Ի նպաստ գիտության եւ սպորտի զարգացման
Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ գիտության եւ տեխնիկայի զարգացման գերակայությունների ձեւավորման սկզբունքները եւ չափանիշները։ Այս մասին հայտնում է կառավարության կայքէջը:
Նիտի ժամանակ նշվել է, որ գիտության եւ տեխնիկայի առաջընթաց զարգացումը, գիտական եւ գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրումը տնտեսության մեջ վերընթաց զարգացման խնդիրներից են։ Ըստ այդմ` կարեւորվել է հիշյալ ոլորտի զարգացման գերակա ուղղությունների հստակեցումը։ Գերակայությունները սահմանելիս, անհրաժեշտ է համարվել իրականացնել, մասնավորապես, ՀՀ-ում գիտության իրական վիճակի վերլուծություն եւ զարգացման հեռանկարային կանխատեսման գնահատում, գիտության եւ տեխնիկայի բոլոր բնագավառներում բարձր որակավորում ունեցող փորձագետների ընտրություն, գիտության եւ տեխնիկայի զարգացման կանխատեսվող գերակա ուղղությունների վարկանիշային ցանկի ձեւավորում, որտեղ առաջնահերթ տեղ է հատկացվում հայագիտությանը` որպես ՀՀ-ի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող բնագավառ։
Մեկ այլ որոշմամբ այսօր հաստատվել են նաեւ գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները, չափանիշները եւ կարգը, որոնց անհրաժեշտությունը պայմանավորված է գիտական եւ գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով։
Բացի այդ կառավարությունը հավանություն է տվել նաեւ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման 2009-2012թթ. ծրագրին եւ դրա իրականացման միջոցառումների ցանկին։ Ծրագրի նպատակը` սոցիալ տնտեսական նոր պայմաններում հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հետագա զարգացումն ու դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է։ Ծրագրի ընդունումը կնպաստի նաեւ բնակչության ֆիզիկական դաստիարակության եւ բարձրագույն սպորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրների լուծմանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել