«Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը՝ Հայաստանում
Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում 2009 թվականից Հայաստանում կկազմակերպվի «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթը` հետաքրքրված բոլոր դպրոցների ներգրավմամբ: Այս մասին հաղորդում է ԿԳ նախարարության մամլո ծառայությունը:
«Սա «Այբ» հիմնադրամի հետ համագործակցության առաջին փորձը չէ. Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում «Այբ»-ն արդեն հիմնել է ֆիզիկայի և քիմիայի ուսումնական լաբորատորիաներ, որոնք մեծապես օգնում են երեխաներին` յուրացնելու իրենց դասերը։ Կրթության և գիտության նախարարությունը հետաքրքրված է նման ծրագրերի ու մրցույթների իրականացման գործում, որոնք նպաստում են մեր աշակերտների գիտելիքի որակի բարձրացմանը, ընդլայնում նրանց փորձառությունը՝ միջազգային մրցույթների մասնակցության առումով։ Սա ևս մեկ ուղի է` ինտեգրվելու միջազգային կրթական դաշտին»,- ասել է ԿԳ նախարար Ս. Սերյանյանը։
Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, ներկայացնելով «Այբ»-ի գործունեությունը, նշել է, որ իրենց մասնագետների աջակցությամբ մշակված առարկայական դասընթացների և մեթոդական որոշակի մոտեցմամբ աշխատանքի շնորհիվ՝ հայ դպրոցականներից շատերն արդեն հաջողել են դառնալ աշխարհում հայտնի բուհերի ուսանողներ։
«Մեր նպատակը տարբեր միջոցներով հայ երեխաների շրջանում կրթության հանդեպ հետաքրքրության արթնացնումն է, ու վստահ ենք, որ տրամաբանական ու հետաքրքրաշարժ խնդիրներից բաղկացած «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային ամենահայտնի մրցույթի անկացումը ևս մի խթան կլինի այդ առումով»,-ասել է նա։
«Այբ» կրթական հիմնադրամը, որը դարձել է «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ, Հայաստանում մրցույթի բացառիկ ներկայացուցիչը և կազմակերպիչն է։ Անցյալ տարի «Այբ»-ը մեր երկրում անցկացրել է փորձնական մրցույթ՝ «Կենգուրու 2008-ը», որին մասնակցել է 639 աշակերտ՝ 6 դպրոցից։ Նրանցից 46-ը ստացել են պատվոգրեր. 42-ը լավ արդյունքի համար, 4-ը՝ գերազանց։
«Կենգուրու»-ն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` ավելի քան 5 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: Եկող տարվա մրցույթը կանցկացվի մարտի 19-ին։ Դրան մասնակցելու կհրավիրվեն Հայաստանի բոլոր դպրոցները։
«Այբ»-ը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանում «Կենգուրու»-ի կազմակերպիչների հետ՝ Ջավախքի դպրոցներում այն հայոց լեզվով կազմակերպելու առումով։ Մրցույթն անցկացվում է դպրոցներում` երեխաների համար հարազատ միջավայրում, և մասնակցության նախապայմաններ չկան: Խաղ-մրցույթը դպրոցականների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շնորհիվ մասնակիցների տարիքային լայն խմբերի` 3 -11-րդ դասարանցիներ:
Մրցույթի սկզբունքն է` «նվեր բոլորին». մասնակից դպրոցներն ու աշակերտները ստանում են մասնակցության հավաստագրեր և փոքրիկ հուշանվերներ: Լավագույն արդյունքներ ցուցաբերած երեխաներն արժանանում են պատվոգրերի և մրցանակների: Իսկ մրցույթի հաղթողները մասնակցում են ամենամյա միջազգային ամառային ճամբարների, որոնք կազմակերպվում են «Կենգուրու առանց սահմանների» ասոցիացիայի անդամ եվրոպական երկրներից որևէ մեկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել