաստանյալը պետք է ներկա գտնվի դատաքննությանը: Դատավորը ինքը կազուս առաջացրեց": Արմեն Հարությունյանն առաջարկեց կամ մեղադրյալներին համոզել ոտքի կանգնել, կամ դատավորին համոզել շարունակել դատավարությունը: Իսկ Հովիկ Արսենյանն էլ, հղում կատարելով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի որոշմանը, փաստեց, որ իրենց պաշտպանյալները քաղաքական այրեր են, և "ինչ է նշանակում համոզել: Նրանք այդպես են արտահայտում իրենց դիրքորոշումը, իսկ դատարանն էլ տանում է սրացման, քանի որ անելիք չունեն": Մարդուիրավունքների պաշտպանն ասաց, որ իրենք եկել են դատարան, որպեսզի հասկանան, թե մեղադրական կողմը ինչպես է կարողանալու ապացուցել իրենց մեղադրականը, բայց դրան հերթը չի հասնում: Արմեն Հարությունը բարձարցավ դատավորի մոտ` ստանալու նշված, ինչպես նաև լրագրողներին դատարանի դահլիճ թույլ չտալու հարցերի պատասխանը, որից հետո լրագրողներին հայտնեց, որ իր համար անընդունելի է այն, որ այսօր լսարանի կեսն ազատ էր, և լրագրողներին հնարավորություն չէին տալիս դահլիճ մտնել: "Ճիշտ է, վերևի սենյակում պայամանները բարելավել էին, բայց դահլիճի ազատ լինելու պայմաններում չեմ հասկանում, թե ինչու լրագրողներին չեն թողել",-ասաց օմբուդսմենը և խոստացավ այս հարցը դատական դեպարտամենտի առջև բարձրացնել: Արմեն Հարությունյանը նաև պարզաբանեց, որ դատավորն իրավունք ունի այդպես վարվել` մեղադրյալներին դատարանի դահլիճից հեռացնել և դատավարությունը հետաձգել, քանի որ մեղադրյալների ոտքի չկանգնելը անհարգալից վերաբերմունք է դատավորի նկատմամբ: "Հիմա ես պիտի գնամ մտածեմ, թե ինչ կարելի է անել, որպեսզի մենք բան կարողանանք հասկանալ: Քանի դեռ գործում է անմեղության կանխավարկածը, մեր համար այս բոլոր մարդիկ անմեղ են; Չենք կարող պրոցեսի փաստարկները լսել, որ հասկնանք",-նշեց Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter