Անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ
Վճռաբեկ դատարանը պարզաբանում է "Յոթի գործի" քննության հետաձգումը
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ այսօր Երևանի քրեական դատարանը, քննելով թիվ ԵՔՐԴ-0567/01/08 (62215908) քրեական գործը (ըստ մեղադրանքի Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի և մյուսների` ՀՀ քրեական օրենս•րքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով և մյուս հոդվածներով), կայացրել է որոշում, որով ամբաստանյալներ` Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանի, Մյասնիկ Ժորայի Մալխասյանի, Սասուն Մեխակի Միքայելյանի, Հակոբ Վարդանեսի Հակոբյանի, Գրիգոր Հարությունի Ոսկերչյանի, Սուրեն Ռաֆիկի Սիրունյանի, Շանթ Շահենի Հարությունյանի նկատմամբ կիրառել է դատական սանկցիա` նիստերի դահլիճից հեռացնելը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2008 թվականի դեկտեմբերի 23-ի դատական նիստը սկսելիս դատական նիստի քարտուղարի`"Դատարանը գալիս է` ոտքի" հայտարարությունից հետո ամբաստանյալներից ոչ ոք ոտքի չի կանգնել, դրանով իսկ ամբաստանյալներից յուրաքանչյուրը դրսևորել է անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:
Հիշեցնենք, որ դատական նիստի կարգը սահմանվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314-րդ հոդվածով: Նշված հոդվածը պարունակում է իմպերատիվ նորմ, համաձայն որի` դատավորների դատական նիստի դահլիճ մտնելու պահին դատական նիստի քարտուղարը հայտարարում է` "Դատարանը գալիս է": Դատական նիստի դահլիճում բոլոր ներկա գտնվողները ոտքի են կանգնում, ոտքի չկանգնելը դատավորի կողմից կարող է դիտվել որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314-ի պրիմ հոդվածի համաձայն` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դատարանն իրավունք ունի դատավարության մասնակիցների, քրեական դատավարությանը մասնակցող անձանց և դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառելու դատական սանկցիաներ, ինչպիսիք են նախազգուշացումը, նիստերի դահլիճից հեռացնելը, դատական տուգանքը և պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը: Ընդ որում, նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է հարկադիր կարգով ՀՀ դատական դեպարտամենտի միջոցով: Նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:
Վերոնշյալ որոշմամբ Երևանի քրեական դատարանը հետաձգել է նշված քրեական գործով դատական նիստը մինչև 2008 թվականի դեկտեմբերի 27-ը, ժամը 12:00-ը` պարզաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314-ի պրիմ հոդվածի 6-րդ մասի համաձայն` քրեական գործի քննության ժամանակ մեղադրյալի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացնելու դատական սանկցիայի կիրառման դեպքում նիստը հետաձգվում է մինչև երկու շաբաթ ժամկետով, իսկ տվյալ պարագայում` չորս օրով: Բացի այդ, կալանավորված անձանց համար հետաձգման ժամկետը չի հաշվվում պատժի ժամկետի մեջ:
Հիշեցնենք, որ սույն քրեական գործով նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր` հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314-ի պրիմ հոդվածի 6-րդ մասը: Երևանի քրեական դատարանի կողմից կայացվել էր որոշում, որով դատական նիստերի դահլիճից հեռացվել էր ամբաստանյալ Սուրեն Ռաֆիկի Սիրունյանը` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու պատճառաբանությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել