HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խելքս էս երկրից բան չի կտրում

Խելքս էս երկրից բան չի կտրում: Չգիտեմ՝ լա՞վն ա, թե՞ վատը, ճի՞շտը շատ, թե՞ սխալը, երկիրը սիրողնե՞րն են իսկական հայը, թե՞ մեր նեղ օրն իրենցով անողները: Հայրենքից գնացողնե՞րն են ուժեղները, թե՞ մնացողներն են անհույս լավատես: Որ նայում եմ փողոցներում օրեցօր ավելացող շքեղ ավտոմեքենաներին,  թանկարժեք ուղեգրերվ  հանգստյան տների` էստի համեցեք անող հայտարարություններին, ամեն քայլափոխի հանդիպող շինանյութերի խանութներին, գեղեցկության սրահներին,  զրնգան խաղալիքների  փոխարեն  մանկական սայլակներից կախված բջջային հեռախոսներին,  քիչ է մնում ես էլ Երևան հասնեմ, մասնակցեմ Ազատության հրապարակում կազմակերպվող մի հանրահավաքի, ասեմ՝ այ մարդ, ի՞նչ եք ուզում,  էսենց էլ երկի՞ր:

Փող կա, չէ՞, որ ավտոմեքենաներով ընտանիքի անդամներն արդեն  կարող են քարկտիկ խաղալ: Միայն թե զգացե՞լ եք,  որ փողոցում որոշ մեքենաների նկատմամբ մարդիկ միանշանակ վերաբերմունք չունեն, նրանցից որոշները նույնիսկ նյարդայնանալու տեղիք են տալիս: Չէ, խոսքը շտապ օգնության ավտոմեքենաներին չի վերաբերվում, ոչ էլ անգամ մեռել տեղափոխողներին: Անբարյացակամ ազդակը զգալ է տալիս, երբ անցնում է այս կամ այն բանկի, վարկային կազմակերպության մակնանշումով ավտոմեքենան: 

Չգիտես ինչու, գուցե և թույլ նյարդեր ունեցողներին թվում է, թե հենց այդ մեքենաներով են տեղափոխում  վարկերի  «զոհ դարձած»  իրենց տների, հողերի փողերը: Այդ բանկերն են մեղավոր, որ անգամ թոռան հարսանիքին չի կարողանում գրավից հանի իր ամուսնության մատանին, որ  բանկում գրավադրել էին առաջնեկի ծնվելու օրերին, որ ծննդատան փողը տան: Բա բանկը որ փող չտար, կմտածեի՞ն մի երկու հեկտար էլ իրենք ցորեն ցանեին, գոնե ցամաք հացի տեր դառնային: Չվերցնեին, հազար կարկուտ էլ լիներ, հայրական տնից կզրկվեի՞ն, աչքը սարքելու փոխարեն, չէ, ի՞նչ ունք, տունն էլ հետը կքանդվե՞ր: Սկի աստծո աջը պաչող նախարարի խոսքը չլսեց Բարձյալը, որ գոնե մի քիչ անձրև տեղար, իրենց  կտրեմ-կցեմ անող ձեռքը ո՞նց կարար ճար աներ, որ գոնե մի տարի բաշխեին, բալքի եկող տարի կարողանային ցորենից, մեղրից ծախեին, պարտքը տային:

Ա~խ, այդ ավտոմեքենաները, որոնք ոչ թե օրերով, այլ ժամերով են ավելանում հիմնականում ամռանը, երբ ռուսաստաններում ապրող ու, չգիտես ինչու, անպայման սպիտակ կոստյումով ու ոսկյա հաստ շղթայով տղերքը մի քանի օրով տուն են գալիս ու իրենք հիմնականում հյուր չեն գնում,  իրենց պիտի ղոնաղ անեն, մի գրաֆիկ էլ ըստ էդ կանչերի  կազմում են, թե որ օրը ում տուն գնան:

Հետո  մի քանի բաժակ խմելուց հետո որոշում են բաջանաղին կամ հորն ու մորը հիվանդ վախտը մի բաժակ ջուր տվող պուճուր ախպորը մի ավտո նվեր առնել, բա ո~նց, նոր տարին նրանք են իրենց ծնողների հետ սեղան նստում: Անպայման առաջին բաժակը ծնողների կենացն են խմում, բայց որ  հարյուր տարին մեկ արձակուրդ են գալիս, ատամի իրենց մածուկն էլ են բերում:

Թե որ շոգ չեղավ, հաստատ գնալու եմ Երևան, մի քանի խոսք էլ էն մասին ասեմ, որ  ամբողջ աշխարհը թափված է Տաթևի ճոպանուղում, անգամ Մոզամբիկից են գալիս  Տաթևի բոխի ուտելու, էդ Երևանի ասֆալտից հետո ի՞նչ եք գտնում մալայաններում, ուռեկիներում: Ջու՞ր: Սատանի կամրջի կամ Շաքիի ջրվեժի ջուրը պակաս բուժիչ չի (դե, Սևանի անունը չեմ տալիս,  քանի~ արձակուրդային պիտի տան, որ կարամ գոնե մի քիչ թրջվեմ): 

Հետո ի~նչ, որ Տաթևում զբոսաշրջության զարգացման հեռանկարների մասին զրույցները հակադարձ համեմատական են հնարավորություններին ու քայլերին, որոնք իրականացվում են: Ենթադրենք, թե  մի քանի լավ տղերքով  ճաշելու  հարմարություն ստեղծեցին:  Լավ, ճոպանուղին նստեցին, մի օր էլ իբր ագրոտուրիզմ զարգացնող մի տաթևացու ընտանիքում հյուրընկալվեցին, ուրիշ ինչո՞վ պիտի գայթակղես, որ  մարդիկ գան հանգստանալու. հո իրենց փողի ձեռքը կրակը չե՞ն ընկել, որ տանեն ուրիշ երկրում լվանան:

Գուցե հենց էդ փողերով էլ նոր տուն կառուցեն, թե չէ շինանյութերի խանութներում վաճառվող շինարարական պարագաները  քանի ու մեկ ներդրվեն կանաչ տարածքների վրա սնկի նման աճող սրճարաններ, գեղեցկության սրահներ կառուցելու համար: Էդ էլ  դատարանի շենք չի, ճանապարհ չի, կամ ջրագիծ չի, որ կառուցեն ու փողը չտան կամ էլ առանց հանգստյան օրերի, առանց աշխատանքային օրվա սահմանափակման արևի տակ քափ ու քրտինքի մեջ աշխատող բանվորին (ով առանց ծանոթի էդ աշխատանքը չէր էլ գտնի) օրական հազար դրամ աշխատավարձ տան, ու նրանցից և ոչ մեկի համար հաստատ աշխատանքային ստաժ չի էլ հաշվարկվում:

Ու չգիտես, մի քանի տասնյակ տարի հետո էս երկրում թոշակ ստացող լինելու է՞, որովհետև ամեն տեղ օրավարձով աշխատանք փնտրող մարդը իբր կարողանում է  էսօրվա հացի խնդիրը լուծի, որ մի բան էլ վաղվա օրվա մասին մտածի: Կամ ի՞նչ մտածի, իր փոխարեն արդեն մտածողներ կան. առաջիկա մեկ-մեկուկես տարվա մեջ էնքան շատ է լսելու, որ էլ էսենց չենք ապրելու, որ մեր պայծառ ապագան արդեն իսկ սկսվելու է հենց առաջիկա ընտրություններից հետո, մենակ թե ճի~շտ կողմնորոշվել ա պետք:

Դրա համար էլ ա Երևան գնալ պետք, որովհետև մայրաքաղաքից դուրս ընտրողների ձայն ու՞մ ա պետք. շատ-շատ մի քանի հարյուր բուկլետ  կուղարկեն, որոնք հիմնականում նախորդ ընտրություններից են մնացել տպարաններում, մի քանի հարյուր հազար դրամ, որ ամենքը  երկու-երեք վստահելի անձ ունենան: Հա, մեկ էլ տեղացի իրենց ընկեր-տղերքին կխնդրեն մի քանի պադվալ նորոգեն, չորս աթոռ ու մի սեղան դնեն` դռան վրա էլ փակցնեն……….նախընտրական շտաբ:

Շատ-շատ մեկ էլ շքախմբով իբր հանդիպումների կգան` իրենք ավելի շատ կլինեն, քան հավաքվածները, որովհետև մեկն էդ օրը  վարկի տոկոսը մարելու համար ստիպված կլինի դռնեդուռ ընկնել, երկրորդը հազիվ մի քանի օրվա գործ ա կպցրել, որ գոնե մի մեշոկ ալյուր առնի, երրորդը կվախենա, որ իրեն կարող են տեսնել հենց էդ  թեկնածուի հետ, մյուսն էլ, արդեն երրորդ ընտրությունն է, ինչ-որ մեկը… սխալվում է, իր փոխարեն ընտրում: Կամ ընտրելս ո՞րն ա: Որից ո՞րը պիտի ընտրենք:  Անցյալ անգամ էլ ասեցին՝ ընտրենք արժանավորներին ու արժան չեղան նրանց գոնե մեկ այցին: Հեռուստացույցով էլ չտեսան: Ձեններն էլ չլսեցին, կարող ա՞  երես չունեն: Կամ կարող ա՞ միտինգի են գնացել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter