Հունվարի մեկից ժառանգական հարցերով դիմել ցանկացած նոտարական գրասենյակ
Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը այս տարվա կարևոր ձեռքբերումներից է համարում իրավական ակտերի հետ կապված բարեփոխումները, որոնք կբարձրացնեն օրենսդրական ակտերի որակը: Ըստ նրա՝ մինչ այժմ կար մի ավանդական մոտեցում, որ իրավական ակտերը համապատասխանեն սահմանադրությանը և միջազգային պայմանագրերին և դրանցով որոշվեն, թե արդյոք օրենսդարկան ակտերը առաջացնու՞մ են բյուջետային ծախսեր, թե՞ ոչ: Սակայն նախարարը համոզված է, որ իրավական ակտերը պետք է գնահատել նաև ըստ նրա, թե ինչպիսի ազդեցություն այն կարող է ունենալ բյուջեի և մարդկանց կենսամակարդակի վրա:
Այդ նպատակով, նախարարի տեղեկացմամբ, իրենք առաջարկել են, որ իրավական ակտերը 8 տեսակի փորձաքննություն անցնեն և հետո ներկայացվեն օրենսդրական մարմնի ընդունմանը: Խոսքը կվերաբերի բացառապես այն օրենսդրական ակտերի նախագծերին, որոնք ներկայացված են կառավարության օրակարգում: Նախարարը համոզված է, որ այս փորձը հաջող կանցնի, և ընդգրկված օրենսդրական ակտերի շրջանակները կընդլայնվեն:
Ըստ Գ. Դանիելյանի՝ իրավական ակտերի գործնական կիրառման առումով լուրջ խնդիրներ կան նոտարական ծառայություններում. «Չափազանց շատ էին բողոքները և՛ փաստաբաններից, և՛ քաղաքացիներից, որ կան և՛ կոռուպցիոն ռիսկեր, և՛ անհարկի հերթեր և քաղաքացիների հետ վարվելակերպի անհամապատասխանություն էթիկայի նվազագույն պահանջներին»:
Իրավիճակը շտկելու համար հունվարի մեկից ժառանգական գործերով քաղաքացին կկարողանա դիմել ցանկացած նոտարական գրասենյակ, բացի այդ՝ մոտ մեկ երրորդով կավելանա նոտարների թիվը, քանի որ նախկին թիվը չէր համապատասխանում այն ծանրաբեռնվածությանը, որ այսօր առկա է: Ըստ նրա՝ այս նախաձեռնությունը որոշակի դիմադրության է հանդիպել նոտարների շրջանում, քանի որ բոլորն էլ ուզում են ծանրաբեռնված լինել ու շատ փող աշխատել, բայց նախարարի համոզմամբ՝ «պետք է գտնել լավագույն միջինը՝ ապահովելու արդյունավետ սպասարկում և այնպիսի սակագին, որ ընդունելի կլինի քաղաքացիների համար» :
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել