HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17 տարի ազատազրկում` «Միասնական Ջավախք»-ի անդամ Գուրգեն Շիրինյանին

Ինչպես տեղյակ են Հետքի ընթերցողները` «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի անդամ, սկաուտական շարժման առաջնորդ Գուրգեն Շիրինյանի, նրա հոր եւ հորաքրոջ՝ Հարություն ու Կարինե Շիրինյանների գործով դատական նիստը հետաձգվել էր մինչեւ դեկտեմբերի 24-ը: «Երկիր» միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը, ով որպես դիտորդ մասնակցում է «Միասնական Ջավախքի» ակտիվիստների նկատմամբ Ախալցխայում տարվող դատավարություններին, մանրամասներ հաղորդեց տեղի ունեցած դատական նիստերի եւ դատավճռի մասին: «Դեկտեմբերի 24-ին դատավարությունը մտավ եզրափակիչ փուլ, որի ընթացքում ներկայացվեցին եզրափակիչ միջնորդություններ, դատարանը զննեց ազացույցները, եւ ընթերցվեցին մեղադրական ու պաշտպանական ճառերը: Նախ` փաստաբանը միջնորդություն ներկայացրեց, որից մեկով նա մասնավորապես խնդրում էր գործին կցել տեսաերիզը եւ լուսանկարները, որտեղ ներկայացված էր Շիրինյանների տան այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Այս միջնորդությունը մերժվեց: Այնուհետեւ ապացույցների զննման ժամանակ պարզվեց, որ ապացույցների մեջ տարօրինակ կերպով բացակայում է այն գնդակը, որը հանվել էր սպանված ոստիկանի` Արթուր Բերուջանյանի մարմնից: Փաստաբանն անմիջապես նոր միջնորդություն ներկայացրեց, որով պահանջում էր հետաձգել դատական նիստը մինչեւ այդ գնդակի հայտնաբերումը եւ ներկայացումը դատարանին: Սա եւս մերժվեց: Այնուհետեւ հնչեցին մեղադրական եւ պաշտպանական ճառերը, եւ դատավորը հայտարարեց ընդմիջում մինչեւ հաջորդ օրը` դեկտեմբերի 25-ը, երբ էլ եւ տեղի ունեցավ դատավճռի ընթերցումը»: Գուրգեն Շիրինյանի համար, ով մեղադրվում էր երեք հոդվածով`կանխամտածված սպանություն, երկու եւ ավելի անձանց սպանության փորձ, զենք-զինամթերքի անօրինական ձեռք բերում եւ պահպանում, դատախազը պահանջում էր 20 տարի ազատազրկում: Դատարանը մեղավոր ճանաչեց Գ. Շիրինյանին երկու հոդվածով` սպանություն եւ զենք-զինամթերքի պահպանում եւ սահմանեց 17 տարի ազատազրկման պատիժ: Հարություն եւ Կարինե Շիրինյանների համար, ովքեր մեղադրվում էին զենք-զինամթերքի ձեռք բերման եւ պահպանման, նաեւ` կեղծ ցուցմունքներ տալու եւ հանցագործության մասին տեղեկություններ իմանալու եւ չհայտնելու մեջ, դատախազը պահանջեց յուրաքանչյուրի համար 6 տարի ազատազրկում բոլոր երեք հոդվածներով կամ 6000 լարի (շուրջ 1020000 դրամ) տուգանք: Սակայն դատավորը նրանց մեղավոր ճանաչեց միայն մեկ` կեղծ ցուցմունքներ տալու հոդվածով` որպես պատիժ սահմանելով 2 տարի պայմանական ազատազրկում եւ յուրաքանչյուրի համար 2000 լարի (շուրջ 340.000դրամ) տուգանք: Փաստաբանը բողոքարկելու է վճիռը, սակայն Գուրգեն Շիրինյանի պարագայում կան օրենսդրական դժվարություններ. «Եթե վրացական օրենքը թույլ է տալիս մարդուն դատել իր բացակայության դեպքում, ապա մեղադրական վճիռը բողոքարկելու հնարավորություն մեղադրյալի բացակայության դեպքում չի տրվում,-ասում է Ռոբերտ Թաթոյանը»: Նույն օրը նշանակված էր «Միասնական Ջավախք»-ի առաջնորդ Վահագն Չախալյանի եւ նրա ընտանիքի անդամների դատավարությունը: Դատսական նիստը, սակայն, չկայացավ` նորից հետաձգվելով անորոշ ժամկետով, քանի որ դատարանը դեռեւս չէր ստացել Բորժոմիի դատախազության կողմից Վահագն Չախալյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործի նյութերը եւ, համապատասխանաբար, չէր տրամադրել փաստաբաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter