Լրագրողական ակումբների ղեկավարները` ակումբների մասին
Թերթերում և այլ լրատվամիջոցներում մշտապես մեծ տեղ է գտնում ակումբնեորւմ կազմակերպված հանդիպումների և ասուլիսների լուսաբանումը: Թե որքանով արդյունավետ են այդ հանդիպումները, այսօր «Ուրբաթ» ակումբում քննարկեցին հենց լրագրողական ակումբների նախագահները: Նրանք ասացին, որ իրենց հյուրերի ընտրության հարցում փորձում են ապահովել բազմակարծությունը, քանի որ հրավիրվում են քաղաքական տարբեր թևերի ներկայացուցիչներ:
Հարցին, թե արդյոք լրագրողական ակումբները շատ չեն, «Հայելի» ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Լրագրողական ակումբներից յուրաքանչյուրն իր տեղն ունի, ինչպես բոլոր թերթերն ու հեռուստաընկերությունները: Նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ հեռուստատեսությունները շատ են, թերթերը շատ են»:
«Դե ֆակտո» ակումբի նախագահ Սյուզաննա Բադոյանն էլ փաստեց, որ «իրենք անում են իրենց գործը այնքանով, որքանով կարող են, և դրա արդյունքը պիտի հասկանան լրագրողները, հետագայում և` բանախոսները»:
Անժելա Թովմասյանը կարևորեց ակումբների գործունեությունը հատկապես նրանով, որ եթե որոշ տեղերում բոլոր լրագրողները չէ, որ մուտք ունեն, ապա ակումբներում այդ հնարավորությունը կա` ներկա գտնվել տվյալ քաղաքական գործչի ասուլիսին և հարցեր տալ:
Բանավեճեր լինում են նաև «Հայացք» ակումբում, որտեղ, ըստ ակումբի նախագահ Լուսինե Մանանդյանի, ապահովվում է և' իշխանական, և' ընդդիմադիր թևի ներկայացուցիչների ներկայությունը:
Ակումբների ղեկավարները, սակայն, փաստեցին, որ մշակութային թեմաներին լրագրողները չեն անդրադառնում ըստ պատշաճի, և այդ դաշտը չի լուսաբանվում բազմակողմանիորեն: Դրա մասին են վկայում այն ասուլիսները, երբ մշակույթի գործիչներ են հյուր լինում, իսկ ոչ մի հեռուստաընկերություն չի գալիս լուսաբանելու: Լսարանը գրեթե դատարկ է լինում:
Անդրադարձ կատարվեց նաև լրագրողական էթիկայի բացթողումներին, ինչը, ըստ բանախոսների, որոշ լրագրողների մոտ կամ բացարձակ բացակայում է, կամ չի պահպանվում:
Ակումբների հարմարավետությունից, ջեռուցման խնդիրներից և տեղադրված պաստառների ոչ սազական լինելուց էլ բողոքեցին լրագրողները: Այս հարցին էլ ակումբների ղեկավարները խոստացան լուծում տալ գալիք տարում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել