Քաղաքական մեղադրանքները չհաստատվելուց հետո Արշակ Բանուչյանին ներկայացվեց «հարկային պարտավորությունները չկատարելու մեղադրանք»
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ տեղի ունեցավ Մատենադարանի փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանի եւ նրա գործընկերների դատական քննության առաջին նիստը, ովքեր մեղադրվում են հարկային պարտավորություններ չկատարելու մեջ:
Հիշեցնենք, որ Արշակ Բանուչյանը այս տարվա մարտի 24-ին ձերբակալվել էր և 123 օր անազատության մեջ պահվել: Նրա նկատմամբ առաջադրվել մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու մասնակցելը, և 154-րդ հոդվածով՝ ընտրողների կամքին բռնանալը, այսինքն՝ ընտրակաշառք բաժանելը: Հուլիսի 24-ին նա զատ էր արձակվել՝ իր խոսքերով՝ «այդպես էլ չիմանալով, թե ինչի համար է ձերբակալվել, ինչի համար՝ ազատ արձակվել։ Մինչ փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները նա եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը եւ Վայոց ձորի մարզի պատասխանատուն, իսկ փետրվարի 19-ից հետո մասնակցել է հանրահավաքների:
Այսօրվա նիստում Բանուչյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդություն է ներկայացրել տուժողի ներկայացուցչին՝ «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ Սեն Արեւշատյանին բացարկ հայտնելու մասին: Դատավորը բավարարել է միջնորդությունը եւ տուժողի նոր ներկայացուցիչ որոշելու համար ժամանակ տրամադրելու նպատակով դատական հաջորդ նիստը նշանակել հունվարի 20-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել