HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ ՎՊ-ի գործունեության մասին հաջորդ տարվանից կտեղեկանանք կայքէջում

ԼՂՀ շրջակա միջավայրի պահպանման եւ բնական ռեսուրսների օգտագործման բնագավառում վերահսկիչ պալատը ստուգումների ընթացքում 6 մլն 130 հազար դրամի չափով պետական բյուջեին հասցված վնաս է հայտնաբերել: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը հանգամանորեն ներկայացրեց վերջին 3 ստուգումների արդյունքները: Անդրադառնալով կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչությունում եւ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումներին, որոնք ընտրանքային կարգով իրականացվել են նաեւ 4 մասնաճյուղերում, ՎՊ նախագահը տեղեկացրեց, որ պետական բյուջեին հասցված վնասից ապօրինի հատումների մասով արձանագրվել է 2մլն 792 հազար դրամ, ֆոնդից ավելի դուրս հատված գործափայտի մասով` 3մլն եւ 2007թ.ընթացքում անտառախախտումների դիմաց չգանձված գումարի մասով` 338,1 հազար դրամ: Հայտնաբերվել է նաեւ, որ հատման տոմս ունեցող ՍՊԸ-ի տնօրենը եւ «Արցախանտառ» ՊՈԱԿ-ի Շահումյանի մասնաճյուղի տնօրենը նույն մարդիկ են, ինչը, ըստ պարոն Մոսիյանի, խախտումներն ավելի հավանական է դարձնում: Ստուգումների մյուս թեման վերաբերում էր կապիտալ շինարարության վարչության` 2008թ. մարտի 22-ին ուժեղ քամու հետեւանքների վերացման ծախսերին: Ըստ պալատի նախագահի` որակական առումով պահպանվել էին գործող չափանիշները, սակայն տեղ են գտել մի շարք թերություններ ու խախտումներ. ընդհանուր առմամբ պետական բյուջեին հասցվել է 11,5 մլն դրամի վնաս, որից հավելագրումներ /չկատարված աշխատանքների դիմաց ավել հաշվարկված եւ վճարված գումարներ/` 4մլն 370 հազար դրամ, կատարված միեւնույն աշխատանքների դիմաց կրկնակի վճարումներ` 4մլն 395 մլն դրամ: Իսկ Արցախի ներդրումային հիմնադրամում ստուգվել է 2003-2007թթ. ժամանակահատվածի գործունեությունը եւ սահմանվել է վերահսկողության 2 ճյուղ`խաղողագործության համար հատկացված վարկային միջոցներ եւ հյուրանոցային բիզնեսի համար տրամադրվող վարկեր: Այստեղ ստուգումները ցույց են տվել, որ ոչ միշտ է, որ վարկային միջոցներն օգտագործվում են նպատակային: «Առավել մեծ թերություն է արձանագրվել բիզնես ծրագրերում վարկառուի կողմից առաջարկված աշխատատեղերի բացման ուղղությամբ: Կարելի է ասել, որ մոտ 50 տոկոսն է միայն բացվել»,-ասուլիսի ժամանակ նշեց Արթուր Մոսիյանը: Նման խախտումներ կան նաեւ օբյեկտների սեփականաշնորհման գործընթացում, որտեղ նախօրոք գրանցում են խոստացված թվով աշխատողներ, այնուհետեւ սեփականաշնորհման գործընթացի ավարտից հետո պարզվում է, որ այդ օբյեկտը չի գործում ու ոչ մի աշխատող էլ չկա: Այս մասին վերջերս խոսվել է նաեւ կառավարության նիստերից մեկում, որտեղ վարչապետը հայտարարել է, որ այսուհետ ներդրում կատարողների առջեւ կդրվի ոչ միայն աշխատատեղերի, այլ դրանց պահպանման ժամկետների հարցը: «Եղել են դեպքեր, երբ թույլ տված խախտումների համար մարդիկ աշխատանքից ազատվել են» լրագրողի հարցին ի պատասխան` պարոն Մոսիյանը, չտալով անուններ, ասաց, որ դեպքերն, իրոք, եղել են, եւ դրանք մեկը կամ երկուսը չեն: Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վերահսկիչ պալատը հաջորդ տարի կունենա իր կայքէջը, որտեղ հնարավորություն կլինի ծանոթանալ ՎՊ ամբողջ գործունեությանը: «Իսկ պաշտոնյաների կողմից ճնշման եւ միջամտելու փորձեր լինում են» հարցին նա պատասխանեց, որ ՎՊ-ն անկախ մարմին է, այն անկախ է պետական կառավարման բոլոր մարմիններից: «Հավաստիացնում եմ, որ թե' երկրի բարձրագույն ղեկավարության, թե' օրենսդիր, գործադիր իշխանության կողմից անում են ամեն հնարավորը, որպեսզի ՎՊ-ն իր իրավասության սահմաններում կարողանա աշխատել: Որեւէ ճնշման, միջամտության եւ խոչընդոտման դեպք չի եղել»,-հավաստեց ՎՊ նախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter