HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տարին՝ նոր քարտեզով

Այսօր առավոտյան ինտերնետ տիրույթի մասնագետներ, բլոգերներ և մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ հավաքվել էին Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի շենքի մոտ` սկսելու ԶԼՄ-ին քարտեզներ բաժանելու ակցիան հենց քարտեզագրության ինստիտուտի կազմած քարտեզներով: Ակցիայի նպատակն էր` աջակցել դեկտեմբերի 9-ին Արցախի երիտասարդների նախաձեռնությանը` կապված ԼՂՀ-ի քարտեզի սխալ արտացոլման հետ: «Մենք ուզում ենք սատարել մեր արցախցի ընկերներին: Կարելի է հարգել նաև այն մարդկանց հիշատակը, որոնք զոհվել են այդ տարածքներում, և հարգել այն մարդկանց, որոնք այնտեղ ապրում են»,-ասաց ակցիայի կազմակերպիչներից` Երևանի գիտակների ակումբի փոխնախագահ Տիգրան Քոչարյանը: Կազմակերպիչները դեռ վաղ առավոտյան բոլոր ԶԼՄ-ներին ուղարկել են նամակներ: Հավաքվածները բաժանվեցին 6 խմբի: Քարտեզներ, նամակ և DVD սկավառակներ անձամբ փոխանցվեցին ամենաազդեցիկ ԶԼՄ-ին, որոնք իրենց եղանակի թողարկումների ժամանակ օգտագործում են ոչ ճիշտ քարտեզներ: Դրանցից են, օրինակ, «Շանթ» և «Հ2» հեռուստաընկերությունները և մնացած այն լրատվամիջոցները, որոնք օգտվում են Մետեո-TV-ի քարտեզներից: Հետքը նույնպես միացավ քարտեզներ հանձնող խմբերից մեկին: «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությունը երկար հարցաքննեց երիտասարդներին, թե ինչ են ակնկալում նրանք` հանձնելով այդ քարտեզը, վերջապես ծրագրերի ղեկավարը ընդունեց քարտեզը, նամակն ու սկավառակը և խոստացավ փոխանցել ղեկավարությանը: Իսկ ելքի մոտ երիտասարդները հանդիպեցին «Շանթի» մեկնաբան Նվեր Մնացականյանին, որը նույնպես խոստացավ աջակցել երիտասարդներին և անձամբ զբաղվել այդ հարցով: Տիգրան Քոչարյանը կարծում է, որ սխալ քարտեզը տեղեկատվական պատերազմի մի ձև է, որի դեմ պետք է պայքարել. «Զավեշտալին այն է, որ մեր մոտ չգիտեն, իսկ Ադրբեջանում տպագրում են այնպիսի ինֆորմացիա, որ իրենց Տնտեսական զարգացման նախարարը ծնվել է Արևմտյան Ադբեջանի Նոյեմբերյանի շրջանում: Իսկ մենք հանգիստ քնած ենք»: ArmenianHouse.org էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանի խոսքերով, ակցիայի մեկ այլ նպատակն էլ այն է, որ «մեր երկրրի զանգվածային լրատվամիջոցները պատկերեն իրականությունը ԼՂՀ-ի իրական սահմանների հարցում: Հայկական ԶԼՄ-ները, ի վերջո, պետք է նկատեն, որ ազատագրված տարածքում մարդիկ են ապրում, ու պետք է այդ մարդկանց առօրյան էլ նկատել ու ցույց տալ: Անտեսվում է այդ տարածքը, կարծես թե այն գոյություն չունի»: Կարեն Վրթանեսյանը զարմանում է, որ երևանյան հեռուստաընկերությունները սերիալներ են նկարում, բայց չեն կարող մի անձնակազմ գործուղել ազատագրված տարածքներ, որպեսզի Ամանորյա թողարկումների ժամանակ նաև ցույց տան նրանց առօրյան, ինչու չէ՝ նաև շնորհավորանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter