Հայկական ջոկատը չի թափանցել ադրբեջանական դիրքապահների թիկունքը
ԼՂՀ Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը
Այսօր Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենան տարածել է հերթական ապատեղեկատվությունը` իբր հայկական հատուկ նշանակության ջոկատը անցած գիշեր Տերտերի շրջանի Ղափանլու գյուղի ուղղությամբ թափանցել է ադրբեջանական դիրքապահների թիկունքը, շարքից հանել մեկ զինվորի, իսկ մեկին` վիրավորել, որից հետո վերջիններիս զենքերը վերցնելով` վերադարձել իր ելման դիրքերը:
Չնայած նման փայլուն գործողությունը պատիվ կբերեր ցանկացած պետության հատուկ նշանակության ջոկատի, այդ թվում նաև` Պաշտպանության բանակին, այդուհանդերձ, ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունը, հավատարիմ մնալով ճշմարտությունը տարածելու իր ավանդական ոճին, տեղեկացնում է, որ Ադրբեջանի լրատվամիջոցների կողմից շրջանառված վերոնշյալ տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան իրողությունները խեղաթյուրելու հերթական փորձ:
Իսկ թե ինչով է պայմանավորված ադրբեջանական զինուժի համար ոչ պատվաբեր այսօրինակ տեղեկության տարածումը իրենց իսկ լրատվամիջոցների կողմից, ապա դա բացատրվում է հետևյալ իրողությամբ:
Ըստ ՊԲ հետախուզության տվյալների` միջադեպի համար, որն, ի դեպ, տեղի է ունեցել ոչ թե խրամատում, այլև առաջապահ դիրքերից որոշակի հեռավորության վրա գտնվող Ղափանլու գյուղին մերձակա վաշտային հենակետերից մեկում, պատճառ է հանդիսացել դրանից երկու օր առաջ ադրբեջանցի հովիվ Ասիֆ Մաքաևի սպանությունն իրենց իսկ զինվորների կողմից: (Հարկ է հիշեցնել, որ այդ միջադեպը ևս ադրբեջանական քարոզչամեքենան երկու օր առաջ ներկայացրել էր որպես հայկական ուժերի կողմից իրականացված կրակահերթի հետևանք):
Մինչդեռ պարզվում է, որ վերոնշյալ հովվի որդին` Մարիֆ Մաքաևը, հանդիսանալով գյուղի հեղինակություններից մեկը, հոր վրեժն առնելու համար անցած գիշեր դիմել է կտրուկ գործողությունների, որին օժանդակել են նաև համագյուղացիները: Արդյունքում քաղաքացիական բնակչության և տեղի զինվորականության միջև ծավալված խոսքակռիվը շուտով վերաճել է փոխհրաձգության, որի հետևանքով մեկ զինվոր սպանվել է, իսկ մեկը` վիրավորվել:
Իսկ ինչ վերաբերում է հայկական դիվերսիոն խմբի կողմից իրականացված գործողության մասին Ադրբեջանի պաշտոնական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությանը, ապա դա սոսկ սեփական մաշկի բծերը ուրիշի ստվերի տակ քողարկելու մտացածին քայլ է և ուրիշ ոչինչ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել