HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավորի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն

Երեկ «Յոթի գործով» մեղադրվող Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտարարել էր, թե իր պաշտպանյալին մեկուսարանում ծեծել են, ինչը քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը որակել էր իբրեւ հերյուրանք: Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում «Յոթի գործի» պաշտպաններն անդրադարձան նաեւ այդ խնդրին: «Ձեր կարծիքով պե՞տք է ասեին` ծեծել ենք, լավ ենք արել»,- նկատեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը: Իսկ Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշեց, թե այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) տեսակցել է իր պաշտպանյալին, եւ «այլ կարծիք լինել չի կարող. Ոսկերչյանի նկատմամբ իրականացվել են բռնարարքներ եւ խոշտանգումներ»: Ավելին` պաշտպանի տեղեկություններով` բռնարարքներ են եղել ոչ միայն Գրիգոր Ոսկերչյանի, այլեւ վերջինիս խցակիցների եւ մեկուսարանի մյուս կալանավորների նկատմամբ, «որոնցից մի քանիսի վիճակը ծայրաստիճան վատ է, նույնիսկ լսել եմ, որ տեղափոխվել են հիվանդանոց»: Ստեփան Ոսկանյանը կատարվածի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին եւ միջնրդել է մեղավորների նկատմամբ հարուցել քրեական գործ: «Միաժամանակ նաեւ ներկայացվել է իմ պաշտպանյալի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնել, քանի որ երեկ դատական նիստի ժամանակ նաեւ նկատեցինք, որ Ոսկերչյանի ականջի շրջանում կարմրության հետքեր կան եւ նա գանգատվում էր ականջի ուժեղ ցավերից»,- ասում է փաստաբան Ոսկանյանը: «Ոսկերչյանին ծեծի ենթարկող անձը, ըստ իր հայտարարության, եղել է քրեական պատիժների իրականացման վարչության հատուկ ջոկատի ղեկավարը: Այդ անձնավրությանն իմ պաշտպանյալը դեմքով կճանաչի, եթե կատարվեն համապատասխան քննչական գործողություններ»,- ավելացնում է փաստաբանը: Նա նշում է նաեւ, թե երեկ երեկոյան իրեն հայտնել են, որ Ոսկերչյանին անհայտ պատճառներով խցից տղափոխել են: «Ես կապվել եմ ՔԿՀ-ի վարչության մամլո խոսնակի հետ եւ նա պաշտոնապես հայտարարեց, որ նման բան չկա: Բայց այսօր տեսակցության ժամանակ պարզվեց, որ երեկ երեկոյան նրան 006 խցից տղափոխել են 43 խուց, որտեղ պայմաններն անհամեմատ ավելի վատն են: Եթե նախկինում նա գտնվում էր 4 կալանավորների հետ, այժմ նա տարածքով ավելի փոքր խցում 11 անձանց հետ է, եւ իր համար չկան աշխատելու պայմաններ, մասնավորապես քրեական գործի նյութերն ուսումնասիրելու եւ գրառումներ կատարելու»,- մանրամասնում է Ս. Ոսկանյանը: Վերջինս գլխավոր դատախազին ներկայացրած իր հաղորդման մեջ նշել է նաեւ «Յոթի գործը» քննող դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից հանցագործություն կատարելու մասին, քանի որ «դատարանի դահլիճում նրա ներկայությամբ հնչած խոշտանգման մասին հայտարարությանը նա որեւէ կերպ չի արձագանքել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter