Արամ Աբրահամյան. «Չենք կարող միայն հանգստացնող տեսակետը ներկայացնել»
Այսօր Դե ֆակտո ակումբում «Առավոտ» եւ «Ազգ» օրաթերթերի խմբագիրներ Արամ Աբրահամյանը եւ Հակոբ Ավետիքյանը փորձեցին գնահատել ԶԼՄ-ի դերը Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:
Հակոբ Ավետիքյանը գտնում է, որ մամուլը պիտի շատ ակտիվ լինի հատկապես այդ հարցում եւ գտնում է, որ Մայնդորֆյան հռչակագրից հետո տեղի ունեցած 46 ասուլիսներից որոշներն են միայն, որ արժանի էին լուսաբանման: Խմբագիրը չի ընդունում Ղարաբաղում Սերժ Սարգսյանի ասածը, թե մամուլը թող «հանգստանա». «Ես հանգստանալու որեւէ հիմք չունեմ, քանի որ չեմ տիրապետում հարցի էությանը»:
Հ. Ավետիքյանը հիշեցնում է, որ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ մամուլը ոչ մի տեղեկություն չուներ. «Միայն հիմա է, որ մոտավորապես տիրապետում ենք այդ ինֆորմացիային»: Հ. Ավետիքյանը եւ մեղադրում է պատասխանատուներին, եւ արդարացնում. «Քանի որ բանակցությունները միջազգային միջնորդների մասնակցությամբ է, ուրեմն պայմանավորվածություն կա գաղտնի պահել փաստերը, բայց նման կենսական հարցի դեպքում, երբ ժողովրդի ճակատագրին է վերաբերում եւ նա պետք է իր խոսքը ասի, նման փակ մոտեցումը անընդունելի է»:
Արամ Աբրահամյանի համար էլ մամուլի նկատմամբ մեղադրանքներն անընդունելի են. «Ընդդիմությունը ասում է հարցը վաղը չէ մյուս օրը լուծվելու է, իսկ իշխանությունն էլ ասում է, թե հարցը կարող է մի տաս տարուց լուծվի, այս դեպքում երկու տեսակետն էլ լուսաբանում ենք, չենք կարող միայն հանգստացնող տեսակետը ներկայացնել»: Սակայն Ա. Աբրահամյանին այլ հարց է հուզում` Հայաստանի եւ Ադրբեջանի քարոզչական աշխատանքը: Խմբագիրը փաստում է, որ 1992թ մոտեցումները տարբերվում են. «Երբ ինչ-որ հանդիպում է տեղի ունենում, փորձում ենք իմանալ բանակցությունների գոնե ոչ գաղտնի մասը, մեր պաշտոնյաններն ասում են ոչ մի բառ մամուլի համար, քանի որ պետական գաղտնիք է, իսկ Ադրբեջանում ոչ առաջին դեմքերի մակարդակով սկսում են մեկնաբանել այդ հանդիպումը` առաջ տանելով իրենց քարոզչությունը»:
Խնդիր, ըստ Ա. Աբրահամյանի, առաջանում է, երբ հայաստանյան մամուլը ցանկանում է գրել իրադարձության մասին, բայց չունի պաշտոնական լրատվություն. «Ստիպված անդրադառնում ենք իրենց գնահատականներին, այսինքն իրենց ինֆորմացիան մեր մամուլում գերակշռում է»: Այս է պատճառը, որ հայկական մամուլում Ղարաբաղյան կարգավորման խնդրի շուրջ տեսակետներն ընդհանրական են: Ա. Աբրահամյանը խորհուրդ է տալիս իշխանություններին, որ եթե իրեն ու Հ. Ավետիքյանին չեն վստահում, գոնե վստահելի լրատվական գործակալություններ ունենան, որոնք ինֆորմացիայի արտահոսք կապահովեն:
Հ. Ավետիքյանը վերհիշում է 1996թ, երբ ասում էին, թե «Լեւոնը ծախում է Ղարաբաղը», Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Լեւոն Զուրաբյանը իրեն հրավիրեց նախագահի նստավայր եւ մեկ ժամ հատկացրեց համաձայնագրին ծանոթանալու համար. «Ես ճիշտ եմ համարում այս մոտեցումը, քանի որ այսպես կարելի է խուսափել լրատվամիջոցների թույլ տված սխալներից»:
Իսկ քանի դեռ նման մոտեցում չկա, ըստ «Ազգի» խմբագրի, գրում են «մոտավորապես իրենց խելքին փչածը»: Քարոզչության ոլորտում Հ. Ավետիքյանի բնորոշմամբ տխուր իրավիճակ է տիրում. «Մենք 7-8տարի է ինչ մեր կայքէջում թուրքերեն ինֆորմացիա ենք տալիս, իսկ որեւէ պաշտոնատար անձ երբեք չի հարցրել, թե թուրքերենն ում համար ես գրում»:
Հ. Ավետիքյանը ասում է, որ «Ազգի» թուրքերեն բաժինը հիմնականում հետաքրքրում է Գերմանիայում բնակվող թուրքերին եւ նամակ են գրում ու հայհոյում. «Մենք հիմա ինքնագործունեությամբ ենք զբաղվում քարոզչության ոլորտում»: Հ. Ավետիքյանը իշխանությունների վերաբերմունքի իր բացատրությունն ունի. «Մեր իշխանավորները սիրում են հեռուստացույց, որպես դրա ապացույց` նախագահի հանդիպմանը ԶԼՄ-ի ներկայացուցիչների հետ գերակշռում էին հեռուստալրագրողները»:
Երկու բանախոսներն էլ գտնում են, որ իշխանությունները թերանում են համագործակցության հարցում. «Քոչարյանն առնվազն տարին մեկ անգամ հանդիպում էր, ինֆորմացիա էր փոխանակում, որը պետք չէր հրապարակել, բայց պետք է ի գիտություն ընդունի, իսկ մյուս նախագահները միայն առանձին շփումներ ունեն որոշ լրագրողների հետ»,-ասում է Ա. Աբրահամյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել