Կառավարությունը քննարկել է պաշտպանության ոլորտի բարեփոխումները
Այսօր ՀՀ կառավարության նիստը վարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նշելով, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը կարող է արտաքին քաղաքականության, պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերով կառավարության նիստ հրավիրել եւ վարել, Սերժ Սարգսյանն ասել է, թե ընթացիկ տարում առաջին անգամ է օգտվում այդ իրավունքից։
Նիստը սկսվել է ՀՀ պաշտպանության նախարարի ներկայացրած` «ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և ՀՀ ՊՆ քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ եւ ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ստեղծելու մասին» որոշման նախագծի քննարկումով։ Որոշումն ընդունվել է` հնչած առաջարկությունները հաշվի առնելով։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հիշյալ որոշման կապակցությամբ, ընդգծել է, որ այսպիսով, փաստորեն, մենք պաշտպանության բնագավառում մոտենում ենք բարեփոխումների ավարտին. «Եվս մի քանի օր, եւ վերջնականապես պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի կառուցվածքները, ֆունկցիաներն ամբողջովին կտարանջատվեն, եւ մեր պաշտպանության նախարարությունն արդեն կգործի նոր պայմաններով։ Կարծում եմ, որ սրանք ճիշտ որոշումներ էին։ Այս ճանապարհը մենք անցնում ենք արդեն երեք ու կես տարի։ Այդ տարիների ընթացքում հաջողվել է որոշակի նախապատրաստական աշխատանք կատարել, եւ կարծում եմ, որ այս որոշումներով մեր պետության պաշտպանողականությունն ավելի կամրապնդվի»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել