HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը շարունակում է դասվել ծերացող երկրների շարքում

Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի մեկի դրությամբ բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3. 235. 000: Ըստ Կ. Կույումջյանի նախորդ տարվա համեմետությամբ Հայաստանում բնակչությունը աճել է 8.300-ով. «Բնակչության թվի աճը պայմանավորված է նրանով, որ բնակչության հավելաճի ցուցանիշում արձանագրվել է մոտ 8%-ով աճ և միևնույն չափով նվազել է միգրացիայի մնացորդը, այսինքն հաշվառման կանգնած և հաշվառումից դուրս եկած բնակչությունների տարբերությունը»: Տիկին Կույումջյանը նշեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում հաշվառման են կանգնել 7512 և հաշվառումից դուրս են գրվել 11795 մարդ, այսինքն միիգրացիայի մնացորդը կազմել է -4283 մարդ: Կ. Կույումջյանի հրապարակած տվյալների համաձայն բնակչության 67.2%-ը կազմում է աշխատունակ բնակչությունը, 20,8%-ը աշխատունակ տարիքից ցածր բնակչությունը և 12%-ը աշխատունակ տարիքից բարձր բնակչությունը: Ըստ Կ. Կույումջյանի Հայաստանը դասվում է ծերացող երկրների շարքը, քանի որ ՄԱԿ-ի սահմանած ցուցանիշերով երկիրը համարվում է ծերացող, եթե 65 և դրանից բարձր տարիքի բնակիչների տեսակարար կշիռը կազմում է 7%ից ավելի, իսկ մեզ մոտ այդ ցուցանիշը 10% է: Կ. Կույումջյանի խոսքերով դրա պատճառներից մեկը ծնելիության նվազումն է , քանի որ աշխատունակ բնակչությունից ցածր տարիք ունեցող բնակչության թիվը պակասել է: Այս տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 29823 ծնունդ, որը 3.1 տոկոսով ավելի բարձր է անցյալ տարվա համեմատ և 20532 մահացության դեպք նախորդ տարվա 20307 դեպքի համեմատ: Կարինե Կույումջյանը տեղեկացրեց նաև, որ ամեն մի կնոջ ընկնում է 1.4 երեխա, այն պարագայում երբ պարզ վերաարտադրության համար պետք ամեն կնոջ ընկնի 2.14 երեխա: Սրա պատճառը այն է , որ այս տարի 51 % են կազմել այն կանայք, ովքեր ունեցել են առաջին երեխային,30-35 % են կազմել 2-րդ երեխա ունեցողները, իսկ 3-4-րդ երեխաներ ունեցողների թիվը կազմում է ընդամենը 12 %: Կ. Կույումջյանն ասաց նաև, որ չնայած ծնվածների 53%-ը տղաներ են, այսինքն մինչև մեկ տարեկան 1000 տղա երեխաներին բաժին է ընկնում 832 աղջիկ երեխա, այն դեպքում դեպքում երբ ամբողջ բնակչության ցուցանիշում 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1067 կին, իսկ 65 տարեկանից բարձր տարիքային խմբում 1000 տղամարդուն բաժին է ընկնում 1508 կին: Կյանքի սպասվող միջին տևողությւոնը տղամարդկանց մոտ 70 տարեկանն է, իսկ կանանցը 76 տարեկանը: Տիկին Կույումջյանն անդրադարձավ նաև ամուսնության և ամուսնալուծությունների ցուցանիշներին` նշելով, որ ամուսնությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 1.9%-ով ` կազմելով 13616 դեպք, իսկ 2008-ին գրանցվել է ամուսնալուծության 2274 դեպք: Այս դեպքում նույնպես աճ կա անցյալ տարվա համեմատությամբ 5.1%-ով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter