Սփյուռքի նորաստեղծ նախարարությունը արդեն լուծել է որոշ խնդիրներ
Ամփոփելով 2008թ.-ը` այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սփյուռք-հայրենիք կապի ամրապնդման համար նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացրել: Նախարարը մասնավորեցրեց, որ իրենք հասցրել են ստորագրել երեք համաձայնագրեր` ՄԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ-ի և Գրողների միության հետ: ԵՊՀ-ում ստեղծվել է սփյուռքագիտության ամբիոն, ԳԱԱ գրականության ինստիտուտում բացվել են սփյուռքի և արվեստի բաժինները: ՀՀ նախագահի համաձայնությամբ, Սփյուռքի նախարարությունը մրցանակ է սահմանել սփյուռքահայ ուսանողների համար: Հավաքագրվել և ստեղծվել է «Հեքիաթների հայ աշխարհ» ժողովածուն: Գրողների միության հետ պայմանավորվածության համաձայն` շուտով կտպագրվի նաև սփյուռքահայ գրողների «Ալմանախ» գիրքը:
Հրանուշ Հակոբյանը նաև անդրադարձավ տարբեր երկրներ իր կատարած այցելություններին, որոնց արդյունքում նախարարությունը կարևորել է երկու խնդիր. վրացական հայ համայնքի զարգացման հայեցակարգի մշակումը և լատինաամերիկյան երկրներում կրթամշակութային զարգացմանն աջակցելու ծրագիրը: Դրանք հունվարին կամփոփվեն և կներկայացվեն կառավարություն: Նախարարն ասաց, որ լատինաամերիկյան երկրներ իր այցելության ժամանակ համոզվել է, որ այնտեղ ուծացման գործընթացը շատ արագ է կատարվում. «Հեռավոր սփյուռքը կարծես մեր ուշադրությունից դուրս է մնացել: Այս երկրներում 100 և ավելի տարվա պատմություն ունեցող հայ համայնքներ կան: Հանրային հեռուստաընկերությունը նույնպես այնտեղ չի հեռարձակվում, մենք ուզում են դպրոցների` ուսուցիչների վերապատրաստման և մշակութային արվեստի խմբեր ուղարկել այնտեղ: Այս երկրներում կան գրքերի, ծրագրերի, դասատուների խնդիրներ»:
Հրանուշ Հակոբյանը նաև վերհիշեց սփյուռքահայ ուսանողների հետ իր հանդիպումները, որտեղ լսել է նրանց հուզող հիմնախնդիրներն ու հարցադրումները: Նախարարը փաստեց, որ արդեն լուծվել են նրանց բարձրացրած խնդիրների մի մասը` գրադարաններից օգտվելու և նրանց կեցության հետ վերջերս առաջացած խնդիրները: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանական ծառայության հետ մշակվում է օրենքի նախագիծ, որը սփյուռքահայ ուսանողներին կօգնի այլևս նման դժվարություններ չունենալ: Ուսման վճարի հավասարեցման խնդիրը նույնպես լուծման ճանապարհին է: Հավասարեցվելու են նաև սփյուռքահայ ուսանողների բժշկական ծառայություններից օգտվելու պայմանները: «Քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում ապրող և աշխատող սփյուռքահայը, եթե դժվարանում է երկքաղաքացի դառնալ, գոնե նրա իրավունքներն ու պարտականությունները հնարավորինս մոտեցվեն Հայաստանի քաղաքացիների իրավունքներին»:
Պատասխանելով հայրենադարձության վերաբերյալ լրագրողների հարցերին` Սփյուռքի նախարարը նշեց, որ ինտեգրման դժվարություններ, իսկապես, կան, բայց բոլոր դեպքերում սփյուռքահայերը Հայաստան եկել են ամենածանր տարիներին` 1992-1994թթ.-ին և մնացել են Հայաստանում: «Մենք հայրենադարձության տակ ուզում ենք հասկանալ ոչ միայն ֆիզիկական հայրենադարձություն, այլև հայադարձություն: Հայրենիքից, իր ինքնությունից կտրված հայը պետք է հիշի, հասկանա, ոգևորվի իր հայրենիքով, վերադառնա իր եկեղեցի, իր հայկական կազմակերպություններ, իր հայկական օջախը»:
Հրանուշ Հակոբյանի կարծիքով` չպետք է պարտադրել նրանց վերադառնալ, այլ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ սփյուռքահայը մեծ ցանկություն ունենա գալ ու հաստատվել հայրենիքում: Նախարարը ուրախալի փաստ է համարում այն, որ բազմաթիվ սփյուռքահայեր Հայաստանում բնակարաններ են գնել, դա արդեն հայրենադարձության կարևոր պայման է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել