HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդյունաբերողների ցուցահանդես Գյումրիում

Բիզնեսմենները սարսափում են համաշխարհային տնտեսական ճգնաժամից Երեկ` դեկտեմբերի 23-ին, Գյումրիի Արագած մարզամշակութային կենտրոնում Շիրակի մրցունակության կենտրոն հիմնադրամի նախաձեռնությամբ բացվեց «Շիրակ էքսպո 2008» ամենամյա արդյունաբերողների և ծառայությունների հինգերորդ ցուցահանդես-վաճառքը: Թեև դրան մասնակցելու հայտ էին ներկայացրել թեթև, քիմիական, սննդարդյունաբերության, քարադյունաբերության շուրջ 30 ներկայացուցիչներ, սակայն ակնհայտ էր, որ այն նախորդների համեմատ բավականին աղքատիկ էր: եզ հետ զրույցում մասնակիցներից շատերը դժգոհում էին մանր ու միջին բիզնեսի նկատմամբ պետության խտրական վերաբերմունքից, օլիգարխների` շուկան նվաճելու ու բիզնեսն իրենց ձեռքը կենտրոնացնելու ցանկությունից: Այսպիսի դժգոհություններ հատկապես ներկայացնում էին մարզի կաթնարդյունաբերությամբ զբաղվողները, որոնք այլևս չեն կարող կաթ «հայթայթել» խոշոր ձեռնարկությունների` Շիրակի մարզ թափանցելու պատճառով: Ամասիայի պանրի գործարանի տնօրեն Նորայր Շաբոյանը մեզ հետ զրույցում կաթնամթերքի գների բարձրացումը պարզաբանեց հետևյալ կերպ. «Օլիգարխների ձեռնարկությունները իրենց ճանկերը խրել են բոլոր մարզերը, կաթը տանում են բոլոր մարզերից: Դրա համար կաթի քանակը քչացել է, կաթը թանկացել է: Էսօր Հայաստանում օլիգարխները մանրերին խեղդում են, և եթե պետությունը տեր չկանգնի, չկանխի, հինգ-վեց հոգի իրենց ձեռքը կվերցնեն ամբողջ հանրապետության բիզնեսը: Նոր հարկային օրենսգրքի նախագիծը միջին բիզնեսի համար շատ մեծ առավելություն կլինի, բայց չգիտեմ` հունվարի մեջ ի±նչ փոփոխություններ են լինելու, հունվարին կերևա` կլինի, թե` ոչ: Կառավարությունը շատ լավ քայլի է գնացել այդ նախագծով, եթե, իհարկե, դա թղթի վրա չմնա, եւ օրենքները գործեն: Ես էսօր կաթի ծավալի խնդիր ունեմ, եթե «Աշտարակ կաթը» և մյուս օլիգարխներն են մտել, ա'յ, սրա դեմ է, որ պետությունը պետք է պայքար մղի, այլպես ինչքան ուզում ես գործդ լավ կազմակերպի, փոքրը անուժ է, մեկ է` օլիգարխը խեղդելու է: Եթե պետությունը նորմալ ծրագրեր մշակի, փոքր բիզնեսը շատ արագ կզարգանա, աշխատատեղերը հենց մեր հաշվին են ստեղծվում: Ես, օրինակ, ունեի 24 աշխատատեղ, հիմա կրճատել եւ թողել եմ 8 աշխատատեղ, իսկ սա հիմնականում պայմանավորված է կաթի քանակի անկումով»: Մեկ այլ արդյունաբերող` «Աշոցքի պանրի գործարանի» ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը կաթի գների բարձրացումը կապեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ. «Կաթնամթերքի գների աճը չեմ կարող բացատրել, մեր պարագայում ավելի շատ էն արտադրատեսակների մեջ օգտագործվող նյութերը, որոնք ներկրվում կամ արտահանվում էին, եթե միջազգային շուկաներում դրանց հետ կապված գնային տատանումներ են լինում, դա անմիջապես ազդում է նաև ներսի շուկայի վրա, և այս տեսանկյունից կաթնամթերքի հետ կապված հարցը, իմ կարծիքով, այդ ածանցյալ երևույթներից մեկն է: Այսօր փոքր ու միջին բիզնեսի պահպանման համար կան ոչ հավասար պայմաններ: Ահագին դժվար է պահպանել փոքր ու միջին բիզնեսը, էն ֆիրմաները, որոնք արդեն կայացել են, որոշակի կապեր ունեն, որոշակի մաս գրավել են շուկայում, նրանք մի քիչ ավելի լավ վիճակում են գտնվում, իսկ մեր համար մեծ պրոբլեմ կա` կապված շուկայի փակ լինելու հետ: Այսինքն` ըստ էության, մեր շուկան սահմանափակ է, իսկ փակ շուկայում բիզնես զարգացնելը բավականին պրոբլեմային է»: ՄԵր զրուցակիցների կարծիքով` համաշխարհային տնտեսական ճգնաժամը իրենց բիզնեսի վրա կազդի այնքանով, որքան կպակասեն արտերկրից Հայաստան ուղարկվող գումարների չափը: Իսկ սրա պատճառով հնարավոր է փակվեն հենց իրենց ձեռնարկությունները, որովհետև իրենք անմիջականորեն կախված են ժողովրդից: Հակառակ այս կարծիքների` «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման Ազգային կենտրոն»-ի Շիրակի մասնաճյուղի տնօրեն Արթուր Զաքարյանի կանխատեսմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստան չի թափանցելու, քանի որ մեր պետությունը պատրաստ է դիմակայելու դրան: Եվ առհասարակ, ըստ այս նրա` շիրակցի բիզնեսմենների վիճակը շատ լավ է, դժգոհություններ գրեթե չկան, պետությունը բիզնեսմեններին յուրահատուկ ձևով աջակցում է: Մենք հետաքրքվեցինք, թե ի±նչ ահազանգեր են հնչում վերոհիշյալ կենտրոնի թեժ գծով: «Ահազանգեր եղել են, բայց էդ կարգի ահազանգեր չեն եղել, որ հարցը տեղափոխվի այլ ատյաններ, եթե ինչ-որ հարցեր եղել են, մենք հարկայինի աշխատողների հետ կարգավորել ենք, և գործարարները պրոբլեմ չեն ունեցել: Խնդիրներ են եղել հաշվետվությունների հանման հետ կապված, վարչական քաշքշուկների հետ կապված, օրինակ` ասենք պետք չէր ստուգումներ անցկացնել ինչ-որ տեղ, բայց ինքնագլուխ անցկացրել են, հարկայինի պետը տեղյակ չի եղել: Մենք տեղկացրել ենք, եւ հարկայինի պետը կասեցրել է: Այս կարգի խնդիրներ են: Իսկ տնտեսական ճգնաժամը չէի ասի, որ զգացվում է մեր մարզում: Այն Ռուսաստանում չի զգացվում, ուր մնաց Հայաստանում, ես կասեի, որ այն փոքր ու միջին բիզնեսի վրա չի էլ ազդի: Ես` որպես էս գործին աջակցող կառույցի ղեկավար, ուղղակի տեղյակ եմ, որ պետությունը շատ լավ միջոցներ է նախատեսել փոքր բիզնեսի համար, մոտ երեք հարյուր միլիոն դոլարին համարժեք դրամ, այսինքն` եթե բանկերը ինչ-որ տեղ վարկավորումը կասեցնեն իրենց ծրագրերով, ապա փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի ծրագրերով վարկավորումը կկատարվի ավելի ցածր տոկոսադրույքներով և երեք տարի ժամկետով, պետությունը գումարները տրամադրել է, և մենք մինչև էսօր էլ որևէ պրոբլեմ չենք ունեցել, ներսում ճգնաժամ չի նկատվում, չեմ էլ սպասում»,- ասաց Արթուր Զաքարյանը: Նկատենք, որ որոշ բանկերի ներկայացուցիչներ համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում արդեն իսկ կանխատեսում են հայկական փոքր բանկերի միաձուլում խոշոր բանկերի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter