HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյան. «ԼՂՀ բանակը հզոր է եւ մարտունակ»

Դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտի Սպայի տանը տեղի է ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստը` նվիրված 2008թ. արդյունքների ամփոփմանը: Նիստի ժամանակ ծավալուն ելույթով հանդես է եկել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը: Ստորեւ` Բակո Սահակյանի ելույթը: «Պարոնայք գեներալներ եւ սպաներ Հարգելի ներկաներ Ուրախ եմ ողջունել բոլորիդ: Մեր բանակի եւ ժողովրդի դժվարին ու հետեւողական աշխատանքի շնորհիվ է, որ այսօր կարողանում ենք հանգիստ ու խաղաղ պայմաններում ամփոփել հերթական բանակային տարին: Այս տարվա ընթացքում մենք կարողացանք ոչ միայն պաշտպանել, այլեւ ավելի ամրացնել մեր երկրի սահմանները, բարձրացնել Պաշտպանության բանակի մարտունակությունը, բարելավել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, լուծել անվտանգության հետ կապված մի շարք խնդիրներ: Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ագրեսիվ եւ հակահայկական քաղաքականությունը, ռազմական ծախսերի չափազանց ավելացումը, հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները մեզ պարտադրում են լինել ավելի զգոն ու հետեւողական երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում: Պետական անվտանգության, բանակաշինության, զինվորների մարտական պատրաստվածության հարցերը մեզ համար ժամանակի հրամայական են: Որպես գերագույն գլխավոր հրամանատար` ես խորին գոհունակության ու հպարտության զգացումով եմ այսօր հայտարարում, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակը հզոր է ու մարտունակ եւ միշտ պատրաստ է արժանի հակահարված տալ թշնամու ցանկացած ոտնձգության: Դրա լավագույն վկայությունը հանդիսացավ այս տարվա մարտ եւ նոյեմբեր ամիսներին հակառակորդի հերթական սադրանքների չեզոքացումը մեր զինծառայողների կողմից, ում խիզախությունն ու սխրանքը գնահատվեց պետության կողմից: Խորհրդանշական է, որ հակառակորդի դեմ մարտնչել են տարբեր սերունդներ ներկայացնող զինծառայողներ: Դա սահուն սերնդափոխության եւ լավ ավանդույթները շարունակելու վճռականության արտահայտություն է: Այն փաստը, որ տարեցտարի Պաշտպանության բանակը համալրվում է բարձրագույն զինվորական կրթություն ստացած զինծառայողներով, որոնց թիվն արդեն անցել է 1000-ից, խոսում է բանակում կադրային քաղաքականությանը հատուկ ուշադրություն դարձնելու մասին: Ես համապատասխան ցուցումներ եմ տվել կառավարությանը Պաշտպանության բանակի շարքերից զորացրվող սպաներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ: Բանակի մարտական պատրաստվածության ու մարտունակության բարձր մակարդակի մասին են վկայում նաեւ բանակային զորավարժությունների եւ ընթացիկ ու ամփոփիչ ստուգումների արդյունքները: Հատկապես մարտական հրաձգությամբ վերջին հարձակողական զորավարժության հաջող ավարտը ցույց տվեց, որ Պաշտպանության բանակը ոչ միայն հուսալիորեն պաշտպանում է մեր հանրապետության սահմանները, այլեւ հարկ եղած դեպքում կարող է մարտական գործողությունները տեղափոխել ագրեսիա ձեռնարկած երկրի խորքերը եւ խաղաղություն պարտադրել նրան: Սակայն մենք այսուհետ էլ պետք է լինենք աչալուրջ եւ թույլ չտանք հակառակորդին նույնիսկ մտածել նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու կամ իր կամքը մեզ թելադրելու մասին: Բոլորը պետք է հասկանան մեկընդմիշտ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունն ու անվտանգությունը սակարկության ենթակա չեն: Մեր սահմանների անառիկությունն ամրապնդելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները արդյունավետ են դարձնում դիրքերում տարվող մարտական հերթապահությունը: Բանակաշինության, շփման գծում տիրող իրավիճակի, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ հանձնարարականներ եմ տվել Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ անցկացվող խորհրդակցությունների ժամանակ, որոնցից վերջինը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Ինձ զեկուցվել է, որ քննարկված հարցերը հասցվել են համապատասխան օղակներին, այդ իսկ պատճառով անհրաժեշտ չեմ համարում այստեղ անդրադառնալ դրանց: Սակայն ուզում եմ մեկ անգամ եւս ընդգծել սպառազինության ու թիկունքային ապահովման, հետախուզության ու հակաօդային պաշտպանության, զինվորական կարգապահության հիմնահարցերի կարեւորությունը: Հենց դրանց լուծման արդյունավետ ուղիների մշակումը մեծապես կանդրադառնա մեր երկրի պաշտպանունակության եւ բանակի մարտունակության բարձրացման վրա: Դրական եմ համարում հետախուզության եւ իրավիճակի հուսալի վերահսկողության արդյունքում շփման գծում հակառակորդի ակտիվության նկատելի նվազեցումը, ինչը, սակայն, ինքնահանգստացման տեղիք չպիտի տա: Կարեւոր է Պաշտպանության բանակի զորամասերում անհրաժեշտ կարգապահության պահպանումը: Իհարկե, մարտական հերթապահություն տանող զորամասերում, հակառակորդի հետ շփման գծում չթուլացող լարվածության պայմաններում չեն բացառվում արտակարգ դեպքերն ու պատահարները: Այնուամենայնիվ, պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` նվազագույնին հասցնելու այլ հանգամանքներում տեղի ունեցող զինծառայողների մահվան կամ վիրավորվելու դեպքերը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հրամանատարների, սպաների կողմից ամենօրյա ծառայության ընթացքում առավել մեծ պատասխանատվություն, կատարողական ու գիտակցական բարձր կարգապահություն, ենթակաների նկատմամբ ավելի ուշադիր ու հոգատար վերաբերմունք ցուցաբերելու խնդիրներին: Անտեղի ցանկացած կորուստ բացասաբար է ազդում բանակի ոգու եւ մարտունակության, նրա վարկանիշի եւ հասարակություն-բանակ կապերի հետագա ամրապնդման վրա: Բանակի մարտունակությունը անմիջականորեն կապված է զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական պայմանների հետ, այդ իսկ պատճառով պետության մշտական ուշադրության կենտրոնում է գտնվում նման խնդիրների լուծման գործընթացը: Հայրենիքի պաշտպանը պետք է հնարավորինս ազատված լինի կենցաղային հոգսերից, որպեսզի կարողանա լիարժեք իրականացնել իր ծառայությունը: Հատկանշական է այն փաստը, որ 2008 թվականին շուրջ 130 զինծառայողներ ապահովվեցին հարմարավետ բնակարաններով: Այս ուղղությամբ տարվող աշխատանքները կլինեն շարունակական: Իշխանությունները հատուկ ուշադրություն են ցուցաբերում Արցախյան պատերազմում զոհված, անհայտ կորած եւ հաշմանդամ դարձած մեր ազատամարտիկների ընտանիքների հիմնախնդիրներին: Լուրջ աշխատանքներ են տարվում նրանց սոցիալական, այդ թվում` բնակարանային, կենցաղային, ինչպես նաեւ առողջության ու կրթության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ: Այս ամենի հետ մեկտեղ կարեւոր եմ համարում նաեւ հասարակությանը հաշմանդամների լիիրավ ինտեգրման գործին իշխանությունների կողմից աջակցության ցուցաբերումը: Հենց այս նպատակն է հետապնդում Արցախյան պատերազմի 1-ին կարգի հաշմանդամներին ձեռքի կառավարման ավտոմեքենաներ տրամադրելու ծրագրի իրականացումը: Համոզված եմ, որ նման քաղաքականությունն իր դրական ազդեցությունը կունենա ինչպես զինված ուժերի, այնպես էլ հասարակության առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի հետագա ամրապնդման վրա: Մեր երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում, հասարակական կյանքում, պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման, մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում մեծ դերակատարություն ունի Արցախի ազատամարտիկների միությունը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները բարձր են գնահատում ազատամարտիկների ակտիվ մասնակցությունը հայրենիքի զարգացմանն ու բարգավաճմանը եւ այսուհետ էլ ըստ ամենայնի կաջակցեն միության գործունեությանը: Հարգելի ներկաներ, ուզում եմ նշել, որ հանրապետության Նախագահի մասնակցությամբ նման հանդիպումները կդառնան ավանդական, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ դարձնել մեր պետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտի` Պաշտպանության բանակի աշխատանքի կազմակերպումը: Ավարտելով խոսքս` ուզում եմ շնորհավորել մեր բանակի ողջ անձնակազմին` տարին հաջողությամբ ավարտելու, առաջադրված խնդիրները պատվով իրականացնելու համար: Շնորհավորում եմ նաեւ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում անձնական երջանկություն, քաջառողջություն եւ խաղաղ երկինք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter