Գ. Դանիելյան. «Միայն աշխատավարձերի բարձրացմամբ դատարանների աշխատանքի արդյունավետությունը չի բարելավվի»
Այսօր Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կարճ ժամանակում դատաիրավական բարեփոխումների նախկին փուլի որոշ հիմնադրույթներ և որոշ ինստիտուտներ չկարողացան ունենալ այն արդյունավետությունը, որին սպասում էին:
Չնայած նախարարը խոստովանում է, որ իրենցից շատերը չէին էլ սպասում մեծ արդյունավետություն, քանի որ դեռ ժամանակին պնդում էին, որ դատական կառուցվածքի համակարգում մի փոքր դրսևորվել է և՛ սուբյեկտիվիզմ, և՛ շտապողականություն. «Եթե այսօր կան որոշ պնդումներ այն հարցի շուրջ, որ բավարար չափով հաշվարկներ չեն իրականացվել, ես ասում եմ, որ դա այնքան էլ իրավաչափ և հիմնավորված չէ, քանի որ խնդիրը միայն հաշվարկներին չի վերաբերում, և այն, որ այսօր սահմանադրական դատարանը մի շարք դրույթներ, այդ թվում և դատաիրավական բարեփոխումների վերջին փուլում ընդունված, ճանաչում է հակասահմանադրական, խոսքն արդեն այն մասին է, որ մենք պետք է ոչ թե հաշվարկների առնչությամբ վերլուծություններ կատարենք, այլ ընդունենք, որ կան սխալներ, որոնք անգամ չեն բխում Սահմանադրությունից»:
Մտահոգություներ հայտնելով` նախարարը խոսեց նաև այն մասին, թե ինչ է արվում սխալները շտկելու համար: Նա նշեց, որ ստեղծվել են մի շարք հանձնաժողովներ, որոնք պետք է մշակեն դատաիրավական բարեփոխումների տարբեր օրենսդրական նախագծեր: Նախարարը կարևորեց, որ այս հանձնաժողովներում պետք է լսելի դարձնել բոլորի ձայնը, այդ թվում՝ գիտնականների, որոնք իրավասու են և՛ դրական, և՛ բացական առումով ազդելու հանձնաժողովների աշխատանքների վրա, իսկ ընդհանուր առմամբ, նախարարի համոզմամբ, այնպես անել, որ հանձնաժողովների անդամները ներկայացնեն ոչ թե իրենց սուբյեկտիվ, այլ իրենց գերատեսչությունների կարծիքը, քանի որ դա կապահովի անաչառություն:
Ըստ Արդարադատության նախարարի` այժմ քայլեր են արվում քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները վերացնելու ուղղությամբ, սակայն դա չի վերաբերում վարչական դատարանին, քանի որ դրա գործունեությունը արդարացված է. «Մասնագիտացված դատարաններին վերապահված գործերը փոխանցվելու են, մեր պատկերացմամբ, ընդհանուր իրավասության դատարաններին, և դատավորների թիվն էլ կվերաբաշխվի ընդհանուր իրավասության դատարանների վրա»: Ըստ նրա՝ սա փորձ է վերականգնելու վճռաբեկ դատարանների պալատների գործունեությունը, որոնք հիմա անդեմ կառույցներ են:
Գ. Դանեիլյանը կարծում է նաև, որ պետք է հստակեցնել գործադիր և դատական իշխանությունների հարաբերությունները: Ըստ նրա՝ այս խնդիրը միշտ դիտարկվում է այն տեսանկյունից, որ գործադիր իշխանությունը ունի պոտենցիալ հնավորություն՝ ներազդելու դատական իշխանության վրա: Ըստ նրա` այս մոտեցումը ձևավորված է ոչ միայն Հայաստանում, ցանկացած միջազգային փաստաթղթում կարելի է հանդիպել: Սակայն նախարարի մոտեցումն այլ է. «Դատական իշխանությունը հիմա ճիշտ այնպիսին է, որ ինքը ևս ձեռք է բերել լծակներ՝ գործադիր իշխանության վրա ներազդելու, իսկ առանձին դեպքերում՝ անգամ փոխարինելու գործադիր իշխանությանը»: Խոսքն այն մասին է, որ վարչական մարմինները որևէ տուգանք բռագանձելու համար դիմում են դատարանին և դրանով, ըստ Դանիելյանի, իրավական ակտերի կատարումը կախվածության մեջ է դնում դատարանի դիրքորոշումից: Ըստ նրա՝ նման բան որևէ այլ երկրում չես հանդիպի, և Դանիելյանը կարծում է, որ հնարավոր է ժամանակին դա արվել է որոշակի նպատակներով: Դրա համար էլ Աժ ներկայացված վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծով իրենք փորձելու են բացառել այդ հնարավորությունը:
Ի դեպ, Արդարադատության նախարարի համար մտահոգիչ է նաև Պետական ակտերի կատարման հարկադիր ծառայության ոլորտը, քանի որ կան կասկածներ, որ այս ոլոտում կոռուպցիոն ռիսկերը շատ են: Ըստ Դանեիլյանի` վերջին կադրային և օրենսդրական փոփոխությունները նպաստել են նրան, որ կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Սակայն այս ծառայությունը լիովին պետական սեկտորին հանձնելը իրեն չի արդարացնում, և կգա ժամանակ, որ որոշ ոլորտներ կհանձնվեն մասնավորին, իհարկե այնպես անելով, որ ժամկետներն ու ընթացակարգերը չփոխվեն:
Նախարարի համար ակնհայտ է, որ միայն աշխատավարձերի բարձրացմամբ դատարանների աշխատանքների արդյունավետությունը չի բարելավվի. «Սա մի պայման է, որ շատ այլ ինստիտուների ներդրման հետ անպայման կնպաստի ոլորտի բարելավմանը»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել