HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2009-ի պետական բյուջեն ճգնաժամաստեղծ է, ոչ թե դրա դեմ պայքարող

Այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ տնտեսագետ Անդրանիկ Թևանյանը, պատասխանելով Հետքի այն հարցին՝ արդյոք մեր բյուջեն կկարողանա՞ դիմակայել տնտեսական ճգնաժամին, եւ ի՞նչ է մեզ սպասվում 2009թ.-ին, ասաց, որ Հայաստանի բյուջեն ոչ թե ճգնաժամի դեմ պայքար է նախատեսում, այլ բյուջեն հենց ճգնաժամաստեղծ է: Ըստ նրա` ամբողջ աշխարհում կատարում են 3 հիմնական քայլեր ճգնաժամի հաղթահարման համար: Նախ՝ դրամավարկային քաղաքականության առումով գնում են էժան փողի երկարատև քաղաքականության ճանապարհով, երբ իջեցնում են տոկոսադրույքները, և բիզնեսմենների համար ձեռնտու է դառնում վարկ վերցնելը: Սակայն Ա. Թևանյանը նշում է, որ մեզ մոտ ճիշտ հակառակն են արել, քանի որ հիփոթեքային շուկայում գրեթե վարկավորում չկա, մեքենաների հետ կապված նույնպես վարկավորումը դադարեցված է, կենցաղային տեխնիկայի շուկայում ևս գրեթե չկա վարկավորում. «Փակ շղթա է գնացել, բանկերը սպասարկում են այն տնտեսական շրջանակներին, որոնք, ըստ էության, սեփականատերերն են նույն բանկերի»,- ասում է նա: Հաջորդ կարևոր քայլը, որ անում են միջագային շուկայում բոլոր երկրները, պետական մասնակցությունն է և պետական դոտացիաների տրամադրումը այն ձեռնարկություններին, որոնք շատ աշխատատեղեր ունեն և բրենդային են, իսկ 3-րդ քայլը, ըստ Թևանյանի, հարկային բեռի թեթևացումն է, այսինքն՝ պետությունը ասում է, որ եթե չեմ կարող օգնել, պետք է չխանգարեմ: Այս դեպքում էլ, ըստ նրա, մեզ մոտ անում են ճիշտ հակառակը, քանի որ բյուջեն ավելացրել են, բայց խաղի կանոնները չեն փոխվել: Անդրանիկ Թևանյանի մեկնաբանությամբ` հենց այս պատճառով էլ արդեն բողոքի ձայն են բարձրացրել նաև խոշոր գործարարները, քանի որ փոքր և միջին բիզնեսն արդեն ծանր վիճակում է հայտնվել և իրենք գիտեն, որ հաջորդ տուժողը իրենք են լինելու. «Այսօր Բջնիի հետ կապված հարցը չի վերաբերում Խաչատուր Սուքիասյանին, Խաչատուր Սուքիասյանը ուղղակի էքսպերիմենտի է ենթարկվում այն առումով, որ եթե իշխանությունը հասարակական դիմադրության չհանդիպի Բջնիի հետ կապված, ապա հաջորդ զոհերը շատ ավելի հանգիստ կտրվեն իշխանություններին, և այդ զոհերը հենց իշխանության շրջանակների գործարարներն են: Եվ չնայած հասարակությունը կարող է ողջունել, բայց չի շահի դրանից, քանի որ զուտ սեփականության վերաբաշխում է գնալու հարկերի տեսքով»: Անդրանիկ Թևանյանը նույն համատեքտում է դիտարկում նաև այն, որ Գագիկ Ծառուկյանը և նրա ղեկաված «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ էր ինքնազբաղվածներին հարկային դաշտ բերելու օրինագծին: Անդրանիկ Թևանյանը համոզված է, որ ոչ միայն աշխատատեղերի խնդիր ենք ունենալու, այլ նաև բարձրանալու է հանցավորության մակարդակը, որը, նրա խոսքերով, հատուկ է ճգնաժամային իրավիճակներին: Տնտեսագետի կանխատեսմամբ` եթե իշխանությունները շարունակեն իրենց այս քաղաքականությունը, ապա տարվա կեսից ստիպված կլինե գնալ սեկվեստրի ճանապարհով`բյուջետային ծախսերի համամասնային կրճատում. «Եթե համառություն ցուցաբերեն և չգնան այս ճանապարհով, ապա միգուցե բյուջեի թվերը կատարվեն, բայց Հայաստանից կլինի կապիտալի արահոսք և աշխատատեղերի կրճատում»: Մյուս կողմից՝ նա համոզված է, որ իշխանությունները գնալու են փողերի հավաքագրման ճանապարհով, քանի որ միայն այդ կերպ կարող են կառավարել մարդկանց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter