Ղարաբաղում աջակցում են ՀԿ-ներին եւ ոչ պետական թերթերին
ԼՂՀ պետբյուջեից հասարակական կազմակերպություններին եւ ոչ պետական թերթերին տրամադրվող պետական աջակցության մասին հարցը բարձրացվել էր անցած ամսում կայացած Ազգային ժողովի նիստի ընթացքում: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նշել է, որ իրենց չի բավարարում այն խորհրդի աշխատանքը, որը մինչեւ այս տարի իրականացնում էր հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված ծրագրերի մրցույթը: Նա միաժամանակ տեղեկացրել է, որ այս տարի որոշել են մրցույթ չանցկացնել, այլ բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում ֆինանսավորել այն կազմակերպություներին, «որոնց պարտավոր են աջակցել` Ազատամարտիկների, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հարազատների, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ինչպես նաեւ՝ Գրողների, Նկարիչների միություններ»: Թե ում ինչքան գումար է տրամադրվել, այդ մասին նիստում չասացին:
Տեղեկացնենք, որ այս տարվա բյուջեով հասարակական կազմակերպություններին եւ ոչ պետական թերթերին ֆինանսական աջակցության համար նախատեսված էր 55 մլն դրամ: Մենք փորձեցինք կառավարությունից ճշտել, թե որ կազմակերպություններին եւ ոչ պետական թերթերին է ֆինանսական աջակցություն տրամադրվել, սակայն դրա համար ստիպված եղանք տարբեր տեղեր դիմել: Սկզբից փորձեցինք ճշտել կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, բայց մեզ ասացին, որ դիմենք ֆինանսների նախարարություն, ֆինանսների փոխնախարարին մի քանի անգամ դիմելուց հետո նա խորհուրդ տվեց դիմել նախարարին, իսկ վերջինս էլ մեզ ասաց, որ ցուցակը կարող ենք վերցնել նախկին հասարակական խորհրդի նախագահ, կառավարության աշխատակազմի գործերի կառավարչի տեղակալ Միքայել Գասպարյանից:
Մ.Գասպարյանի հետ զրույցում նա նշեց, որ մրցույթ անցկացվել է 6 անվանակարգերում եւ ֆինանսավորվել է 13 ծրագիր: Նրա տեղեկացմամբ, 1 մլն 500 հազար դրամ է տրամադրվել «Հելսինկյան նախաձեռնություն-92» ԼՂՀ կոմիտեին, 2մլն 500 հազար դրամ` Արցախի նկարիչների միությանը, 2մլն` ԼՂՀ անհայտ կորած զինծառայողների հարազատների միությանը, 1մլն 500 հազար դրամ` ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպությանը, 2մլն` ԼՂՀ խուլերի միությանը, 300 հազար` «Մանկավարժ» ՀԿ-ին, 2մլն 770 հազար դրամ` ԼՂՀ պատերազմի եւ աշխատանքի վետերանների ՀԿ-ին, 1 մլն` Աֆղանստանի պատերազմի վետերանների միությանը, 1մլն 500 հազար դրամ` «Մայրություն» ՀԿ-ին, 10 մլն 500 հազար դրամ` ԼՂՀ գրողների միությանը, 3 մլն 500 հազար դրամ` Զոհված զինծառայողների հարազատների միությանը, 1 մլն 700 հազար դրամ` ԼՂՀ կույրերի միությանը, 1մլն 500 հազար դրամ` Ռուսական համայնքին, 3-ական մլն` Արցախյան գոյամարտի վիրավոր ազատամարտիկների «Վիտա» ՀԿ-ին եւ Արցախի ազատամարտիկների միությանը, 1մլն` ժուռնալիստների միությանը եւ 440 հազար դրամ`«Ինքնակառավարում» ՀԿ-ին:
Սովորաբար ամեն տարի մրցույթի մասին հայտարարություն էր հրապարակվում, որտեղ նշվում էին նաեւ այն անվանակարգերը, որոնց հաղթող ծրագրերը նախատեսվում է ֆինանսավորել, սակայն այս տարվա ֆինանսավորման ենթակա ծրագրերի մրցույթի մասին հայտարարություն չի եղել: Ուստի այդպես էլ պարզ չի, մրցույթ եղել է, թե ոչ, քանի որ կառավարության անդամներն այդ առնչությամբ տարբեր տեղեկություններ են տվել: Իսկ թե ինչով էր պայմանավորված նաեւ Գրողների միությանը ցուցաբերած այդպիսի շռայլ վերաբերմունքը` 10 մլն 500 հազար դրամի տրամադրումը, դա էլ այդքան պարզ չէ: Մ.Գասպարյանը միայն նշեց, որ ծրագրում ընդգրկված էր նաեւ միության «Եղիցի լույս» եւ «Պըլը-պուղի» թերթերի ֆինանսավորումը:
Մի հետաքրքիր հանգամանք եւս. «Ինքնակառավարում» ՀԿ-ն, որը գրանցվել է 2007թ. հունվարին, այս տարվա փետրվարին է ստացել 440 հազար դրամ պետական աջակցությունը, սակայն ՀԿ-ն, ինչպես տեղեկացանք ԼՂՀ արդարադատության նախարարությունից, լուծարվել է այս տարվա մարտի 20-ին:
2009-ին պետական բյուջեի նախագծով վերոնշյալ ծրագրերի համար նախատեսված է արդեն 60 մլն դրամ, իսկ թե ինչ սկզբունքներով կտրամադրվեն այդ գումարները, որ անվանակարգերում դեռ այդքան էլ պարզ չէ, չնայած վարչապետը հայտարարել է, որ գումարը հատկացվելու է ծրագրերին:
Անահիտ Դանիելյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել