HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անդրանիկ Թևանյան. «Իշխանությունը տնտեսական բոլշևիզմի քաղաքականություն է վարում»

«Եթե անգամ միջազգային տնտեսական ճգնաժամը չլիներ, միևնույն է՝ Հայաստանում սկսվելու էր լուրջ տնտեսական հետընթաց»,- նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը այսօր «Փաստարկ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Անդրանիկ Թևանյանի մեկնաբանությամբ` այդ հետընթացի հիմքերը դրվել են դեռևս 2007թ. պառլամենտական ընտրություններից հետո, երբ Հայաստանում ձևավորվեց միակուսակցական համակարգ, և սկսեց իրականացվել «տնտեսական բոլշևիզմի» քաղաքականություն, որը ենթադրում է տնտեսության վերաբաշխում ոչ թե փողերը խլելու միջոցով, այլ հարկային ռեպրեսիվ քաղաքականության միջոցով: Ըստ նրա` նման քաղաքականություն իշխանությունները որդեգրեցին, երբ ԱԺ-ի արտահերթ նիստով ընդունվեց օրենքը պարզեցված հարկի մասին: Անդրանիկ Թևանյանի խոսքերով՝ այդ օրենքը բերեց հարկային բեռի փաստացի ավելացման և անդրադարձավ միանագամից 300-400 հազար մարդու վրա: Նա համոզված է, որ մենք այդ օրենքի պայթյունը տեսանք մարտի մեկին. «Այդ մարդիկ դարձան ագրեսիվ, քանի որ աշխատում էին 3.5 % հարկման դաշտում, ձեզ տանում են 40% հարկման դաշտ, բնականաբար տոտալ շարժում սկսվեց, մարդկանց համար արդեն մեկ էր՝ ով կգար, իրենց ընտանիքի հացը խլել էին իրենց ձեռքից»: «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրենը «տնտեսական բոլշևիզմի» համատեքստում է դիտում նաև վերջերս ԱԺ մտած ինքնազբաղվածներին` վարսավիրներ, կրկնուսույցներ, հարկային դաշտ բերելու մասին օրինագիծը, որոնց հարկերի մուծումը պետք է վերահսկվի «կոնտրագենտների» միջոցով: Անդրանիկ Թևանյանի խոսքերով` «տնտեսական բոլշևիզմը» ենթադրում է ավելի մեծ ծավալի բյուջե. «Այդ մեծ բյուջեն մենք նկատեցինք վերջին երկու տարիների ընթացքում, երբ որ 2007 թ. ձևավորվեց հանրապետական կուսակցության մեծամասնությամբ պառլամենտ և ընդունվեց ավելի քան 800 մլն դոլարով բյուջեի` 2.5 մլրդ դոլարանոց բյուջե, իսկ այս տարի ընդունվել է 3.15 միլիարդ դոլարի բյուջե, այսինքն՝ բյուջեն ավելացել է 2 անգամ, բայց ՀՆԱ-ն չի ավելացել 2 անգամ, համամասնություն չկա ՀՆԱ-ի և բյուջեի աճի միջև»: Տնտեսագետը եկել է այն եզրակացության, որ պետությունը նպատակ ունի մտնել բոլորի գրպանները, և հենց հարկային տեռորի պատճառով են մեզ մոտ գները բարձրանում. «Այն արատավոր պրակտիկան, որ կա կանխավճարների, գերավճարների մասով, ակտեր գրելու այս քաղաքականությանը բիզնեսը պետք է փոխհատուցեր գների բարձրացմամբ»: Ըստ նրա՝ տարեսկզին գների աճը Հայաստանում մատուցվում էր որպես համաչափ արձագանք միջազգային շուկայում գների բարձրացման, բայց երբ գները իջան, Հայաստանի կառավարությունը հայտնվեց անհարմար վիճակում, քանի որ չէր կարող բացատրել, թե ինչու գները կամ չեն իջնում, կամ իջնում են ոչ այն համարժեքությամբ, ինչքան որ բարձրանում են»: Ըստ նրա` Հայաստանի ոչ համարժեք արձագանքը գների տատանումներին պայմանավորված է ներքին մենաշնորհային շուկայով: Անդրանիկ Թևանյանի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի լինելու է սոցիալական լարված իրավիճակ: Դրա համար տնտեսագետը առաջարկում է իր դեղատոմսը` իրականացնել հարկային բեռի թեթևացում, իջեցնել դրույքաչափերը, չվախենալ գնալ շահութահարկի կրճատման ճանապարհով, դադարեցնել կանխավճարների հավաքագրումը, գերավճարների հետ կապված հստակ մեխանիզմ ապահովել, երբ որ պետությունը ավելացված արժեքի հարկը պետք է վերադարձնի տնտեսվարողներին, փոխել օրեսդրությունը և մաքսային արժեքի վրա ավելացված արժեքի գանձումը պետք է տեղափոխել ներքին հարկման դաշտ, իրականացնել խթանող դրամավարկային քաղաքականություն, որը ենթադրում է տոկոսադրույքների իջեցում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկը պետք է իջեցնի առնվազն 2-3 կետով: Անդրանիկ Թևանյանի խոսքերով՝ պետք է հրաժարվել 2004թ.-ից որդեգրված դրամի փոխարժեքային քաղաքականությունից. «Փոխարժեքային քաղաքականությունը վերջին 1-2 ամիսների ընթացքում կարգավորելու համար բավականին լուրջ գումարներ են բաց թողնվել ռեզերվից, շատ աննորմալ վիճակ է փոխարժեքային շուկայում, քանի որ այս տարվա սկզբից փոխարժեքը 300-310-ի սահմաններում է տատանվել,երբ որ ամբողջ աշխարհում դոլարը արժեորվել է, երբ որ ամբողջ աշխարհում փոխարժեքների տատանման պրոցես է գնացել, Հայաստանում դրամը կապել են դոլարի հետ և դոլարի հետ կապով որոշում են մնացած արտարժույթների փոխարժեքները: Ըստ նրա՝ այժմ իշխանությունները արհեստականորեն պահում են դրամի փոխարժեքը, և դրա արդյունքում մենք ունենալու ենք լուրջ ռեզերվների լուրջ կորուստներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter