Չեզոք աշխատավայր՝ Փաստահավաք խմբի համար
Հայ ազգային կոնգրեսի եւ «Ժառանգություն» կուսակցության համատեղ հայտարարությունը
Նոյեմբերի 20-ին մենք հրապարակել ենք Մարտի 1-ի խնդրով ստեղծված Փորձագետների փաստահավաք խմբի գործունեության մասին համատեղ հայտարարություն` դատապարտելով անկախ այս մարմնի աշխատանքներին նախագահի աշխատակազմի միջամտությունը, մասնավորապես, հակառակ Փաստահավաքի կայացրած որոշման` նրան Ազգային Ժողովի շենքում աշխատելու պարտադրանքը:
Պարզվեց, որ տեղին էին մեր մտահոգություններն առ այն, որ ԱԺ շենքում ապահովված չեն վկաների ինքնության չբացահայտման, վկաներին եւ փորձագետներին տարատեսակ ազդեցություններից զերծ պահելու պայմանները: Նախապես մեզ դիմած բազմաթիվ վկաներ, անվստահություն ունենալով ոչ թե Փաստահավաք խմբի, այլ նրա աշխատավայրի նկատմամբ, հրաժարվում են տեղեկատվություն եւ վկայություն տրամադրելուց` զգուշանալով բացահայտվելու ու հետապնդումների ենթարկվելու հեռանկարից:
Մենք շարունակում ենք պնդել մեկ ամիս առաջվա մեր հիմնավորված պահանջի վրա` Փաստահավաք խմբին այլ, չեզոք մի տեղում աշխատավայր տրամադրելու մասին: Միաժամանակ մենք ներկայացնում ենք երկրորդ, արդեն հասունացած մի երկրորդ հրատապ խնդիր լուծելու պահանջ: Հաշվի առնելով, որ Փորձագետների փաստահավաք խմբի անդամները գործունեության մեկ ամսվա ընթացքում կուտակել է մեծաքանակ արժեքավոր տեղեկատվություն, որ էական է մարտիմեկյան ոճրագործության բացահայտման համար, ինչպես նաեւ այն, որ մինչեւ օրս բացահայտված եւ պատասխանատվության կանչված չեն մարտի 1-ին անմիջականորեն սպանություն կատարած ու նրանց հրաման տված անձինք ու պաշտոնյաները, անհրաժեշտություն է առաջացել ապահովելու Փորձագետների փաստահավաք խմբի անդամների անձնական անվտանգությունը: Հակառակ դեպքում Փաստահավաք խւմբի անդամներից յուրաքանչյուրի հետ հնարավոր որեւէ միջադեպի ուղղակի պատասխանատվությունը կկրեն իշխանությունները եւ գործող նախագահն անձամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել