Արմեն Հարությունյանը ՀՀ արդարադատության նախարարին առաջարկել է անցկացնել ծառայողական քննություն
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում գտնվող կալանավոր Գրիգոր Ոսկերչյանի շահերի պաշտպան` փաստաբան Ստեփան Ոսկանյանը զանգվածային լրատվության միջոցներով հայտարարել էր, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել:
Նույն օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ահազանգել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ գտնվող կալանավոր Գևորգ Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը և հայտնել, որ իր պաշտպանյալը քրեակատարողական հիմնարկում ծեծի է ենթարկվել և իրեն չեն թողնում տեսակցել վերջինիս հետ:
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել նախնական կալանքի տակ գտնվող Գրիգոր Ոսկերչյանին և Գևորգ Մանուկյանին: Պաշտպանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գրիգոր Ոսկերչյանը հայտնել է, որ 23.12.2008 թվականին, ժամը 10.00-ին կալանախուց են մտել հարկի հերթապահ Թաթուլ Հակոբյանը և իրեն անծանոթ այլ անձիք, կալանախցում խուզարկություն կատարելու համար: Իրեն որպես տարիքով ավագի թողել են կալանախցում, իսկ մյուս կալանավորներին հանել են խցից:Խուզարկության ժամանակ խուզարկություն կատարողներից մեկը տեղեկանալով, թե ինքը ՀՀ քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրվում, ուժգին ապտակել է իրեն, որից հետո ևս մեկ հարված է ստացել աջ ոտքին: Ստացած հարվածների հետևանքով իր ինքնազգացողությունը խիստ վատացել է, որի պատճառով էլ իրեն նշանակված ժամից ուշ են ներկայացրել դատարան:
Մյուս կալանավոր Գևորգ Մանուկյանը պաշտպանի ներկայացուցիչներին հայտնել է, որ արդեն հանդիպել է իր փաստաբանի հետ, իսկ ինչ վերաբերում է իրեն ծեծի ենթարկելուն, ապա հրաժարվում է այդ առումով որևէ հայտարարություն անել, քանի դեռ չի խորհրդակցել փաստաբանի հետ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դատապարտում է նման բռնության երևույթը, համարելով այն որպես ճնշում ամբաստանյալների վրա, ուստի Գրիգոր Ոսկերչյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին առաջարկելով անցկացնել ծառայողական քննություն և պատժել մեղավոր անձանց:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան ատյաններում բարձրացրել է լրագրողների կողմից դատական նիստը լուսաբանելու պայմանների հետ կապված հարցերը, որպիսի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն լուսաբանել դատավարությունը, այլ ոչ թե ստիպված լինեն օգտվել մատուցված նյութից, նաեւ` ամբաստանյալների հարազատների` դատական նիստերի դահլիճ մուտքի ապահովման հարցը, քանզի դատական նիստերի դահլիճում էին գտնվում քաղաքացիական հագուստով բազմաթիվ ոստիկանության աշխատակիցներ, մինչդեռ ամբաստանյալների հարազատների մեծ մասը չէին կարողացել մուտք գործել այնտեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել