Լիպարիտ Սիմոնյան. «Ուզում են «7 գործի» դատաքննությունն անցկացնել դռնփակ»
Այսօր «Ուրբաթ» ակումբում, իրենց խոսքերով` արտակարգ ասուլիս էին հրավիրել «7 գործի» պաշտպանները: Հիշեցնենք, որ գործի շրջանակներում «Սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար մեղադրվում են նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը, ՀՀՇ անդամ Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը եւ Շանթ Հարությունյանը:
Այսօր լրացել է Ալեքսանդր Արզումանյանի ծննդյան 49-րդ տարելիցը, ինչի կապակցությամբ վերջինիս պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը խոսքը սկսեց շնորհավորանքով եւ անդրադարձավ դատավարության առաջին երկու նիստերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին` դատաքննության առաջին օրը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտարարել էր, թե չի թույլատրվում նիստը տեսաձայնագրել 30 րոպեից ավելի: Բայց փաստաբան Հովիկ Արսենյանի առարկությունն ընդունվել էր, եւ դատարանն օպերատորներին թույլատրել էր ձայնագրել ամբողջ նիստը:
«Սակայն երեկվա դատական նիստին լրագրողներին չթույլատրվեց գտնվել դատարանի դահլիճում եւ կատարել նկարահանումներ: Այսինքն, ըստ էության` չէր կատարվում դատարանի կայացրած որոշումը եւ առաջարկում էին նկարել մոնիտորը, ոչ թե դատական նիստը: Սա, կարծում եմ` առաջին քայլն էր դատաքննության հրապարակայնությանը խոչընդոտելու առումով, ինչը հանդիսանում է արդար դատաքննության սկզբունքներից մեկը»,- ասում է Լիպարիտ Սիմոնյանը:
Բացի այդ, դեկտմբերի 19-ին գործով տուժող ճանաչված անձինք դատաքննությանը հետեւում էին դահլիճի այն հատվածից, որն օրենքով սահմանված է վերջիններիս համար: Բայց երեկվա նիստի ժամանակ նրանց մի մասը զբաղեցրել էր մեղադրյալների հարազատների, ընկերների համար նախատեսած տեղերը:
«Ինձ հայտնեցին, որ բացի տուժողներից այնտեղ եղել են նաեւ քրեական հետախուզության աշխատակիցներ` քաղաքացիական հագուստով: Նրանք դատարանի դահլիճում իրենց պահում էին շատ վատ` նորմայից դուրս: Մասնավորապես` հայհոյհանքներ էին տալիս մեր պաշտպանյալների հասցեին եւ դրանով փորձում էին ապակայունացնել դահլիճի վիճակը»,- նշում է պաշտպան Սիմոնյանը:
Նրա կարծիքով` դա ամենեւին պատահական չէր եւ ուղղակի նպատակ էր հետապնդում ստեղծել կոնֆլիկտային մի իրավիճակ, ինչը հիմք կտար դատավորին որոշում կայացնել դատական նիստը դռնփակ անցկացնելու մասին:
«Ուստի, պաշտպանական կողմը հատարարում է, որ եթե սույն գործով դատարանի նպատակը դա է, ընդամենը կարող են թե´ պաշտպաններին, թե´ մեր պաշտպանյալներին դահլիճից հեռացնել եւ մեղադրողներով ու դատավորով (կամ առանձին-առանձին) կես ժամվա ընթացքում դատավճիռ կայացնել»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել