Ղարաբաղում սոցիալական ոլորտին 2009-ին կուղղվի 15.9 մլրդ դրամ
ԼՂՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում տեղի ունեցավ 2009թ. պետական բյուջեի նախագծի առաջին ընթերցումը, ինչպես նաեւ քննարկվեցին բյուջեի կատարումն ապահովող մի շարք օրենքների նախագծեր եւ բյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացվող ծրագրեր:
Ներկայացնելով 2009թ. պետության գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը նշեց, որ բյուջեի ձեւավորման ընթացքում հաշվի են առնվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունները եւ քննարկվել են դրանք հնարավորինս մեղմելուն ուղղված քայլեր:
Ինչպես նշվեց նիստի ընթացքում, սոցիալական ոլորտին 2009 թվականին կուղղվի 15.9 մլրդ դրամ գումար, այս տարվա համեմատ 58 տոկոսով կաճի գյուղատնտեսությանն ուղղվող գումարը, պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գումարը կկազմի 1մլրդ 200 մլն դրամ:
Բյուջեի կատարումն ապահովող օրենքների նախագծերի մի փաթեթ վերաբերում էր հարկային ոլորտին: Նախագծերից երեքը ետ վերցվեցին` Ազգային ժողովում հնչեցված կարծիքների եւ պատգամավորների կողմից ներկայացված առաջարկությունների պատճառով: Դրանցից մեկը շահութահարկի մասին օրենքում փոփոխությունների օրինագիծն էր, ըստ որի, հաջորդ տարվա կեսերից նախատեսվում էր Ղարաբաղում գործող շահութահարկի 5 տոկոսը դարձնել 10 տոկոս: Պատգամավորները դեմ էին այդ առաջարկին: Մյուսը վերաբերում էր հարկային ծառայության մասին փոփոխություններին, որոնց համաձայն, հարկային մարմինների բարձրագույն պաշտոններում հնարավոր կլինի առանց մրցույթի անցկացման նշանակել մարդկանց, մյուս դրույթն էլ վերաբերում էր հարկային մարմինների ներկայացուցիչների կուսակցության անդամ լինելուն: Մյուս օրինագիծն էլ եկամտահարկի մասին էր, ըստ որի, շահութահարկի բարձրացման հետ մեկտեղ պետք է նաեւ բարձրանար եկամտահարկը:
Ակտիվ քննարկումներ ծավալվեցին նաեւ զբաղվածության կարգավորման 2009թ. տարեկան ծրագրի շուրջ, որը ներկայացրեց ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ազատյանը: Պատգամավոր Բենիկ Բախշիյանին հետաքրքրեց, թե որքանով է ծրագրի մշակման ընթացքում հաշվի առնվել գյուղական բնակավայրերի բնակիչների զբաղվածության հարցը եւ ինչ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ գալիք տարում: Ի պատասխան Նարինե Ազատյանը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսված է գյուղաբնակների զբաղվածության ուսումնասիրություն եւ համապատասխան առաջարկությունների ներկայացում: Իսկ ԼՂՀ-ից դուրս արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների հնարավոր վերադարձի մասին հարցին ի պատասխան սոցապահովության նախարարը նկատեց, որ հաշվի է առնվել նաեւ այդ հանգամանքը: Նա նաեւ ավելացրել է, որ սկսված է միգրացիայի նոր հայեցակարգի մշակման գործընթացը, որը նույնպես ենթադրում է համապատասխան քայլեր:
Ազգային ժողովի այսօրվա նիստը, որի օրակարգային ամենագլխավոր հարցը ԼՂՀ 2009թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագիծն էր, ընդմիջվեց մինչեւ դեկտեմբերի 29-ը: Այդ օրը նախատեսվում է բյուջեի նախագծի վերջնական ընդունումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել