Արդարադատության նախարարը հերքում է Ոսկերչյանի հետ կապված միջադեպի ճշմարտացիությունը
Այսօր Արդարադատության նախարարի հետ հանդիպման ժամանակ լրագրողները բարձրացրին դատական համակարգի գործունեության լուսաբանման սահմանափակ հնարավորությունների հարցը`մատնանշելով «Յոթի գործը»: Նախարարը պատասխանեց, որ լրագրողների համար տանելի պայմաններ ստեղծելու համար կա տեսախցիկ, որը նկարահանում է ամբողջը և առանձին տարածքում նույն դատարանի շենքում լրագրողները և նկարահանող խումբը կարող են հետևել դատին: Իսկ երբ լրագրողներից մեկը նկատեց, որ այդ կերպ հնարավոր չէ դահլիճի էմոցիաները նկարագրել, Դանիելյանը ասաց, որ կարող են լինել մի քանի տեսախցիկներ, որոնք ուղղված կլինեն և՛ դահլիճի, և՛ խոսողի վրա:
«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հիշեցրեց երեկ «Յոթի գործով» որպես մեղադրյալ անցնող Գ. Ոսկերչյանի հետ կապված միջադեպը, երբ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում մարդիկ էին ներխուժել նրան խուզարկելու նպատակով և ծեծի ենթարկել, եւ ասաց, որ խմբագրությունը հեռախոսազանգեր է ստացել կալանավորներից, որ ևս 3 կալանավոր տեղափոխվել են ոստիկանական հիվանդանոց,երեքն էլ՝ «կարցեր»:
Գ. Դանիելյանը պատասխանեց. «Դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, եթե դուք իսկապես ստացել եք ահազանգեր, ապա ես դա կընդունեմ ի գիտություն, կփոխանցեմ իրավապահ մարմիններին, ձեզ որպես վկա կհարցաքննեն, կստանան այդ տվյալները, և կկարողանանք իսկապես օբյեկտիվ անաչառ և բազմակողմանի քննություն իրականացնել: Եթե եղել են այլ դատապարտյալներ, որոնք ձեզ տվել են լիարժեք ինֆորմացիա, մենք նրանց նույնպես կհրավիրենք, դա կլինի լավ համագործակցություն, որը մենք նաև հետագայում կօգտագործենք»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել