HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովն ամփոփեց տարին

Այսօր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է 2008թ. կատարված աշխատանքներն ու խոսել անելիքների մասին: Նրա տեղեկացմամբ, հանձնաժողովն իր 18-ամսյա գործունեության ընթացքում կայացրել է 97 որոշում, այդ թվում` 36-ը էներգետիկայի, 22-ը` հեռահաղորդակցության բնագավառում, իսկ մնացածները ջրային, փոստային կապի, տնտեսական մրցակցության ոլորտներում եւ այլն: 2008թ. ընթացքում հանձնաժողովը վերանայել է նաեւ բնակչությանը մատակարարվող բնական գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները: «Հեռահաղորդակցության բնագավառում հանձնաժողովը պատրաստվում է նախաձեռնությամբ հանդես գալ եւ փորձել մեղմել գործող սակագները»,-նշել է Վ.Ադամյանը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ հանձնաժողովի երեկ կայացած նիստում հացամթերք արտադրող ձեռնարկություններում ուսումնասիրություն անցկացնելու որոշում է կայացվել, ինչը թույլ կտա 2009 թվականին իրականացնել այդ գործընթացը: «Մենք դիմել ենք համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներին` հացի փոփոխվող գները համապատասխանեցնելու տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքի պահանջներին: Այսօր արդեն ինձ հայտնել են, որ 3 կազմակերպություն խանութներում հացի գինը նվազեցրել են 10 դրամով, ինչը շատ ուրախալի է եւ ողջունելի, որովհետեւ ըմբռնումով են մոտեցել հանձնաժողովի առաջարկությանը»,-նշել է հանձնաժողովի նախագահը, որի կարծիքով, ալյուրի գինը իջել է, ուստի հացի գինը նույնպես պետք է համարժեքորեն իջնի: «Մակերեսային ուսումնասիրություններից ելնելով մենք այն կարծիքին ենք, որ 10 դրամը համարժեք չէ ալյուրի գնի իջեցմանը»,-ավելացրել է Վ.Ադամյանը, նշելով, որ այդ ուղղությամբ մանրամասն ու խորը ուսումնասիրություն անելուց հետո միայն կարող են ասել, թե ինչքան պետք է լինի, ասենք, հացի գինը: Տնտեսական մրցակցության ոլորտում խախտումների, խտրականության եւ այլ երեւույթների բացառմանն է ուղղված նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենքում ամրագրված պատժամիջոցները, որոնք, ըստ հանձնաժողովի նախագահի, հասնում են մինչեւ 300 մլն դրամի, ինչը մեր գործարարների համար խիստ պատժամիջոց կարելի է համարել: Այն հարցին, թե որեւէ կազմակերպության նկատմամբ արդեն կիրառվել է վերոնշյալ պատժամիջոցը, հանձնաժողովի ղեկավարը պատասխանեց, որ նման փաստ չի գրանցվել «այն պարզ պատճառով, որ հանձնաժողովը երբեք ուսումնասիրության չի ենթարկել որեւէ հարց», ինչը պայմանավորված է ինչպես հանձնաժողովի մասնագետների սակավությամբ, այնպես էլ` ցածր աշխատավարձերով : Նա նաեւ ավելացրել է, որ ցածր աշխատավարձի պատճառով արդեն 3 մասնագետ տեղափոխվել է այլ աշխատանքի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter