
Դիլիջանյան գորդյան հանգույց
2011թ. փետրվարի 23-ից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Դիլիջանի նստավայրում (դատավոր Արշակ Շահոյան) սկսվել է Դիլիջանի Օրջոնիկիձե փողոցի 28-րդ տան սեփականատեր Սարդար Աբննուսիի հայցի քննությունը: Վերջինս դատարան ներկայացրած հայցապահանջով խնդրում է ճանաչել գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը: Մոտ 70 տարեկան Աբննուսին երկքաղաքացիություն ունի` Իրանի եւ ՀՀ քաղաքացի է:
Մայիսի 23-ին Աբննուսիի հարեւան, Օրջոնիկիձե փողոցի 30 տան բնակիչ Սուսաննա Հովսեփյանը հակընդդեմ հայց է ներկայացրել հայտնելով, որ1986 թ. իր ամուսին Ալբերտ Սաղաթելյանը (ներկայումս` հանգուցյալ) կառուցել է 0.45 մ լայնությամբ, 16.9 մ երկարությամբ, ավելի քան 3 մ բարձրության հենապատ, որը զբաղեցնում է 7.5 քմ մակերես: Այդ կառույցը թեքության վրա հարթեցրել է Օրջոնիկիձե 30 տնատիրության հողամասը, միաժամանակ այդ տնատիրության բնակելի մասը եւ հողամասը պաշտպանել հողի հոսքի վտանգից: Օրջոնիկիձե 28 տնատիրության այդ ժամանակվա սեփականատեր Զինա Մանասյանը չի խոչընդոտել հենապատի կառուցման աշխատանքներին:
1987 թ. Զ. Մանասյանը իր տնատիրությունը նվիրել է Հասմիկ Եսայանին, ով ընդունել է նվիրատվությունը 2003 թ. հոկտեմբերի 27-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման կողմից Հասմիկ Եսայանին անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական է տրվել, որով գրանցվել է նրա իրավունքը երկհարկանի տան նկատմամբ: Բացի 1987 թ. նվիրատվությամբ ստացած տան ընդհանուր մակերեսից, գրանցվել է 54 քմ մակերեսով եւս մի շինություն եւ կառուցապատված 2-րդ հարկը:
Հակընդդեմ հայցում Սուսաննա Հովսեփյանը նշել է, թե անտեղյակ է եղել, որ Հասմիկ Եսայանը երկաթե ձողերով եւ ամրաններով իր տունը միացրել է իր ամուսնու կառուցած հենապատին եւ այդպիսով ստացել 56 քմ մակերեսով մի խոռոչ, որի նկատմամբ գրանցվել է սեփականության իրավունք:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեից տան սեփականության իրավունք ձեռք բերելուց ընդամենը 3 օր անց Հասմիկ Եսայանը տունը վաճառել է Սարդար Աբննուսիին: Հակընդեմ հայցում Սուսաննա Հովսեփյանը հայտնել է, որ Սարդար Աբննուսին կառուցապատում է իր գնած 450 քմ հողամասը, իսկ կառուցապատման տարածք է դիտարկում նաեւ իր ամուսնու կառուցած հենապատը:
Մինչդեռ Ս. Աբնուսիի 450 քմ մակերեսով հողամասը սահմանակցում է ոչ թե հենապատին, այլ փաստացի վերջանում է մինչեւ հենապատը` 20 սմ հեռավորության վրա: Ս. Հովսեփյանը նշել է նաեւ, որ Դիլիջանի քաղաքապետարանի կողմից Օրջոնիկիձե 28 օբյեկտի վերաբերյալ նշվել է «բնակելի տան վերակառուցում» եւ Սարդար Աբննուսին սեփական առանձնատների արանքում, անհատական բնակելի կառուցապատման գոտում հինգ հարկանի բազմաբնակարան շենք է կառուցում, ենթադրաբար` հյուրանոց: Տիկին Սուսաննան համոզված է, որ այն կփակի իր տան բնական լուսավորությունը:
Հակընդդեմ հայցով Սուսաննա Հովսեփյանը պահանջում է անվավեր ճանաչել 2003 թ. հոկտեմբերի 30-ին Հասմիկ Եսայանի եւ Սարդար Աբննուսիի միջեւ կնքված անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիրը, նաեւ 2003 թ. նոյեմբերի 3-ին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կատարված սեփականության գրանցումը` հենապատի եւ հենապատից դեպի Աբնուսիի հողամաս 20 սմ չափով, ճանաչել իր սեփականության իրավունքը հենապատով զբաղեցված 7.5 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, վիճահարույց տարածքի հանդեպ Աբննուսիի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելով` քանդել ապօրինի կառույցը:
Հուլիսի 27-ին այս գործով կայացավ հերթական դատական նիստը, որին հերթական անգամ չէր մասնակցում հայցվոր Սարդար Աբննուսին: Դատավոր Արշակ Շահոյանի խոսքերով` Աբննուսին ասել է, թե բուժման մեջ է գտնվում: Դատավարության սկզբնական փուլում նա փաստաբան է ունեցել, որից հրաժարվել է: Դատական նիստին մասնակցում էին Դիլիջանի քաղաքապետարանի ճարտարապետ Նվեր Դանիելյանը, քաղաքապետարանի իրավաբան Արեւիկ Թամրազյանը, հակընդեմ հայցով հանդես եկող Սուսաննա Հովսեփյանը, որի շահերը ներկայացնում էր փաստաբան Կարեն Ղալումյանը: Վերջինս վիճարկում էր Դիլիջանի քաղաքապետարանի կողմից Սարդար Աբնուսիին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված`կառուցապատվող շինության առավելագույն բարձրության օրինականությունը:
Կարեն Ղալումյանը քաղաքապետարանի ճարտարապետին հարցրեց, թե Դիլիջանի գոտեւորման նախագծով բնակելի կառուցապատման գոտում շենքի առավելագույն բարձրությունը քանի՞ մետր է նախատեսված: Նվեր Դանիելյանի կարծիքով` 12 մ: Այս պնդումը վիճարկեց Կարեն Ղալումյանը, ով ցույց տվեց քաղաքի գոտեւորման նախագծի համապատասխան հատվածը, որտեղ այդ գոտում կառուցվող շենքերի առավելագույն բարձրությունը 9 մետր է սահմանված: Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաեւ այն հանգամանքին, որ ճարտարապետահատակծային առաջադրանքում գրված է «բնակելի տան վերակառուցում», մինչդեռ Սարդար Աբննուսին բազմաբնակարան շենք է կառուցում:
Ճարտարապետ Նվեր Դանիելյանը ասաց, որ 12 մ առավելագույն բարձրությունը հաշվվում է շենքի հիմքից: Նրա վկայությամբ` հնարավոր է հետագայում Աբննուսին կառույցը վերափոխի բազմաբնակարան շենքի, դրա համար նրան թույլատրվել է մինչեւ 12 մետր բարձրությամբ կառույցի շինարարություն:
Նվեր Դանիելյանի խոսքերով` հնարավոր է, որ հետագայում Սարդար Աբննուսին կարողանա կառավարության միջոցով փոխել այդ շենքի գործառնական նշանակությունը: Դատական նիստի ընթացքում բանավեճ բռնկվեց Կարեն Ղալումյանի եւ Նվեր Դանիելյանի միջեւ: Նվեր Դանիելյանը եւ քաղաքապետարանի իրավաբան Արեւիկ Թամրազյանը հայտարարեցին, որ իրենք ամենեւին էլ Աբննուսի փաստաբանները չեն, որ վերջինս չի ունեցել շինթույլտվություն, քաղաքապետարանը նրան տուգանել է 200 հազար դրամով, որ շինարարությունը կասեցված է: Դատավոր Արշակ Շահոյանը դատավարության մասնակիցներին ուղղված հարցերի միջոցով փորձում էր բացահայտել գործի էությունը:
«Եթե կադաստրը հենապատի սեփականության իրավունքի վկայական է տվել Աբնուսիին, ապա այստեղ ի՞նչ հարց ենք քննարկում»,- հռետորական հարց տվեց դատավորը: Այս գործում ամենամեծ հարցերը կապված են հենց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Դիլիջանի տարածքային ստորաբաժանման հետ, որի կողմից Հասմիկ Եսայանին տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականում արձանագրված գույքի չափերի օրինականությունը կասկածելի է թվում: Այդ ժամանակ ստորաբաժանումը ղեկավարել է Պապ Թամամյանը: Արդեն մեկ տարի ստորաբաժանման ղեկավարն է Էդիկ Առաքելյանը: Վերջինս դատական նիստից առաջ խիստ զայրացած էր, չմասնակցեց դատին, քանզի այդ ժամանակ վերադասը տեսչական այց էր կատարել Դիլիջան:
Ստուգումը կատարվում էր կադաստրի պետական կոմիտեին Սուսաննա Հովսեփյանի հղած բողոք-նամակի հետքերով: Այդ նամակում տիկին Սուսաննան բողոքել էր, որ իր տան եւ Աբնուսիի կառույցի միջեւ գտնվող սահմանը կադաստրի Դիլիջանի ստորաբաժանման կողմից 2006 թ. կազմված փաստաթղթերով եղել է 31 քմ, իսկ 2008 թ. փաստաթղթերով` 11քմ: Որտե՞ղ է «կորել» 20 քմ-ը:
Դատավոր Արշակ Շահոյանը հայտարարեց, որ դատական հաջորդ նիստին կքննվեն դատարան ներկայացված գրավոր ապացույցները: Այն նշանակված է օգոստոսի 17-ին:
Մեկնաբանել