HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Քննարկվել են ազգային փոքրամասնություններին հուզող սոցիալական, կրթական, մշակութային եւ այլ խնդիրներ։ Տիգրան Սարգսյանը նշել է, որ նոր տարվա շեմին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ այս հանդիպումը լավ առիթ է մի կողմից` քննարկելու նրանց մտահոգող խնդիրները, մյուս կողմից` պայմանավորվածություններ ձեռք բերելու հաջորդ եւ հետագա տարիներին անելիքների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության կայքէջը: «Մենք հակված ենք հնարավորինս լուծելու առկա առաջնահերթ խնդիրները` իհարկե, համագործակցելով ձեզ հետ»,- վստահեցրել է ՀՀ վարչապետը։ Սոցիալական, կրթական ոլորտներում առկա խնդիրների շարքում քննարկվել են ազգային փոքրամասնությունների համայնքների բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի, համայնքային ճանապարհների, այլ ենթակառուցվածքների բարելավման, նախակրթարանների ստեղծման, ազգային փոքրամասնությունների լեզվի դասագրքերի տպագրության, ուսուցչական կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, դպրոցների շենքային պայմանների բարելավման եւ այլ հարցեր։ Իսկ մշակույթի ոլորտի խնդիրների թվում կարեւորվել են մարզային եւ հանրապետական միջոցառումներին ազգային փոքրամասնությունների ներգրավվածության, մշակութային կենտրոնների գործունեության, գրահրատարակչությանը տրվող պետական աջակցության, մշակույթի, պատմության, լեզվի ավանդույթների լայն իրազեկման, ազգային փոքրամասնությունների պատմական հուշարձանների նորոգման եւ պահպանման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ապահովման խնդիրները։ Աղբյուրի փոխանցմամաբ`հանդիպման ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կողմից բարձրացված բոլոր խնդիրներն ու առաջարկությունները կքննարկվեն եւ դրանց լուծման ընթացքի մասին որոշակի տեղեկություններ կներկայացվեն հաջորդ հանդիպման ժամանակ։ «Համոզված եմ, որ դուք մեզ հետ կիսում եք մեր բոլոր` տնտեսական, սոցիալական եւ այլ դժվարություններն ու խնդիրները եւ մեր երկրի զարգացումը` բնականաբար, պետք է անդրադառնա նաեւ ձեր կյանքի ու գործունեության բարելավման վրա»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Շնորհավորելով բոլորին առաջիկա Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, վարչապետը հաջողություններ է մաղթել հանրապետության բոլոր ազգային փոքրամասնությունների համայնքներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter