«Երեք որդով սեղան նստենք»
Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին ներկայացրեց 2009թ.-ին նախարարության նախատեսած միջոցառումները և ծրագրերը: Սփյուռքի նախարարությունը, կարևորելով հայ մասնագետների ներդրումները, ապրիլին կազմակերպելու է հայ ճարտարապետների, սեպտեմբերին` հայ իրավաբանների, հոկտեմբերին` հայ բանկիրների համաժողովներ: «Մեր մեծերը» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ Շ. Ազնավուրի, Ք. Քըրքորյանի և Ալ. Մանուկյանի պատվին: «Այս երեք մեծերին մենք պետք է պատշաճ ձևով կարողանանք ներկայացնել հայ հասարակությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: Գլխավոր աշխատանքները պետք է կատարվեն դպրոցներում, բուհերում»:
Նախարարության նախաձեռնած կարևոր ձեռնարկներից կլինի նաև «Սփյուռքի տարեգիրքը», որը ֆինանսավորվում է պետբյուջեով և կպարունակի լիարժեք հաշվետվություն սփյուռք-հայրենիք գործակցության համար: Սփյուռքի նախարարությունը նաև սկսելու է հայկական ժառանգության ուսումնասիրությունները հայկական գաղթօջախներում, որը մեկնարկելու է եվրոպական երկրներից:
Իսկ հայրենադարձության և հայ ազգի բազմացման համար, նախարարի խոսքերով, ընտրվել է կարգախոս, որը դեռ մեր պապերից է եկել` «Յոթ որդով սեղան նստենք»: Սակայն այս կարգախոսը դարձրել են ավելի ժամանակակից, 21-րդ դարին համահունչ. «Առաջարկում ենք առնվազն «երեք որդով սեղան նստենք» կարգախոսը, որ յուրաքանչյուր հայ ընտանիք յուրաքանչյուր տարի ևս մեկ երեխա ավելացնի հայ ժողովրդին»: Մեջբերելով ՀՀ նախագահի վերջերս արած խոստումը, որի համաձայն մեկ տարում 3 երեխա ընտանիքում ծնվելու դեպքում նախագահը երաշխավորել է այդ ընտանիքին ապահովել բնակարանով, Հրանուշ Հակոբյանը կոչ արեց հայ ժողովրդին առաջնորդվել դրանով և բազմանալ:
Վերջում Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց բոլորի գալիք Նոր Տարին` ցանկանալով լինել համախմբված` ազգովի դիմակայելու ներքին և արտաքին մարտահրավերներին, համախմբվել հայրենիքի շուրջ, քանի որ «Հայաստանը համայն հայության հայրենիքն է, և Հայաստնաի հոգսերն ու դժվարությունները համայն հայությանն են»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել